Պատգամ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՀՈՒՆՎԱՐ 6

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Եթէ մէկը Քրիստոսի մէջ է, նա նոր արարած է» (Բ Կորնթ. Ե 17):

Սիրելի բարեպաշտ հաւատացեալներ,

Այսօր տօն է Սուրբ Ծննդեան, տօն է Աստուածայայտնութեան մեր Տիրոջ եւ Փրկչի` Յիսուս Քրիստոսի: Մեծ ու սքանչելի է խորհուրդը, որը մենք վերստին ապրում ենք այսօր: Նոր Արքայ ծնուեց Բեթղեհէմում` յանուն նորոգ մարդու եւ նոր աշխարհի, քանզի «եթէ մէկը Քրիստոսի մէջ է, նա նոր արարած է»:

Հայոց Բեթղեհէմից, լոյս խորանից Սուրբ Էջմիածնի, հոգենորոգ զգացումներով եւ բերկրանօք բերում ենք ձեզ մեծ աւետիսը, որը շուրջ երկու հազար տարիներ առաջ հովիւներին տուեցին հրեշտակները. «Այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է» (Ղուկ. Բ 11):

Հովիւները պարզ ու մաքուր սրտով Բեթղեհէմի մսուրում ճանաչեցին ու երկրպագեցին Մանուկ Փրկչին, իմաստուն մոգերը ընծաներ մատուցեցին` ծնրադրելով Նրա Աստուածութեանը, Թագաւորութեանն ու Քահանայութեանը:

Փրկչի գալուստը` նախապէս վկայուած մարգարէների միջոցով, աւետուեց բոլորին, բայց բոլոր սրտերում չէ, որ Աշխարհի Փրկչի, Նոր Արքայի ծնունդը ցնծութեամբ ընդունուեց: Մանուկ Յիսուսին սպանելու նպատակով Հերովդէսը կոտորել տուեց Բեթղեհէմի մանուկներին: Այո, սիրելիներ, Աստուածորդու մարդեղացումն ու ծնունդը նոյնիսկ, ուղեկցուեց աստուածպաշտութեան եւ սպանութեան, խաղաղութեան ու պատերազմի իրողութիւններով, որոնք Աբելից եւ Կայենից սկսած զուգահեռ ընթացքով դրսեւորուում են մարդկութեան պատմութեան մէջ: Բեթղեհէմի մսուրում ծնուած Մանուկը եկաւ փոխելու աշխարհի այդ ընթացքը Նոր Ուխտի հաստատումով եւ Իր արեան յեղումով. «Ա°յս է Նոր Ուխտի իմ արիւնը, որ կը թափուի շատերի համար» (Մարկ. ԺԴ 24),- ասաց Քրիստոս: Փրկիչը եկաւ ազատելու մարդուն չարի որոգայթներից, մեղքի ու մահուան կապանքներից եւ աստուածային Իր զօրութեամբ վերականգնելու նրան դրախտային երանական իր փառքի մէջ: Քրիստոս նոր կեանք բերեց աշխարհին` վերածնուած, նորոգուած հոգու կեանքը, որով մարդկութիւնը պիտի ընթանար դէպի Աստուած: «Հագէ°ք նոր մարդը,- պատգամեց առաքեալը,- նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու` արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ» (Եփ. Դ 24):

Մարդկութեանն ուղղուած նորոգուելու եւ կատարելագործուելու կոչը, սակայն, ամբողջապէս վերջ չդրեց հին մարդու, հին հասկացութիւնների գոյութեանը, եւ չվերացաւ չարիքն աշխարհից: Այսօր էլ յաճախ նոր մարդու կերպարի ներքոյ գործում է հին մարդը, Քրիստոսին երկրպագող հովիւների եւ մոգերի բարեպաշտութեան կողքին տեղ է գտնում նաեւ Հերովդէսի չարագործութիւնը: Կեանքի առաջագնաց պայմաններով, հնարաւորութիւններով ու կարողութիւններով յատկանշուող արդի աշխարհը դեռ ամոքուած չէ թշուառութիւններից, արհաւիրքներից ու պատերազմներից, ամոքուած չէ կեղծիքից, նախանձից ու ատելութիւնից: Մարդը բարձրացաւ տիեզերք, բայց որքա°ն է բարձրացել իր ներաշխարհի տիեզերքում: Գիտական մտքի զարգացումը նպաստել է կեանքի բարօրութեանը, բայց որքա°ն կատարելագործել է նաեւ պատերազմի զէնքերը: Արդարեւ, գիտատեխնիկական արդի նուաճումները, ժողովրդավարութիւնը, անհատի եւ ազգի իրաւունքներն ու ազատութիւնները գերակայ արժէքներ հռչակած գաղափարախօսութիւնները անբաւարար եղան պատասխաններ տալու մարդկութեան առջեւ ծառացող խնդիրներին ու մարտահրաւէրներին եւ անբաւարար պիտի լինեն, եթէ Աստուած չի բնակուում մեր մէջ, եթէ Աստուած չի գործում մեր կեանքում, եթէ չի կարեւորուում հոգեւորը, հաւատքն ու սրբութիւնը, այլ, նոյնիսկ, ծաղրուում է: Ունայն պիտի լինեն խաղաղութեանը, արդարութեանն ու մարդասիրութեանը ուղղուած ջանքերը, եթէ նախ Աստուծոյ բարերար Կամքը եւ Փրկութեան Շնորհը չենք հայցում, միմեանց սիրելու աստուածադիր պատուիրանը չենք կատարում:

«Սէրը երբէք չի անհետանում, թէ մարգարէութիւններ են, պիտի չքանան, թէ լեզուներ, պիտի լռեն, թէ գիտութիւն, պիտի անցնի, քանզի շատից քիչը գիտենք եւ շատից քիչն ենք մարգարէանում» (Ա Կորնթ. ԺԳ 8-9),- ասում է առաքեալը: Մարդկային ամեն գիտութիւն շատից քիչն է եւ ժամանակի մէջ փոխուել ու փոխուելու է, բայց սէրն է, որ երբէք չի անհետանում, սէրը միշտ նոյնն է` կատարեալ, «չար բան չի խորհում, անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ»: Մենք բոլորս` ազգեր եւ ժողովուրդներ, մէկ սուրբ եւ կենարար ժառանգութիւն ունենք` Աստուծոյ սէրը արարածներիս հանդէպ: Աստուած սիրում է մեզ բոլորիս անկախ որեւէ պատկանելութիւնից, անկախ ազգութիւնից, համոզմունքից, սեռից ու տարիքից: Կատարեալ այդ սիրոյ վկայութիւնը Փրկչի Յայտնութիւնն է աշխարհում: Սիրոյ նոյն ոգով առաջնորդուելով միայն մարդկութիւնը պիտի կարողանայ նոր լինել` նորացնելով նաեւ աշխարհը: Մենք` քրիստոնեաներս, խոստումն ու հաւատն ունենք, «եթէ մէկը Քրիստոսի մէջ է, նա նոր արարած է»:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց, ուրախութեամբ ու երախտագիտութեամբ ընդունենք մեր փրկութեան պարգեւը` Մարդացեալ Աստուածորդուն: Նրան ապաւինած` որպէս նոր մարդ` արդարութեամբ ու եղբայրսիրութեամբ կառուցենք նոր կեանքը Հայաստանի եւ Արցախի, հայրենաշունչ, ամուր ու յոյսով լեցուն պահենք ազգային կեանքը Սփիւռքում: Փրկչի հետ չպիտի երկնչենք դժուարութիւններից ու խոչընդոտներից, եւ մեր ջանքերը իզուր չպիտի լինեն, այլ քաղցրահամ արդիւնքներ պիտի բերեն մեր Հայրենիքին եւ վերազարթօնք ապրող Սփիւռքին: Համազգային միասնութեամբ մեր Տիրոջ ազատարար սիրով պիտի պաշտպանենք Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու արդար իրաւունքը եւ նորոգեալ հաւատով պիտի մարմնաւորենք եւ կեանքի կոչենք մեր բոլոր իղձերը, գալիքի մեր յոյսերը: Արդ, անաղարտ պահենք առաքելական սուրբ հաւատքը մեր հայրերի եւ նրանց օրինակով ստեղծենք մնայունն ու յարատեւը:

Մեր Տիրոջ եւ Փրկչի Սուրբ Ծննդեան տօնի հոգենորոգ առիթով Քրիստոսաւանդ սիրով եղբայրական ողջոյն ենք յղում Քոյր Եկեղեցիների հոգեւոր պետերին, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռների Գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆեանին: Հայրապետական Մեր օրհնութիւնն ու սէրն ենք բերում մեր Եկեղեցու ուխտապահ հոգեւոր դասին եւ ի սփիւռս աշխարհի համայն մեր ժողովրդին:

Սուրբ Ծննդեան աւետիսով Մեր ողջոյնն ենք բերում Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարեանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Տիար Արկադի Ղուկասեանին, հայոց պետական ողջ աւագանուն, Հայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, աղօթենք Նորածին Փրկչի սնարի առջեւ, որ Իր ամենառատ շնորհներով նորոգուեն մարդկային հոգիները եւ ողորմութեան, խաղաղութեան, արդարութեան ու ճշմարիտ եղբայրսիրութեան ճանապարհներով ուղղորդուի ժողովուրդների կեանքը:

Հայցենք, որ Փրկիչ մեր ՏԷրը հաւատով զօրացեալ պահպանի մեր ժողովրդին եւ օրհնի մեր գործերն ու ջանքերը` ի փառս Իր Սուրբ Անուան, ի սէր եւ ի բարօրութիւն հայրենի մեր երկրի ու աշխարհասփիւռ ազգիս եւ ի պայծառութիւն մեր Սուրբ Եկեղեցու. ամէն:

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս