Պատգամ Սուրբ Հարության տոնին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Հարության տոնի առիթով

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ԱՊՐԻԼ 16

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Զի որպէս յարեաւ Քրիստոս ի մեռելոց փառօքն Հօր, նոյնպէս եւ մեք ի նորոգումն կենաց շրջեսցուք» (Հռ. Զ. 4):

 Սիրելի բարեպաշտ հայորդիներ.

Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով բերկրաշատ հոգով վերստին ողջունում ենք ձեզ` աշխարհասփյուռ մեր բոլոր զավակներին, «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով, եւ կրկնում առաքյալի հորդորական խոսքերը. «Ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես եւ մենք քայլենք նոր կյանքով» (Հռ. Զ. 4):

Աստծո շնորհի, փրկության հույսի ուրախությունն է համակել այսօր մեր հոգիները: Այսօր հրեշտակաց դասերը մեզ խնդակից` տոնախմբում են մահվան պարտությունն ու կյանքի հաղթանակը:

Աստվածամայրը, որ Խաչի մոտ ողբում էր Որդու կորուստը, Տերունական Հարությամբ մխիթարյալ բերկրում էր շնորհառատ այս օրը:

Աշակերտները, որ վախեցած փախչում էին` միայնակ թողնելով իրենց սիրելի Վարդապետին, այս օրը Հարության հավատով զորացած` Հարության ավետաբերները դարձան` Քրիստոսի Ավետարանի լույսով աշխարհը լուսավորելու:

Մարդկության պատմության այս շրջադարձից երկու հազարամյակներ հետո նույն մխիթարությունն ու ուրախությունն է պարգեւում Քրիստոսի հրաշափառ Հարությունը ապրողներիս, որով շնորհն ունենք անցնելու մահվանից դեպի կյանք, խավարից դեպի լույս: Այսօր էլ ազգերի եւ ժողովուրդների համար հույժ այժմեական են առաքյալի խոսքերը. «Ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես եւ մենք քայլենք նոր կյանքով»: Աշխարհը դեռ չի կարողանում կատարելապես իրագործել այս պատգամը` քայլելու նոր կյանքով` խաղաղության, համերաշխության, սիրո ու եղբայրության ճանապարհներով: Այսօր էլ բազմաթիվ մարդիկ եւ ժողովուրդներ Հարության տոնը դիմավորում են խռովքների ու անհանգստությունների, դժվարությունների ու հոգսերի, պատերազմական վտանգների մեջ: Աշխարհը փոթորկված է ավետարանական դրվագի նմանությամբ, բայց մարդիկ չեն շտապում դիմել առ Տերը, ինչպես առաքյալները, ովքեր խնդրեցին իրենց Վարդապետին` խաղաղեցնելու փոթորիկը: Այսօր վերստին հնչում է «Խաղաղություն ձեզ» (Հովհ. Ի. 19) ողջույնը Հարուցյալ Փրկչի, որ ցույց տվեց իր վերքերն ու խոցված կողը` աշխարհը հավատքի բերելու համար, մինչ աշխարհը իր վերքերը ցույց է տալիս Աստծո դեմ բողոքելու եւ Աստծուց հեռանալու համար:

Մարդկության առջեւ ծառացած հիմնախնդիրներին հանդիման Հարության տոնը նոր ներշնչումի, հավատքի զորացման, ըստ առաքյալի խոսքի` նոր կյանքով քայլելու շնորհառատ աղբյուր է, որը զորացնում է դժվարին կացությունները դիմագրավելու, խաղաղությունը, հույսն ու սերը մարդկային կյանքում հաստատելու: Բոլոր ժամանակներում, նաեւ մեր օրերում մարտահրավերներին ընդառաջ ելնելու, ընկերային-քաղաքական դիմակայությունները կանխելու, պատերազմական արհավիրքները հաղթահարելու համար բավական չեն սոսկ նյութական միջոցներն ու հնարավորությունները, զուտ աշխարհային ըմբռնումներն ու գործելակերպերը: Այսօր խաղաղ, արդար ու մարդասեր աշխարհի համար պիտի զինվել հոգեւոր սպառազինությամբ, քան մահաբեր զենքերով: Պիտի վերցնել խաչը եւ գնալ Տիրոջ ետեւից, իրագործել բարին նույնիսկ արգելքների մեջ, երկրպագել Խաչվածին անգամ խաչված լինելով, հոգու եւ հոգեւորի քարանձավից տեղաշարժված տեսնել քարն անհավատության:

Մարդկային հոգու հարակա արդար ձգտումն է խաղաղությունը, որը ճշմարտապես իրական ու անխափան պիտի լինի այն գիտակցությամբ, որ երկնային Հոր հայացքի ներքո մարդիկ եղբայրներ են` կոչված հարուցյալ կյանքի շնորհներն ու պարգեւները հավելելու աշխարհում: Աշխարհի մեջ Աստծո ներկայության հավատով մարդկային հոգին պիտի գտնի իր մշտանորոգ զորությունը մերժելու համար չարը, բռնությունն ու ատելությունը: Աստվածսիրությամբ ու մարդասիրությամբ տեղ չպիտի գտնեն միմյանց հոգեւոր արժեքներն ու սրբությունները վիրավորելու դրսեւորումները, որ ամիսներ արդեն շարունակում են հուզել աշխարհը, եւ լսելի պիտի դառնա աղաղակող արդար բողոքը Նախիջեւանում հիմնովին ոչնչացված հազարավոր հայկական խաչքարերի, որոնք մշակութային հնագույն արժեք էին եւ մշտամորմոք աղոթք, սիրո վկայություններ առ Աստված ու մարդիկ: Զատկական այս նվիրական օրը Մենք աղոթում ենք, որ Աստված Ճշմարտության Իր Հոգով զորացնի մարդկանց ու ժողովուրդների կամքը` դատապարտելու միմյանց հոգեւոր արժեքները անարգելու եւ միմյանց իրավունքը ոտնահարելու արարքները, քայլերն ու ձգտումները եւ միշտ ընթանալու դեպի Աստծո տեսության լույսը, դեպի աստվածաստեղծ խաղաղ, արդար, բարեգործ աշխարհ:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ.

Մենք էլ կոչվեցինք տեսնելու Քրիստոսի Հարության արշալույսը: Առ Փրկիչն հավատի զորությունը, հույսն ու խնդությունը կյանք տվեցին մեր ժողովրդի ձգտումներին, մեր մշակույթին ու առաջնորդեցին մեր պատմության ընթացքը: Եղերական ճամփաներով անցնելով, մեր ժողովուրդը միշտ հավատաց Քրիստոսի հետ իր հարուցյալ նոր կյանքին, իր վերածննդին: Իրականություն են այսօր մեր պետականության վերահաստատումը եւ մեր ժողովրդի ազատ կյանքը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Հայրենի եզերքներում եւ Սփյուռքում համայն մեր ժողովուրդը ապրում է նոր հույսերով ու իղձերով, հավատով, որը դարերով, անստվեր ու անմայրամուտ սփռվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, մեր եկեղեցիների լուսո խորաններից: Թող առ Քրիստոս հավատն ու հույսը շարունակի բաբախել մեր սրտի զարկերակներում` դառնալով զորություն կառուցելու մեր հայրերի երազած շեն ու բարգավաճ երկիրը, պայծառ պահելու ազգային-եկեղեցական մեր կյանքը, վառելու լույսերը գալիքի, ինչպես նաեւ նեցուկ եւ օգնական լինելու ամենքին` խաղաղության, ազատության ու արդարության իղձերի իրականացման ճանապարհներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների Աթոռից, Լուսավորչի Գահից եղբայրական սիրով Զատկական ողջույն ենք հղում Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք  Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին եւ Հայրապետական Մեր օրհնությունը` մեր Եկեղեցու ուխտապահ ողջ հոգեւոր դասին ու սիրեցյալ համայն ժողովրդին:

Ի Քրիստոս սիրով ողջունում ենք Քույր Եկեղեցիների հոգեւոր Պետերին` հայցելով Փրկչի առատ շնորհները իրենց հոգեւոր խնամքին հանձնված Քրիստոսասեր հոտին:

Մեր ողջույնն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Արկադի Ղուկասյանին, հայոց պետական ողջ ավագանուն, արվեստի, գիտության ու կրթության նվիրյալ մշակներին, հասարակական ու քաղաքական հայրենաշեն գործիչներին, մեր հայրենյաց պաշտպան քաջարի զորականներին ու զինվորներին: Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, որոնց գործունեությամբ զորանում եւ ամրապնդվում են մեր երկրների բարի հարաբերությունները:

Քրիստոսի Սուրբ Հարության շողերով նորոգված է մեր հավատը եւ նոր կյանքով քայլելու մեր հույսը: Աղոթենք միասնաբար, որ Աստված առաջնորդի մարդկանց ու ժողովուրդներին ամրապնդելու խաղաղության, արդարության, սիրո ու եղբայրության ճանապարհները, միշտ նորոգվող, վերածնվող ու հարուցյալ կյանքի ճանապարհները: Թող Տերը միասնական ու հավատով զորացյալ պահպանի ազգս հայոց ի Հայաստան, հԱրցախ եւ ի Սփյուռս` հանուն մշտնջենավոր փառքի Ամենասուրբ Երրորդության` Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու: Ամէն:

 

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի