Ամենայն Հայոց Կաթողիկոս
Պատգամ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՀՈՒՆՎԱՐ 6
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Տեսէք, որպիսի սէր շնորհեաց մեզ Հայր,զի որդիք Աստուծոյ կոչեսցուք մեք» (Ա Հովհ. Գ 1):
Սիրելի բարեպաշտ հայորդիներ.
Աստվածահայտնության սքանչելատես խորհրդի առջեւ վերստին կանգնած` հուսառատ ու բերկրաշատ հոգով ողջունում ենք ձեզ եւ աշխարհասփյուռ մեր բոլոր զավակներին «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» ավետիսով եւ կրկնում առաքյալի խոսքը. «Տեսեք ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծո որդիներ»:
Աստծո սիրով միավորվել են երկինքն ու երկիրը: Աստծո ողորմությամբ երկինքն է բացված: Աստղի պայծառ լույսն է Բեթղեհեմից վեր, լույսերի հետ` օրհներգություն հրեշտակների, որ լցնում են պարզ մսուրը, որտեղ իմաստուն մոգերն ու մաքրասիրտ հովիվները խոնարհվում են մանկացյալ Աստվածորդուն: Խնդություն է, հույսի ավետում, քանզի ծնվել է Փրկիչն աշխարհի:
Փրկչի հայտնության ավետիսը քարոզվում է երկու հազարամյակ` ուսուցանելով ի լրումն ժամանակի մարդու փրկության համար Աստծո Միածին Որդու մարդեղանալու, աշխարհ գալու եւ մարդկանց մեջ բնակվելու մասին: Նրանով մարդկային բնությունը միավորվեց աստվածայինին: Ով հավիտյաններից առաջ է, մտավ ժամանակի մեջ, որպեսզի բացահայտի պատմության եւ մարդկային կյանքի իմաստը, եւ լինի նոր մարդ ու նոր աշխարհ, հավատարիմ ու հարազատ` Աստծո սիրող, արարող եւ օրհնող էությանը. «Նրանով ճանաչեցինք Աստծո սերը մեր հանդեպ», Աստծո փրկարար կամքը: Ի՞նչ ունի պատասխանելու մարդը այս շնորհին, բացի հավատարմությունից: Ի°նչ ունի կառուցելու ավելին, քան իր հոգու մեջ տաճար Աստծո:
Աշխարհի անցուդարձի մեջ մենք հաճախ դժվարանում ենք լսել Աստծո ձայնը, դժվարանում ենք տեսնել Տիրոջ ճշմարիտ դեմքը եւ հաճախ ավելի ապավինում ենք մարդկային մեր ուժերին, որ միշտ տկար են առանց Աստծո: Ավելի ապավինում ենք տարբերակելու, գնահատելու մեր ունակությանը, որ անկատար է առանց Աստծո: Առանց Աստծո նյութապաշտությունն է իշխում սրտերին, ատելությունն է հաղթանակում եւ առաջնորդում մարդկանց գործողությունները: Այսօր էլ խաղաղությունը վտանգված ենք տեսնում շատ տեղերում, արհամարված են մնում մարդկային իրավունք, ազատություն ու արդարություն, մրցավազքերի ճանապարհներին մարդը հեռանում է մարդասիրությունից, աշխարհը` իր Արարչից:
Այսօր Աստծո հայտնության, մարդկանց մեջ ներկայության, աշխարհի փրկության Սուրբ Ավետիսն է հնչում: Շնորհն ունենք ժառանգակից լինելու մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Ով գալիս է խաղաղությամբ, արդարությամբ, ողորմությամբ, որպեսզի չցամաքի սերն այս աշխարհից, գալիս է աստվածային զորությամբ` անվախճան լույս սփռելու եւ կյանք: Աստծո հետ է կենդանությունն ու հավերժությունը, բարին ու բարիքը: Նա է Տերը, եւ հայրակամ տնօրինությամբ դեպի փրկություն է առաջնորդում տիեզերքը: Նրանն է իշխանությունը, որ այսօր վերստին Սուրբ Ծննդյան խորհրդով երեւում է մեզ փառքով ու զորությամբ: Լրացել է ժամանակը: Փրկության շնորհով թագադրված է տիեզերքը, աստվածային սիրով ու սրբությամբ նորոգված է մարդկային կյանքը: Արդ, ամենը, ինչ խորհում ու գործում է մարդը, սիրով թող լինի, Աստծո համար լինի, եւ կլինի աշխարհի խաղաղության ու շինության համար եւ կլինի մարդկանց ուրախության ու երջանկության համար` արժանի Տիրոջ գովասանքի խոսքին ու գնահատանքին. «քաղցած էի, եւ ինձ կերակուր տվեցիք, ծարավ էի, եւ ինձ ջուր տվեցիք խմելու, օտար էի, եւ ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, եւ ինձ հագցրեցիք, հիվանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք ... քանի որ իմ այս փոքրիկ եղբայրների համար արեցիք, ինձ համար արեցիք» (Մտթ. ԻԵ 35-40):
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց, «Անհասանելի Աստծո անընդմիջելի մերձավորության» այսպիսի վստահությամբ մեր հայրերն ապրել են, ստեղծել են հավատով ու հաղթանակել հավատով: Փրկչին ապավինած` խավարների մեջ լույս ենք գտել, մահերից` վերածնունդ: Դարեր, ձիգ դարեր օտարների ասպատակություններից, կեղեքումներից ու ջարդերից հալածական ու աշխարհով մեկ սփռված` հավատով միասնական ենք մնացել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու թեւերի ներքո` հոգու մեր հայացքը միշտ ուղղած դեպի Արարատի շուրջ տարածվող հայրենի մեր երկիրը բիբլիական: Մեր հավատի մարմնավորումն են այսօր Հայաստանի պետական անկախությունը, Արցախի ազատությունը եւ Սփյուռքի կյանքում ազգային ու հոգեւոր նորազարթոնքը: Հավատով ձեռքբերվածը հավատով պիտի պահպանենք, ամրապնդենք եւ զարգացնենք` սիրով, միաբանությամբ: ճանապարհ ունենք դեռեւս անցնելու: Պատվիրանասիրությամբ, քրիստոնեական բարոյականով ու արժեքներով ընթանանք դեպի մեր ժողովրդի միացյալ, վստահությամբ լեցուն ու լուսավոր գալիքը, դեպի նոր օրը մեր Հայրենիքի, որպեսզի մեր կյանքում իրողություն դառնա ավետարանական ճշմարտությունը. «Եթե սկիզբը սուրբ է, սուրբ է եւ զանգվածը, եւ եթե արմատը սուրբ է, ապա եւ` ոստերը» (Հռոմ. ժԱ 16):
Այսօր գոհության մաղթանք եւ օրհներգություն ենք մատուցում Մարդացյալ Աստվածորդուն, որ փրկության աստվածային շնորհին ու հույսին ապավինած ազգս` ցեղասպանությունից վերածնված, անկախ պետականությունը վերականգնած` իր ներդրումն է բերում պետությունների ու ժողովուրդների բարի հարաբերություններին ու համագործակցությանը եւ տարբեր ազգերի ու մշակույթների կողքին մասնակից է մարդկության խաղաղ, ստեղծագործ կյանքին:
Շնորհանորոգ այս օրը հայցում ենք, որ Փրկիչն ու Տերն ամենայնի բարօրության ու հոգեւոր պայծառության մեջ պահի մեր ժողովրդին, հաղթությամբ պսակի Արցախի ազատ ապրելու իրավունքը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման արդար պահանջը: Աղոթում ենք, որ ամենախնամ իր զորությամբ անփորձանք պահպանի աշխարհը համայն, բոլոր ժողովուրդներին, հեռու` աղետներից, աղքատության չարիքից, պատերազմի ու ահաբեկչության արհավիրքներից ու սարսափներից եւ օրհնի ժողովուրդների բոլոր ջանքերը աստվածսիրության ճանապարհներին, ուր հույսն է գալիքի եւ բարիքը մարդկության:
Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից` Հայոց Բեթղեհեմից, եղբայրական սիրո Մեր ողջույնն ու բարեմաղթանքն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին« Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ© Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին« Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին եւ մեր Եկեղեցու ուխտապահ հոգեւոր ողջ դասին:
Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսով ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում հայոց պետական ավագանուն` գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարյանի: Մեր օրհնությունն ու ողջույնն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Արկադի Ղուկասյանին եւ պետական այրերին: Օրհնում ենք Հայրենիքի պաշտպաններին, գիտության, կրթության, մշակույթի ու արվեստի գործիչներին, եկեղեցական վարչությանց անդամներին ու հավատավոր մեր ողջ ժողովրդին:
Ի Քրիստոս սիրով ողջունում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:
Ավետիս է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության: Ավետիս է կյանքի նորոգության ու փրկության: Աղոթենք միասին, որ Աստծո կենդանարար Հոգին բոլոր մարդկանց հետ լինի, եւ հավելի ու առավել եւս հավելի հավատ եւ հույս, մխիթարի նեղությունների մեջ, զորացնի դժվարությունների մեջ, պահպանի հաստատուն ու հավատարիմ աստվածասեր ճանապարհներին: Եվ թող այս աշխարհում միշտ օրհնյալ լինեն ու առատ պտուղներ տան խաղաղությունը, ժողովուրդների եղբայրությունը, մարդկանց մեջ սերն ու հաճությունը:
Սեր է շնորհել մեզ Հայրը, որպեսզի Աստծո որդիներ կոչվենք: Մնանք աստվածապարգեւ շնորհի մեջ, եւ բարին ու խաղաղությունը Հայր Աստծուց եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից կլինի մեզ հետ այժմ եւ հավիտյանս. ամեն:
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս