Պատգամ Սուրբ Հարության տոնին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամ Սուրբ Հարության տոնին

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ԱՊՐԻԼ 11

«Քաջալերեցարուք, Ես եմ, մի երկնչիք» (Մարկ. Զ. 50):

Սիրելի ժողովուրդ.      

Այսպես դիմեց Քրիստոս Իր աշակերտներին, ովքեր բաց ծովում նավակի մեջ էին` ուժգին քամուց ու ալեկոծումից անհանգիստ ու վախեցած: Եվ տեսան Հիսուսին, որ ալիքների վրայով մոտեցավ ու մտավ նավակ: Ես եմ,– ասաց,– քաջալերվեցեք ու մի վախեցեք: Նույն պահին քամին դադարեց: Մահաշունչ տարերքը փոխվեց խաղաղության, եւ կյանքը շողաց տագնապած հոգիներին:

Նավակի մեջ Տիրոջով կյանքն իսկ էր նրանց կողքին, բայց դեռ չէին ճանաչում: Դեռ շատ էին քայլելու իրենց Վարդապետի հետ, տեսնելու էին անթիվ բժշկություններ, լսելու էին Նրան, նաեւ` այն մասին, որ չարչարվելու է ու մահվան մատնվելու: Վախեցած ու հուսահատ` դեռ տեսնելու էին գերեզմանը, ուր դրել էին իրենց խաչյալ Վարդապետին: Դեռ պիտի տեսնեին Նրան` Հարուցյալ իրենց մեջ կանգնած, կրկին լսեին «Ես եմ, մի վախեցեք» Տերունական պատգամը: Այդժամ պիտի բացվեր նրանց մտքերը, եւ պիտի ճանաչեին, որ Փրկիչն է Աշխարհի ու հավատային, որ ընդմիշտ խորտակված է մահը, եւ մենք ունենք Հարություն ու Կյանք: Ունենք հույսը նորոգվելու, Հարուցյալին կերպարանակից լինելու, Նրանով Աստծո որդիներ կոչվելու եւ ժառանգակից լինելու երկնային թագավորության:

Զատկական այս սուրբ առավոտ Հարության խորհուրդը մեր նորոգված հույսի ու հավատի միջից վերստին կոչում է մեզ`«Քաջալերվեցեք, Ես եմ»: Տիրոջ այս պատգամը մարդկային մեր հոգիներին կենդանաբեր ու զվարթացնող երկնային ցողի պես է իջնում այսօր, երբ անհանգիստ ենք աշխարհի տագնապալի անցուդարձերից, երբ հաճախ տկար ենք ներկա կյանքի հրամայականների առջեւ, տկար` մեր երկյուղներով, մտատանջ ու երկմտած` մեզ հուզող հարցականներից: Շատ է փոխվել աշխարհը Քրիստոսի ժամանակներից ի վեր, փոխվել են մարդու հնարավորությունները, մարդկությունը լրացրել ու շարունակում է լրացնել իր կյանքի բազմաթիվ պակասություններ, սակայն շարունակում է պակաս մնալ ամենակարեւորը` մարդկային հոգու արձագանքը խաղաղության ու մարդկանց մեջ հաճության աստվածային հրավերին: Գիտատեխնիկական դարի ներկա ժամանակներում մարդկությունը ճեղքել է հյուլեն, նվաճում է տիեզերքը, ի զորու է մշակովի դարձնել անապատը, սակայն չի հաջողել լռեցնել պատերազմի ձայները, վերացնել կարիքն ու աղքատությունը. ամեն օր հազարավոր թերթեր ու ամսագրեր, ռադիո, հեռուստատեսություն, գրքեր խոսք են ասում` խոսք, որով մարդը պսակն է արարչության, սակայն պաշտպանության կարիք են զգում համամարդկային, անանց բարոյական արժեքները, եւ մանավանդ` մարդասիրությունը: Արդարեւ ի°նչ կարող ենք հուսալ, եթե մարդկանց սրտերից բացակայեն բարոյական օրենք, սրբություն եւ մարդասիրություն, եթե մարդիկ չունենան երկյուղն Աստծո: Ինքն Աստված է տվել մեզ ճշմարիտ մարդասիրության անգերազանցելի օրինակը` մեր փրկության համար իր Միածին Որդուն աշխարհ առաքելով: Նրանով ճանաչեցինք սերը, քանզի մեզ համար խաչը հանձն առավ, որպեսզի հարություն ունենանք: Աստծուն սիրող հոգիներից պիտի բխի մարդասիրությունը` իբրեւ բոլոր ժամանակների, բոլոր հասարակությունների մեծագույն նվաճում:

Այսօր վերստին տեսնում ենք երկինքը շնորհով բացված եւ Մարդասեր Աստծո դեմքը դեպի մեզ խոնարհված: Այսօր Հարուցյալ Քրիստոս գալիս է  մեր հոգսերը վերցնելու, մեր վշտերը փարատելու, մեր տարակույսները ցրելու, ազատելու մեզ մահաբեր նավաբեկություններից ու խաղաղ երկինքը մեզանից վեր պարզելու: Նա կարգել է մեզ մարդկանց ծառայելու Իրեն գործակիցներ: Արդ, ամեն գործ որ ձեռնարկենք, գործենք այնպես, կարծես Աստծո համար ենք անում (Կող. Գ. 23), եւ Քրիստոս Իր օրհնությամբ կլրացնի մնացյալը, ինչ որ վեր է մարդկային մեր ուժերից:

Սիրելի ժողովուրդ հայոց. Իր օրհնաբեր ներկայությամբ, Իր փրկագործ զորությամբ մեր կողքին է եղել Տերը ուր էլ ուղղորդվել է մեր կյանքի նավը պատմության դժվարին, թե հեշտընթաց ուղիներում: Մեր կողքին է եղել եւ չի լքել մեզ Աստված մահատեսիլ օրհասների մեջ, երբ մարդկանցից հույսներս կտրած մենակ ենք մնացել: Հարության լույսն է մեր բոլոր Ավարայրներից ու Սարդարապատերից վեր, Հարությամբ են լուսեպսակ հայոց Գողգոթաների ճանապարհները, որ սփռեցին մեզ աշխարհե-աշխարհ: Հարուցյալ է այսօր մեր պետականությունը, եւ կյանքի բոլոր հանգրվաններում սպասում է մեզ Տերը` սփռելու մեզ վրա Իր լույսն ու խաղաղությունը, օրհնելու, արդյունավորելու մեր ջանքերն ու աշխատանքը: Միայն թե մեր լավին վատություն չխառնենք, չխառնենք ճշմարտին` կեղծիք: Ճշմարիտը անկախ Հայաստանն ու ազատ Արցախն է եւ մեր հայրենասիրությունը, մեր համերաշխությունը եւ միաբանությունը: Չլինի, որ պարտական մնանք նվիրական այս ճշմարտությունների առջեւ, չլինի, որ պարտական մնանք մեր պատմության, Եռաբլուրում հանգչող մեր մարտիրոս զավակների, մեր սերունդների առջեւ: Անեղծ պահենք մեր համազգային միաբանությունը, նրանով է պայծառ մեր կյանքի, մեր հավատի աստվածատես լույսը: Չկա, արդարեւ, հավատի ավելի մեծ արտահայտություն, քան միաբանությունը, եւ չկա ավելի մեծ քաջալերություն, քան հավատը, որ մեզ հետ է Աստված Իր փրկագործող զորությամբ:  

Այսօրվա վերափոխված ու վերափոխվող մեր իրականության մեջ անելիքներ շատ ունենք: Դեռ անցնելիք ճանապարհ ունենք, որ պիտի անցնենք միասնաբար, մեր հայրերից ժառանգություն ստացած միաբանության սուրբ ուխտով, որպեսզի շենանա ու զորանա Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկիրը, որպեսզի մեր բոլոր գաղթօջախներում ծաղկի հայ կյանքը: Ուր էլ ապրենք` Հայրենիքով ու Սուրբ Էջմիածնով պիտի ապրենք, ազգային արժեքներով ու հայրենի ժառանգությամբ` որպեսզի մեր կյանքից ներս թափանցող, ներսից ու դրսից պարտադրվող սին եւ թյուր գաղափարներից, անհարազատ արժեքներից հեռու մնան մեր զավակները: Հոգեւորական, ծնող, պաշտոնյա, մտավորական եւ ուսուցիչ, ամենքս սիրտ ու հոգի պիտի ներդնենք, որպեսզի հավատով նորոգվի ու նախնյաց սրբություններով շողշողա հայի հոգին, եւ Հայրենիքում ու Սփյուռքում մեր զավակների աչքերի մեջ միշտ ճանաչենք Աստվածատես հայացքը հավատի մեր Հոր եւ Լուսավորչի` Սուրբ Գրիգորի, տեսնենք Աստծով շնորհալի դեմքերը Սուրբ Սահակ եւ Մաշտոց մեր մեծ Վարդապետների, Աստծով աներկյուղ զվարթուն ոգին Սուրբ Վարդանի ու Վարդանանց:

Սիրելի հայորդիներ ի սփյուռս աշխարհի. Դուք, որ մոտիկից, եւ կամ հեռվից Արարատին նայող աչքեր ունեք` տեսնում եք նրա տապանակիր հայացքի տակ տարածվող հայոց փրկության տապանը` Հայաստանն ու Արցախը: Դուք, որ Արագածի բարձունքից վեր տեսնում եք Լուսավորչի Կանթեղից ճառագող անմար լույսը, հավատացեք, որ մեր հայրերի Աստված գործելու է մեր հողում մեր հավատի միջոցով, գործելու է հանուր ազգային մեր կյանքում, որի վրա Հարության հույսն է այսօր թեւածում:

Քրիստոսի սքանչելի Սուրբ Հարության մեծ ավետիսով համայն հայոց Միածնաէջ Մայր Աթոռից Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Մեծի Տանն Կիլիկիո Ն©Ս©Օ© Տ© Տ© Արամ Ա Կաթողիկոսին« Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ© Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին« Կոստանդնուպոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ© Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին եւ քրիստոնեական քույր եկեղեցիների Առաջնորդներին: Մեր օրհնությունն ենք բերում մեր Եկեղեցու ուխտապահ ողջ հոգեւոր դասին, թեմական եւ եկեղեցական վարչությանց նվիրյալ անդամներին:

Ողջունում եւ օրհնում ենք հայոց պետական ավագանուն` գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարյանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Արկադի Ղուկասյանին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին եւ հանուր մեր ժողովրդին` ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս:

Լույսի  եւ հույսի, քաջալերության այս բարի առավոտ աղոթենք եւ հայցենք միաձայն. Խաղաղությամբ Քո Քրիստոս, Փրկիչ մեր, ապահով ու անխռով պահիր աշխարհը համայն եւ օրհնությունդ սփռիր բոլոր ազգերի վրա: Քո շնորհի ներքո պահպանիր եւ ազգս հայոց ու լուսավոր արա նոր ճանապարհը եւ նոր հույսերը մեր Հայրենիքի: Շնորհիր մեզ, Տեր, հոգի իմաստության եւ հաշտության, այլեւ` «Քաջալերվեցեք, Ես եմ» խոսքիդ համաձայն պարգեւիր Քո հարուցյալ ներկայությունից զորացած սիրտ, որպեսզի նրանով ապրենք մեզ վստահված կյանքը ու կյանք ունենանք հավիտենական` մեր սուրբ հայրերի հետ հավիտյանս փառավորելով Քեզ` Միածին Որդուդ ընդ Հոր եւ Սուրբ Հոգու. ամեն: 

Քրիստոս հարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի