Ամենայն Հայոց Կաթողիկոս
Պատգամ Սուրբ Հարության տոնին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ԱՊՐԻԼ 20
«Հաւատով ճանաչել զնա եւ զզօրութիւն յարութեան նորա» (Փիլ. 3. 10 ):
Սիրելի ժողովուրդ հայոց ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս.
Քրիստոսի հրաշափառ Հարության խնդությամբ են լեցուն հայոց եկեղեցիները այս առավոտ, եւ Մենք Սուրբ Էջմիածնի` հայոց Մայր Տաճարի 1700-ամյա Ավագ Խորանից Հայրապետական սիրով հղում ենք ձեզ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» Զատկական ողջույնը:
Կիրակնօրյա այսպիսի մի առավոտ էր, երբ Երուսաղեմում Քրիստոսի մայրը եւ նրան ընկերակից բարեպաշտ կանայք համաձայն սովորության գնացին յուղով օծելու երեք օր առաջ գերեզմանում դրված Քրիստոսի մարմինը: Վիմափոր գերեզմանին հասնելով` նրանք զարմանքով տեսան, որ մուտքը փակող մեծ ժայռաքարը ետ է գլորված: Տարակուսած հոգիներին յուղաբեր կանանց հնչեց հրեշտակի ձայնը, որ ավետում էր. «Զի° խնդրէք զկենդանին ընդ մեռեալս, չէ° աստ, քանզի յարեաւ»:
Ողջունաբեր այն օրը շնորհն ու օրհնությունը նորոգեցին տիեզերքը, եւ փրկության հույսը դարձավ ճանապարհ: Այդ օրից ի վեր ամեն ոք, ով ունկնդիր է «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաձայն ավետիսին, ով հավատով ճանաչում է Քրիստոսին, գիտի, որ գերեզմանը սոսկ վերջն է երկրային կյանքի, բայց սկիզբը` հարուցյալ հավիտենական կյանքի:
Այս աշխարհից է սկսվում հավիտենական կյանքը, երբ մարդու երկրավոր ընթացքը հավատով ու սիրով առաջնորդված է դեպի Աստված, դեպի Փրկիչ Տերը, որ մարմին առավ Աստվածային Իր Սիրով եւ աշխարհ եկավ մեր փրկության համար,
խաչի վրա մահը խորտակեց եւ Իր Հարությամբ մեզ կյանք պարգեւեց:
«Հաւատով ճանաչել զնա» կոչում է մեզ Տիրոջ առաքյալը, որովհետեւ հավատն է ճանաչելի դարձնում Քրիստոսի հարուցյալ ներկայությունը մեր կյանքում, վերափոխում մեր հոգիները, զորացնում մեզ դեպի բարին մեր ընթացքներում: Հավատից է ծնվում մեզ Աստծո հետ կապող սերը, եւ սերը, որ եղբայրացնում է մարդը մարդուն, որպեսզի հարությունն ու կյանքը հաղթանակեն մեր գործերում, եւ մենք ունենանք խաղաղությունն ու հաշտությունը միմյանց եւ Աստծո հետ:
Առաքելական քարոզությամբ մեր հայրերը ճանաչեցին ու սիրեցին Փրկչին: Հավատացին, որ Հարության հույսը եւ զորությունը խոստացված է նաեւ փոքր ածու մեր ժողովրդին, որ Փրկիչը մեզ է ուղղել Իր խոստումը, երբ ասաց Իր աշակերտներին. «Մ°ի° երկնչիր, հօտ փոքրիկ, զի հաճեցաւ Հայր ձեր տալ ձեզ զարքայութիւն»: Տիրոջ խոսքի վստահությամբ ապրեցինք, դիմագրավեցինք մեզ բաժին ընկած անհամար ցավերի, կյանքով հաղթեցինք մահվան ճանապարհներին: Հարության պատկերը կրող մեր հոգին դրոշմվեց մեր հողին, մեր քարերին ու վանքերին, մատյաններին ու երգերին, եւ երբեք չդադարեց Տիրոջ փառաբանության օրհներգը մեր շուրթերին: Արդարեւ, փառք եւ գոհություն Երկնավորին, որ փրկարար Իր Խաչով մեզ պարգեւած հաղթական հոգեւոր մեր զենքը` Լուսավորչի Սուրբ հավատքը, նույն զորության նոր զարթոնքով կապում է մեզ մեր ավետյալ երկրին ու նրա սրտում կանգնած Սրբություն Սրբոց Միածնաէջ Տաճարին:
Սիրելի ժողովուրդ հայոց, խաչելության մեր երկար ճանապարհները ավարտվել են Հարության առավոտով, եւ Հարության հույսի նոր լուսաբաց է ազատ մեր Հայրենիքում ու ազգային կյանքում: Զատկական այս առավոտ, երբ երկինք նայելով բացված ենք տեսնում Աստծո ողորմության դռները մեր առջեւ, հարուցյալ կյանքի նոր հրավեր է հնչում մեզ` հավատով զորացնելու մեր անհատական կյանքը եւ վերակառուցելու հավաքական մեր կյանքը: Դժվարություններ ունենք, պիտի ունենանք նաեւ դրանք հաղթահարելու ուժն ու զորությունը: Նայենք խաչքար դարձած մեր ժայռերին, երկնահայաց գմբեթներին հայոց եկեղեցիների, եւ նրանք պիտի խոսեն մեզ մեր հայրերի շուրթերով, պիտի խոսեն ու պատգամեն միասնական լինել Հայրենիքի ազատության սիրո եւ Սուրբ Խաչի ամենազոր թեւերի ներքո, եւ մեր միաբանությունը պիտի լինի մեր զորությունը: Անկախացյալ Հայաստանն ու Արցախը այսօր ամենից առավել խաղաղության կարիքն ունեն, կարիքն ունեն մեր նվիրումի ու անձնուրաց ջանքերի: Մեր տունը, մեր գյուղն ու քաղաքը, մեր եկեղեցիները մեր հողի վրա բարձրացնենք ոչ միայն հայրենի լեռներից բերված քարերով, այլեւ մեր սրտերի մեջ բնակվող Աստծո սիրով, մեր հայրերի ավանդից ու մեր պատմությունից առած ներշնչանքով: Մեր ափերի մեջ պիտի զորանա մեր Հայրենին ու դառնա երկիրը իրականացած մեր հույսերի: Ամեն բարի լույսի հետ օրհնենք սկիզբ առնող ամեն օրը ազատ մեր կյանքի, օրհնենք հավատով ու հավատարմությամբ եւ մեր զարթնյալ հոգու վստահությամբ կառուցենք հայոց բարօր ներկան ու գալիքի տեսիլքը, որ լույս է առնում Լուսավորչի անմար Կանթեղից:
Հայրենի երկրից գաղթած եւ հեռավոր երկրում ծնված սիրելի հայորդի, Իջման Սուրբ Սեղանի առջեւ Հայրապետիս աղոթքն ու մաղթանքն է, որ Փրկչի հրաշափառ Հարության լույսը հարություն բերի քրիստոնյա հավատքիդ եւ նորոգի հայ մնալու ուխտդ: Պահիր հավատարմությունդ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, ավանդդ սրբորեն պահպանիր ու փոխանցիր քո զավակներին եւ մի մոռացիր հայրենի հողիդ մի անկյունում վերադարձիդ սպասող պապերիդ շիրիմները:
Ուր որ ապրենք, սիրելի ժողովուրդ հայոց, Հայրենիքում, թե նրանից հեռու, թող մեր հոգին ծաղկի Արարատի զավակները լինելու հայրենասիրությամբ, Փրկչի հաղթանակած սիրո զորությամբ, եւ մեր հայրերի Աստված պիտի առաջնորդի մեզ նոր հաղթանակների: Ուխտենք հավատարիմ զավակները մնալ Սուրբ Էջմիածնի Մյուռոնի, որով մեր ճակատին ունենք Հարության կնիքը եւ որդեգիրներն ենք Քրիստոսի, ու մեր ճանապարհն է «Հաւատով ճանաչել զնա եւ զզօրութիւն յարութեան նորա»:
Սուրբ Հարության հրաշալի ավետիսով Ամենայն Հայոց Մայր Աթոռից եղբայրական Մեր ողջույնն ենք հղում մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Մեծի Տանն Կիլիկիո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին: Աղոթք ենք բարձրացնում առ Տերը Հարուցյալ, որ անսասան պահի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին Նվիրապետական իր Աթոռներով, աստվածային շնորհի մեջ պահպանի ուխտապահ ողջ հոգեւոր դասը ու սիրեցյալ հավատավոր համայն մեր ժողովրդին:
Հայրապետական Մեր ողջույնն ու օրհնությունն ենք բերում հայոց պետական ավագանուն` գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարյանի, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման մաղթանքով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Արկադի Ղուկասյանին եւ Արցախի արդար դատի հաղթանակի համար բոլոր ջանացողներին:
Ավետավոր այս առավոտի բերկրանքով ողջունում եւ օրհնում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի հրաշափառ Հարության լույս խորհրդի առջեւ աղոթենք միասնաբար եւ հայցենք. Տեր, Դու, որ Արեգակն ես Արդարության եւ Իշխանը Խաղաղության, Քո Հարության ամենակեցույց զորությամբ իջիր մարդկանց հոգիներին, պարգեւիր սփոփանք վշտացյալներին, տրտմածներին` ուրախություն, սգացողներին` մխիթարություն, միմյանցից բաժանվածներին` միություն եւ սեր, փորձություններից երկյուղածներին` քաջալերություն ու արիություն:
Խաղաղության Քո ողջույնը տարածիր աշխարհին համայն, հատկապես` Երկիր մոլորակի` մեր ընդհանուր տան այն շրջաններում, ուր վտանգված է խաղաղ ու ապահով կյանքը, սասանված` վաղվա օրվա հանդեպ մարդկանց հավատը: Թող Հարության հույսը, շնորհն ու օրհնությունը լինեն մեզ հետ եւ աշխարհի` այսօր եւ հավիտեանս. ամեն:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է Յարութիւն Քրիստոսի: