Ամենայն Հայոց Կաթողիկոս
Պատգամ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՀՈՒՆՎԱՐ 6
«Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» (Ղուկ. 2. 14):
Փառք Քեզ, Թագավոր Երկնավոր, որ Աստվածհայտնության խորհրդի առջեւ զավակները ազգիս ի Հայաստան եւ ի Սփյուռս համախումբ` հոգեւորական ու աշխարհական դասերով այսօր ողջունում են միմյանց Քո Սուրբ Ծննդյան ավետիսով: Շինական ու պետական գործիչ, զինվոր, մտավորականություն եւ ուսանողություն, մեծ ու մանուկ ունկնդիր ենք 1700-ամյա Միածնաէջ Քո Սուրբ Տաճարից բաշխվող «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» երկնաձայն պատգամին, որը մեր հայացքի առջեւ պարզել է խորախորհուրդ պահը Սուրբ Ծննդյան, երբ Բեթղեհեմի երկնքում կանգ առավ առաջնորդող պայծառ Աստղը:
Փառք Քեզ, Թագավոր Երկնավոր, ազգս հայոց վերստին ապրում է Քո Սուրբ Ծննդյան մխիթարությունը. մոգերի հետ երկրպագում ենք Քեզ, հովիվների հետ փառաբանում եւ հրեշտակների գնդերի հետ օրհնաբանում` «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»:
Աստվածային գթառատ ու ողորմած Սիրով Փրկիչ ծնվեց աշխարհին: Տերը տիեզերաց Մանկացավ ու աշխարհ եկավ, որպեսզի ադամական մեղքով չարի որոգայթներում մոլորյալ եւ Աստծուց հեռացած մարդը նորոգվի, նորոգվի եւ աշխարհը մարդով: Մարդկանց հոգիներին ազատություն բերելու, մարդկանց արդարության ու խաղաղության կոչելու համար Աստված հաշտության Իր ձեռքը մեկնեց ու տվեց սիրո անգերազանցելի օրինակը: Բեթղեհեմի մսուրում ծնունդ առավ Արդարության Արեգակը եւ Խաղաղության Իշխանը, որպեսզի աշխարհում անբաժան լինեն ազատությունը, արդարությունն ու խաղաղությունը: Արդարեւ, Հիսուսի ծնունդը վերածնունդն է մարդու` Աստծո հետ հաշտության շնորհով եւ «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» հրավերով:
Բոլոր ժամանակներում մարդկության փայփայած երազն է խաղաղությունը` իբրեւ պայման ապահովության, բարօրության ու երջանկության: Որքան տեսություններ են մշակվել, սկզբունքներ առաջադրվել, միջոցներ ու ջանքեր ներդրվել հանուն խաղաղության, սակայն չեն լռել պատերազմի որոտները, չեն դադարել դավն ու թշնամությունը, ավերածությունները, չեն վերացել սովը, թշվառությունն ու կարիքը, քանզի միշտ չէ, որ մարդկությունը հետամուտ է Քրիստոսի պատգամած խաղաղությանը` մարդկային հոգում սիրո, ազատության եւ արդարության Ավետարանի հաղթանակին:
«Խաղաղութիւն թողում ձեզ, զխաղաղութիւն զիմ տամ ձեզ, ոչ որպէս աշխարհս տայ, տամ ես ձեզ» (Հովհ. 14. 27): Քրիստոսապարգեւ խաղաղությունը աշխարհի համար է, հիրավի` բայց ոչ աշխարհից: Աշխարհին ծանոթ խաղաղությունը ավելի հաճախ շահերից է բխում, շահերով ու հանգամանքներով պայմանավորվում, հաճախ եւ բռնությամբ հաստատվում ու պահպանվում: Ուստի եւ այն չի կարող հաստատուն ու անշրջելի լինել եւ առավել եւս, չի կարող լինել այն իրական բարիքը, որը բարիք է պտղաբերում, քանզի մշտապես լի է հակամարտության փոխվելու վտանգով:
Այսօր Սուրբ Երկրում խաղաղության օրհներգության փոխարեն ձայնում է թշնամությունը, եւ մահաբեր համազարկեր են հնչում: Այսօր աշխարհը անհանգստությամբ ականատես է երկրագնդի տարբեր անկյուններում ահաբեկչության սարսափներին ու անմեղ բյուր կյանքեր խլող եւ ավերներ սփռող պատերազմներին: Մեր ժողովրդի սրտում արնածոր են վերքերը Հայոց Ցեղասպանության, որը տակավին չի գտել համընդհանուր դատապարտություն պետությունների կողմից եւ շարունակում է մնալ քաջալերություն նոր եղեռնագործությունների համար, ինչպես ժամանակին` Հոլոքոստի: Մեր հոգին այսօր խռովված է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փխրուն խաղաղությամբ, քանզի հակառակ կողմից շարունակ պատերազմի վերսկսման անլուրջ կոչեր են հնչում: Փակուղի է առաջնորդվում պատմական իր հողում ապրող արցախահայության հիմնահարցը, երբ անարդարորեն ու հիմնազուրկ կերպով առնչվում է տարածքային ամբողջականության սկզբունքին, եւ ոտնահարվում մարդու եւ ազգի ազատ ապրելու բնական, արդար ու օրինական իրավունքը: Արդարությունը կհաղթանակի, պատերազմի որոտները կլռեն, ազգամիջյան հակամարտությունները եւ հասարակական ճգնաժամերը կհարթվեն, երբ մարդկությունը աշխարհի խաղաղության ուղիներից առավել ցանկա եւ փնտրի Քրիստոսի պարգեւած խաղաղության փրկարար ճանապարհը, երբ իրավունքն ու մարդասիրության արժեքները առաջնորդողը կդառնան մարդկային կյանքի: Այսպես միայն խաղաղությունը կարող է ճշմարտորեն հաստատվել ընկերային կյանքում` դառնալով արարման ձգտում, միմյանց նեցուկ լինելու, միմյանց ուրախությամբ ու տխրությամբ ապրելու մեծագույն կարողություն ու երջանկություն:
Այսօր սիրելի ժողովուրդ հայոց, Բեթղեհեմյան այրում խանձարուրված Սիրո ակունքից, հավատի ու հույսի Սիոնի բարձունքներից խաղաղության լույսը իջել ու ամփոփվել է մեր եկեղեցիների կանթեղներում եւ ինչպես դարեր շարունակ, բաշխվում է «Խաղաղություն ամենեցուն» մաղթանքով, որպեսզի Տիրոջ խաղաղությունը բնակվի մեր մեջ ու մեր հոգիներից սփռվի ազգային-հասարակական մեր կյանքին ու համայն աշխարհին:
Սուրբ Ծննդյան «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» ավետիսով Փրկչին ենք տեսնում` այսօր վերստին մեր հողին, մեր կյանքին իջնող, որ հայոց հավերժական Մայր Աթոռով միշտ նորոգ լինի մեր հավատը եւ Աստվածապավինության մեր ուխտը:
Աստված մեզ հետ է: Մեզ հետ է խաղաղության Իր ողջույնով: Այս է մեր հավատը: Ընդունենք Տերունական ողջույնը, ճշմարտապես սիրենք միմյանց եւ հաճության ու խաղաղության Տիրոջ կամքը փափագելով` ծառայենք մեկմեկու ու միասին` մեր Հայրենիքին ու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն: 2003 թվականը դարձնենք նոր հույսերի ու սպասումների, Հայրենիքում ու Սփյուռքում ազգային մեր կյանքի զորացման, մեր հավատի վկայության նշանակալի մի նոր տարի:
Մարդացյալ Աստծո սնարի առջեւ միասնաբար հայցենք, որ Տերը Իր խնամքի ներքո անսասան պահի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, Իր օրհնության ու շնորհի մեջ պահպանի ու զորացնի Նվիրապետական մեր Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Ամենապատիվ Պատրիարք Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Ամենապատիվ Պատրիարք Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին, Հայ Եկեղեցու ուխտապահ ու նվիրյալ ողջ հոգեւոր դասը եւ ի ծագս աշխարհի հավատավոր համայն մեր ժողովրդին:
Հայրապետական սիրով եւ օրհնությամբ Սուրբ Ծննդյան Մեր բարեմաղթություններն ենք հղում հայոց պետական ավագանուն` ի գլուխ Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարյանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Արկադի Ղուկասյանին եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների բոլոր ներկայացուցիչներին:
Թող Փրկչի Հայտնությամբ ծնունդ առնող Խաղաղությունը, որպես մանուկ` Աստվածածնի հոգածությամբ խանձարուրվի բոլոր հարկերից ներս« խնամվի ու զորանա մեծ ու փոքր բոլոր ժողովուրդների բարի կամքով, վստահությամբ ու համագործակցությամբ, որ ազգերը սուսերներից խոփեր ձուլեն ու սվիններից` մանգաղներ եւ աշխարհի բոլոր անկյուններում տարածվի «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» օրհներգությունը:
Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ,
Ձեզ եւ Մեզ Մեծ Աւետիս: Ամէն: