Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Անկախության օրվա առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձն անկախության օրվա առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003 թ. սեպտեմբեր 21
Սիրելի ժողովուրդ հայոց,
Անկախության Օրվա խորհրդով այսօր ուրախ ու լուսավորված են մեր հոգիները, և վերստին փառք ենք բարձրացնում երկինք, որ ազատ է մեր Հայրենիքն ու լեցուն նոր կյանքի հույսերով:
Այսօր մենք կրկին համակված ենք այն գիտակցությամբ, որ Հայաստանի անկախությունը մեզ ավանդված թանկ ու սրբազան ժառանգություն է: Չկա առանց անկախության ապրած մի դարաշրջան հայոց պատմության մեջ, երբ մեր ժողովուրդը ձգտած չլինի ու մարտնչած չլինի վերագտնելու համար Հայաստանի ազատությունը: Այս ճշմարտությամբ գոտեպնդված և առած հավատի վահանը մեր սրտերին, հավատարիմ լինենք Հայրենիքի առաջ մեր պարտքին, որպեսզի մեր զավակները ժառանգեն ազատ, հզոր ու բարօր Հայրենիք և միշտ ուրախ ու լավատես տոնեն Հայաստանի Անկախության Օրը:
Փա՜ռք հայոց անկախությունը կերտած հայորդիներին:
Փա՜ռք ազատասեր ու խաղաղասեր ազգիս հայոց:
Փա՜ռք մեր ազատ Հայրենիքին:
Սիրելի հայորդիք, Անկախության Օրվա պանծալի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սիրով ողջունում և Մեր օրհնությունն ենք հղում բոլորիդ ի Հայաստան և ի Սփյուռս: Թող Տերը պահպանի մեր Հայրենիքը, ազգս հայոց և պարգևի բարօրություն ու բարգավաճություն:
Շնորհք և սէր Աստուծոյ եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեանն. ամէն: