Պատգամ Սուրբ Հարության տոնի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Հարության տոնի առիթով

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՄԱՐՏ 31

Եւ ուր երթամն` գիտիցէք, եւ զճանապարհն գիտիցէք: ... Ես եմ ճանապարհն եւ ճշմարտութիւն եւ կեանք (Յովհ. 14. 4-6):

Սիրելի ժողովուրդ հայոց.

 Հարության ողջունաբեր առավոտ է: «Երկիրը լցվել է Տիրոջ ողորմությամբ» (Սղ. 118. 64): Հարության ու կյանքի հաղթության հավատով, հույսով ու լավատեսությամբ են համակված մեր հոգիները` հաղորդ «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը եւ կյանքը» (Հովհ. 14. 4-6)  Բանին Կենաց Աստվածհայտնության խոսքին:

 Քրիստոսի սքանչելագործ Հարության խորհրդով մենք ապրում ենք այն մխիթարությունը, որ Աստված չթողեց իր արարածներին մեղքի հետ միայնակ, կորստյան ճանապարհին, այլ շարունակ հայտնվեց մարդկությանը նահապետների եւ մարգարեների միջոցով, իսկ ի լրումն ժամանակի մարմին առավ ու բնակվեց մարդկանց մեջ:

 Մեկ այլ աշխարհի` խաղաղ ու եղբայրասեր, Աստծո հետ հաշտ` փրկված աշխարհի սերը մարդկանց հոգիներում սերմանելու առաքելությամբ եկավ Քրիստոս, եկավ խաչի վրա անարատ Իր արյան հեղմամբ մեղքն ու մահը խորտակելու հանձնառությամբ: «Սիրեց յուրայիններին, ... իսպառ սիրեց նրանց» (Հովհ. 13.1), – ասում է առաքյալը: Փրկչի իսպառ այդ սիրով գծվել է Գողգոթայի խաչելության ուղին եւ փայլատակել է Հարության Լույսը` իբրեւ սիրո ու բարու հաղթության ճշմարտություն, իբրեւ քավություն ու ներում, իբրեւ հաշտություն:

 Այսօր մենք` ում նույնպես իսպառ սիրեց Քրիստոս, կանգնած ենք թափուր գերեզմանի առջեւ, որի դռնից քարը մեզ համար մի կողմ է գլորված: Գերեզմանից անդին մահվան ստվերից զերծ ճանապարհն է, եւ Հարուցյալ Քրիստոս ձայնում է մեզ. «Եվ թե ուր եմ գնում, այդ գիտեք, գիտեք եւ ճանապարհը: ... Ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը եւ կյանքը» (Հովհ. 14. 4-6):

 Սիրելի բարեպաշտ հավատացյալներ.

 Աստծո Միածին Որդու փրկագործական առաքելությամբ շնորհն ունենք ճշմարտությունը ճանաչելու, գտնելու կյանքի իմաստն ու նպատակը, երջանկության ճանապարհը: Ճշմարտությունը եւ կյանքը մեր հոգիներից պիտի բխեն: Քրիստոսին սիրող հոգիներից, որ հավատում են Նրա Խոսքին` Սուրբ Ավետարանին, վստահում Նրա Հարությանը ու Նրա աստվածային ներկայությանը մեր մեջ, կյանքի հավիտենությանը, քրիստոնեական բարոյական արժեքների կենսահաստատ ուժին: Մեր ամեն խոսք եւ գործ կամ վաճառում է ճշմարտությունը, կամ հաստատում այն: Կամ խոցում է դիմացինի սիրտը, կամ ամոքում ու մխիթարում, կամ ավերում է, կամ կառուցում, կամ խավար է ծնում, կամ լույս: Չլինենք ճշմարտության վաճառողներ այն զինվորների պես, որ կաշառվեցին ու սուտ վկայություն տվեցին, թե աշակերտներն են տարել Հիսուսի մարմինը, այլ անկաշառ հոգով, արդար սրտիվ եւ Հարության անխառն հավատով մեր Եկեղեցու խորաններում հաղորդվենք Աստծո Միածին Որդու կենդանարար մարմնին ու արյանը: Ով ճանաչել է Ճշմարտությունը, խավարը չի ցանկա: Ով քայլել է ճշմարտության ճանապարհով, խավարում չի դեգերի: Մեր ճանապարհը Հայոց Մի, Առաքելական Սուրբ Եկեղեցին է` Հարուցյալ Քրիստոս քարոզող, Հարության հավատի մեջ, Հարության ճանապարհին մեզ հաստատող ու ապրեցնող:  

 Սիրելի ժողովուրդ հայոց, հարության նոր արշալույս է բացված ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս` ներշնչուն նոր կյանքի սպասումով` առաքինությամբ շենշող, ապահով, բարօր ու երջանիկ կյանքի: Երբ հարության նոր առավոտ է հայ իրականության մեջ, չերկնչենք մեր Հայրենիքում իրավունք եւ օրինականություն պաշտպանելու, արդարություն եւ ճշմարտություն հաստատելու: Դառնանք դեպի Հարության անստվեր լույսը, բացենք մեր հոգին մեզ նորոգող ու փրկող Հարուցյալ Քրիստոսի առջեւ: Երբ հարության նոր առավոտ է, ինչպե°ս լռությամբ անցնենք կեղծիքի կողքով եւ մեր անտարբերությամբ ու անփութությամբ թույլ տանք, որ մեր կյանքը դառնա կեղծ արժեքների ու գաղափարների, անօրեն գործարքների վաճառատեղի: Քրիստոնեական բարոյականի վերածնունդը այսօր համազգային խնդիր է եւ յուրաքանչյուրիս մտահոգության առարկա, քանզի առանց սիրո, առանց ազնվության, արդարամտության ու օրինավորության միայն կարճատեւ կարող են լինել բոլոր ձեռքբերումներն ու հաջողությունները, տնտեսությունը` զուրկ ազատ ու ներդաշնակ զարգացումից,  գիտությունը` հեռու կյանքի առաջընթացին ծառայելու իր կոչումից, արվեստը` անհոգի ու միայն նմանակող: Առանց Փրկչի ոչինչ հարատեւ ու երջանկաբեր չենք կարող ստեղծել: Քրիստոս է ճանապարհը, «աղբյուր կենաց եւ բաշխող շնորհաց». «...ով Ինձ հավատում է, ինքն էլ կանի այն գործերը, որ Ես եմ անում» (Հովհ. 14.12),– ասում է Տերը: Լավը լավ կոչող, վատը` վատ, բարին չարից տարբերող գործերն են դրանք, տեսիլքով ներշնչուն արության գործերը, հաղթանակող, հրաշածին, անհնարինը հնարավոր դարձնող ու հարությամբ շնչող գործերը:

 Փրկչի ուղենշած, Նրա արյամբ հարթված, Նրա սիրով ծաղկուն հարության ճանապարհով պիտի վերածնվի Հայաստանը, ճշմարտությամբ պիտի զորեղ լինի, լեցուն կյանքով ու երջանկությամբ, երկիր դրախտավայր` աշխարհասփյուռ ողջ հայության համար ոչ միայն պատմական Հայրենիք, այլ տուն հայրական, որ հավաքում է մեզ տապանակիր Արարատի շուրջ, Միածնակառույց Սուրբ Էջմիածնի հովանու ներքո:

 Աշխարհի բոլոր կողմերում Հարության հավատով արձագանքենք «Հայաստան – Սփյուռք» միաբանության նոր ուխտի հրավերին եւ Տիրոջով ուրախ, Տիրոջով վստահ ու քաջեռանդ` ձեռնամուխ լինենք  հայոց անկախ պետականության` մեր նոր կյանքի կառուցմանը: Նոր լույսեր վառենք ազգային միության մեր Սուրբ Տաճարում, վստահենք մեր զորությանը Քրիստոսով, սիրենք մեր միաբանությունը` ամբողջ, պայծառ պահելով Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, ուր բնակվում է Աստված Իր օրհնությամբ, հարություն ճառագող Իր ճշմարիտ զորությամբ, որը զարթոնքով է լցրել հայ կյանքի անդաստաններն ամենուր` նոր կենսավիշ հաղորդելով կյանքի հաղթության հավատով ապրող ու արարող Ազատ Արցախին եւ Հայոց Սփյուռքին:

 Ապրենք Քրիստոսով, եւ մեր կյանքը միշտ կլինի հարության ողջունաբեր առավոտ:

 Ամենայն Հայոց Միածնաէջ Մայր Աթոռից «յարեաւ Քրիստոս» մեծասքանչ ավետիսն ենք հղում եւ եղբայրական Մեր ջերմ ողջույնը բերում Առաքելական մեր Եկեղեցու Նվիրապետության Աթոռների շնորհազարդ գահակալներին` Մեծի Տանն Կիլիկիո Ն©Ս©Օ© Տ© Տ© Արամ Ա Կաթողիկոսին« Երուսաղեմի Հայոց Ամենապատիվ Պատրիարք Տ© Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին« Կոստանդնուպոլսո Հայոց Ամենապատիվ Պատրիարք Տ© Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին:

 Հարության բարի ավետիսով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ուխտապահ ու նվիրյալ ողջ հոգեւոր դասին եւ հավատավոր համայն մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս:

 Հարության օրհներգությունը Մեր շուրթերին, ողջունում ենք հայոց պետական ավագանուն` գլխավորությամբ ՀՀ Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:

 Ի Քրիստոս սիրո եղբայրական Մեր ողջույնն ենք հղում քույր եկեղեցիների հոգեւոր պետերին եւ Հարուցյալ Փրկչի առատաբաշխ շնորհները հայցում Քրիստոսի հավատավոր հոտին, համայն աշխարհին: Քրիստոս հարյավ: Քրիստոսով հարուցյալ ու նորոգ են մարդն ու տիեզերքը: Չկա մահ` «Նա ամեն ինչ հաստատել է լինելու համար, եւ աշխարհի գործերը փրկության համար են» (Իմաստ. Սղ. 1.14):

 Քրիստոսի Հարությամբ բացվել է կյանքի ճանապարհը: Մերն է ընտրությունը նոր այգաբացին մարդկության երրորդ հազարամյակի եւ հայոց նորանկախ պետականության. «Եվ թե ուր եմ գնում, այդ գիտեք, գիտեք եւ ճանապարհը»... :

 

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,

Մեզ, ձեզ մեծ աւետիս: