Ամենայն Հայոց Կաթողիկոս
Պատգամ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՀՈՒՆՎԱՐ 6
«Դիր զիս իբրեւ կնիք ի սրտի քում, եւ իբրեւ մատանի ի վերայ բազկի քո, զի բուռն է քան զմահ սէր»: (Երգ Երգոց Ը 6)
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ.
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր իր սուրբ խորաններից ավետում է մեզ Սուրբ Ծնունդը Քրիստոսի, արծաթաձայն զանգերի խնդագին ղողանջով հնչեցնում մեծ Ավետիսը մարդկության փրկության շնորհի:
Մարդկությունը 2000 տարի շարունակ զարմացել ու հիացել է Փրկչի Ծնունդով: Մտքին անհասանելի եւ միայն հավատով տեսանելի Սուրբ Ծննդյան խորհրդի աշխարհակեցույց ճշմարտությունը շատերը թերահավատորեն մերժել են, շատերը հավատքով ընդունել եւ վկայել իրենց կյանքով:
Հավատի աչքերով այսօր տեսնում ենք Բեթղեհեմի այրի մեջ խանձարուրով փաթաթված Մանուկ Հիսուսին, Ով աստվածաբար սուրբ ու մանկաբար մաքուր իր հայացքն է հառել աշխարհին եւ «Եկայք առ իս» հրավերն է կարդում մարդկությանը: Տեսնում ենք Աստվածային Փառքը Նորածին Մանկան, երկնքից իջնող հրեշտակների օրհնաբանող զորքերը եւ մոգերի ու հովիվների հետ խոնարհյալ փառաբանում ենք` «Մեզ եւ ձեզ մեծ աւետիս. Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»:
Մսուրի խոնարհ հարկի տակ Աստված մարդացավ` ծնվեց Անբավելին երկնի եւ երկրի: Շարականագիրը «մեծ ու սքանչելի» է կոչում այս խորհուրդը, որի բովանդակությունը Աստծո Մարդասիրությունն է, Աստծո` առ իր արարածը ունեցած Սիրո Հայտնությունը: «Քանզի,¬ ինչպես առաքյալն է ասում,¬ ո°վ կարող է պահել մեզ անարատ ու անբիծ եւ կանգնեցնել իր փառքի առաջ անխառն ցնծությամբ» (Հուդա Ա 24): Ո°վ կարող է մեղքի մահացու ոստայնից ազատել մարդուն, նորոգել մեղավոր ու վիրավոր հոգին եւ բարձրացնել դեպի իր նախաստեղծ կատարելությունը, եթե ոչ Նա, Ով արարեց մեզ Իր պատկերով ու նմանությամբ:
Եկավ Աստվածորդին, քայլեց մարդկանց մեջ, ուսուցանեց, ուրախացավ Կանայի հարսանիքում, արտասվեց Ղազարոսին սգացողների հետ, բժշկեց, մխիթարեց ու հարություն պարգեւեց: Աստվածային զորությամբ ու մարդկային կատարելությամբ եկավ, հոժարությամբ ըմպեց մարդկային մեղքի դառնության բաժակը, հանձն առավ խաչելությունը, ու մենք «սերը նրանով ճանաչեցինք»:
Սեր, որ մշտապես հույս է տածում ու հավատում, որ երկյուղ չունի, քանզի չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում: Սեր, որ վերափոխել ու վերափոխում է մարդկային հոգիներն ու ժամանակների ընթացքը եւ հնչում իբրեւ հորդոր հավերժական. «Դիր զիս իբրեւ կնիք ի սրտի քում, եւ իբրեւ մատանի ի վերայ բազկի քո, զի բուռն է քան զմահ սէր» (Երգ Երգոց Ը 6):
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ.
Սուրբ Ծննդյան խորախորհուրդ այս պահին գոհաբանության մեր աղոթքը մատուցենք Աշխարհի Փրկչին, ՈվԱստվածային Սիրո շնորհները առատորեն պարգեւել է նաեւ մեր ժողովրդին` իր սուրբ առաքյալների քարոզությամբ հաստատելով Հայոց Եկեղեցին: Աստվածային ամենառատ Սիրո շնորհ է Մայր Աթոռը հայոց` այս Սուրբ Տաճարը իր առաքելությամբ, որ հառնել է մեր Հայրենիքի սրտում, որտեղից այսօր Սուրբ Ծննդյան Ավետիսն ենք հղում մեր սիրելի ժողովրդին ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս:
Այստեղ` Արարատի դիմաց, ի տես Սուրբ Գրիգոր Լուսավորչի իջավ Աստվածորդին եւ հաստատեց Հայոց Բեթղեհեմը, որպեսզի Իջման Սուրբ Սեղանից հանուր հայ կյանքի վրա սփռվեն Բեթղեհեմյան Լույսի սիրո շողերը: Իջավ` ոսկե մուրճի կնիքով դրվագելով համազգային մեր դարձի խորհուրդը, որպեսզի Սուրբ Էջմիածնով հարատեւի ժողովուրդը մեր ու միավորյալ մնա` թեկուզ մասնատված ու աշխարհասփյուռ: Իջավ` «Դիր ինձ իբրեւ կնիք քո սրտի վրա եւ իբրեւ մատանի` քո ձեռքին, քանզի զորեղ է սերը մահվանից» պատգամով: Եվ դրեցինք սիրո կնիքը մեր սրտերին ու կապեցինք որպես բազպան մեր աջին: Առ Քրիստոս սերը 301 թվականին ընտրյալ դարձրեց ազգիս հայոց, հավատով ու հույսով լցրեց հայ կյանքը, նույնացավ հայ ինքնության հետ, դարձավ ազգը միավորող Եկեղեցու, ազգը պահող Հայրենիքի սեր, անձնազոհ նվիրումի ու հավատարմության` ընտանիքի սեր: Զորացրեց մեր հոգում արդարի, ճշմարիտի ու կյանքի սերը` չարը մերժելու, մահեր հաղթելու: Երկունքով լցրեց հայ հոգու անդաստանները, որ առատորեն պտղաբերեցին` միշտ հաղորդ քաղաքակրթության առաջընթացին:
Սիրելիներ.
Աստծո Սերը միշտ մեզ հետ է եւ Սուրբ Ծննդյան խորհրդով կրկին ու կրկին հայտնվում է մեզ: Եվ եթե այսօր մեր Հայրենիքում, ազգային մեր կյանքում ամեն ինչ չէ, որ հարթ է, ամեն ինչ չէ, որ բարվոք է, ուրեմն մե°ր սերն է պակասել առ Տերը, առ Եկեղեցին ու Հայրենիքը, ուրեմն մե°նք ենք թերանում, մե°նք ենք ուշանում մեկս մյուսի հանդեպ սիրո մեջ: Սիրո պակասից են ծնունդ առնում անվստահությունն ու անհանդուրժողականությունը, հակառակությունն ու թշնամանքը, աղքատությունը, օտարացումը միմյանցից, փախուստը Հայրենիքից: Սիրո պակասն այսօր վտանգում ու սասանում է մեր միաբանությունը, որ հույս է, հավատ եւ հաղթանակ, լավատեսություն ու վստահություն եւ ճանապարհ դեպի ապագա: Միաբանությամբ ազատագրեցինք Արցախը, վերահաստատեցինք Հայաստանի անկախությունը, դիմացանք թանկ կորուստների ցավին, հանձնառու եղանք բազում զոհողությունների ու դժվարությունների: Արդարեւ, ճշմարիտ է ասված, վկա մեր պատմությունը. «անմիաբանությամբ մեծերը փոքրանում են, միաբանությամբ` փոքրերը մեծանում»:
Այսօր հայոց եկեղեցիները Սուրբ Ծննդյան Ավետիսով մեր զավակներին ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս վերստին հրավիրում են Մսուրը Բեթղեհեմի, կոչում Աստվածսիրության, պահանջում եղբայրսիրություն, քանզի առ Աստված եւ միմյանց նկատմամբ սիրով ենք զորեղ իբրեւ անհատներ, իբրեւ ազգ, պետություն ու Սուրբ Եկեղեցի: Չլինի, որ լսենք ու անտարբեր անցնենք, չլինի, որ թերահավատ գտնվենք, չլինի, որ իշխանասիրությունը, շահը, հոգսերը կամ ունայն, անցողիկ պատրանքներն ու մոլորությունները խեղդեն մեր հավատը: Չլինի, որ սերը տկարություն նկատենք եւ խավարը ավելի սիրենք, քան լույսը:
Արդ, կատարյալ հավատով նայենք դեպի վեր, գտնենք քարայրը բեթղեհեմյան, ճանաչենք խանձարուրում խայտացող Մանկանը, Ով գալիս է բնակվելու մեր մեջ, ազատելու մեզ մեղքից, առաքինությամբ շնորհազարդելու, աներկյուղ ու անդավաճան դարձնելու, Ով գալիս է զորացնելու մարդասիրություն, օրինահարգություն, հայրենասիրություն, ստեղծագործ ջիղ ու արարում, որպեսզի Սուրբ Ծննդյան օրհներգը` «եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն», մշտապես հնչի աշխարհում համայն ու բազմապատկվի մարդկային հոգիներում:
Աստվածային Սիրո հայտնության, Սիրո հաղթության երգը մեր շուրթին` Ամենայն Հայոց Միածնաէջ Մայր Աթոռից եղբայրական սիրո Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետության Աթոռների Գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին, Կ© Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին:
Բարձրյալի օրհնության եւ զորակցության հայցով Մեր ողջույնն ենք հղում Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Արկադի Ղուկասյանին, ողջունում ենք Հայաստանի եւ Արցախի ողջ պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:
Տիրոջ Սուրբ Ծննդյան բարի Ավետիսով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներին« ուխտապահ հոգեւոր ողջ դասին, թեմական եւ համայնքային վարչական մարմինների պատվարժան անդամներին եւ համայն մեր հավատացելոց ի սփյուռս աշխարհի:
Հայցենք միասնաբար, սիրելիներ, փրկարար Կամքն ու Շնորհը Բարձրյալի: Ուր Կամքն Աստծո, այնտեղ` խորհուրդ մեծ ու սքանչելի եւ գործ հրաշալի, ուր Շնորհն Աստծո, այնտեղ` օրհնություն:
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. մեզ, ձեզ մեծ աւետիս: