Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ պահքի առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մարտ 03

Ուղերձ Մեծ պահքի առիթով

Սիրելիներ,

Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության ճանապարհով առաջնորդելու է մեզ դեպի մարդեղացյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության խնդություն։

Պահեցողությունը առիթ ու հնարավորություն է առավել զորացնելու մեր հոգիները, ամրապնդելու մեր կամքը, սրբվելու մեղքից, մերժելու արատավոր ընթացքները, աննկուն մնալու հավատով ու ոգով և ապրելու Աստծո պատվիրաններով: Պահքի աղոթական պտուղը մաքրությունն է սրտի, որը ձգտում է կատարելության՝ ըստ տերունական կոչի. «Կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48)։

Այսպես կարող պիտի լինենք, ունկնդիր Մեծ Պահքի խորհրդին և Պահոց կիրակիների պատգամներին, հաստատելու մեր կյանքը աստվածապատվեր սիրո, արդարության ու բարության շավիղներում։ Յուրաքանչյուր հավատացյալի աստվածահաճո կենցաղավարությամբ է նաև, որ հավելվում է մեր ժողովրդի ներուժը՝ Տիրոջն ապավինած դիմագրավելու առկա մարտահրավերները և դառնալու զորեղ ազգ ու պետություն։

Հայցենք, որ Փրկչի Սուրբ Հարության կենարար շնորհներով վերափոխվենք և շեն ու պայծառ դարձնենք ազգային մեր կյանքը։ Թող Աստծո ամենախնամ Սուրբ Աջի ներքո խաղաղ ու անվտանգ լինի մեր հայրենիքը, և բարօր ու ապահով՝ համայն մեր ժողովուրդը ի հայրենիս և ի սփյուռս, այսօր և միշտ. ամեն։