Թանգարանը գտնվում է Մայր տաճարի հարավային մասում՝ սարկավագաց կացարանի երկհարկանի շենքի առաջին հարկում: Շենքը կառուցվել է 18–րդ դարում ՝ Ղազար Ջահկեցի կաթողիկոսի օրոք (1737-1751 թթ.), և կոչվել նրա անունով՝ Ղազարապատ: Սկզբանական շրջանում առաջին հարկը ծառայել է որպես հյուրատուն և հյուրասրահ, իսկ երկրորդ հարկը՝ կացարան ճեմարանականների և ուխտավորների համար:
1974 թ. Ղազարապատը հիմնովին վերակառուցվել է: Առաջին հարկի արևմտյան հատվածում տեղակայված ճաշարանից և խոհանոցից օգտվել են հյուրերը և կենվորները, օգտագործվել է նաև հատուկ արարողությունների ժամանակ:
2013 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու նախաձեռնությամբ շենքի առաջին հարկի մի հատվածը վերանորոգվել է ու վերաբացվել է՝ որպես «Ռուբեն Սևակ» թանգարան: Թանգարանում ցուցադրվում է Սուրբ Էջմիածնի բարերար Տիար Հովհաննես Չիլինկիրյանի՝ Հայ Եկեղեցուն նվիրած արվեստի գործերի հավաքածուն: Հավաքածուն ներառում է շուրջ 200 կտավ, որոնց մեջ՝ հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու երեք կտավները: Թանգարանում են պահվում և ցուցադրվում նաև բժիշկ, բանաստեղծ և արձակագիր Ռուբեն Սևակի (1885–1915 թթ.) անձնական իրերից՝ կարևոր փաստաթղթեր, արվեստի գործեր և գրական գործեր: Ռուբեն Սևակը Հայոց ցեղասպանության նահատակներից է, ով 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալվել է Օսմանյան կառավարության կողմից, ապա սպանվել նույն թվականի օգոստոսի 26-ին:
Տնօրեն՝ Տ. Սևակ քահանա Սարիբեկյան
Հեռ. +374-10–517–256