«Շողակաթը» հոգևոր-մշակութային հեռուստաընկերություն է: Հիմնադիրը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է: Հեռարձակվում է օրական 18 ժամ՝ հոգևոր-մշակութային հանրային հեռուստաալիքով և Հ1-ի արբանյակային հեռուստաալիքով:
«Շողակաթ» հեռուստաընկերության պատմությունն սկսվում է 1995-ից, երբ Արարատյան Հայրապետական թեմում հիմնվեց հեռուստաստուդիա: Նախաձեռնողն ու հիմնադիրը առաջնորդական փոխանորդն էր` Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը (1999-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս):
Առաջին տարիներին ստուդիան պատրաստում էր հոգևոր-եկեղեցական թեմաներով հաղորդումներ, տոների մասին իրազեկող տեսահոլովակներ, որոնք մեծ պատրաստակամությամբ հեռարձակում էին հայաստանյան հեռուստաընկերությունները: Հոգևոր-կրոնական հաղորդումների պահանջարկն այնքան մեծ էր, և դրանց ազդեցությունն այնքան տեսանելի, որ հեռուստաստուդիան սկսեց աշխատակազմ հավաքել և տեխնիկապես համալրվել: Հինգ տարի անց այն արդեն գործում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և գրանցված էր որպես «Շողակաթ» հեռուստաընկերություն:
Հեռուստաընկերության պատրաստած տեսանյութերն աչքի ընկան հատկապես 2001 թ., երբ Հայաստանում նշվում էր քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակը:
2002 թ. «Շողակաթը» հեռարձակման արտոնագիր ստացավ և նոյեմբերից արդեն գործում էր որպես օրական 18 ժամ եթեր ունեցող հեռուստաընկերություն: Ավանդական, եկեղեցական հաղորդումների կողքին եթեր հեռարձակվեցին նաև կրթական, մշակութային հաղորդաշարեր:
Հոգևոր-մշակութային ուղղվածություն ունեցող ալիքը սեփական կանոնադրությամբ իրեն արգելեց ալկոհոլային խմիչքների, վիճակախաղերի, խաղատների գովազդը, որոնց մեծ մասն այդ տարիներին օրենքով արտոնված էր հայաստանյան հեռուստաեթերում: Սեփական եթերային քաղաքականության շրջանակներում արգելվեց նաև բռնություն ու սարսափ քարոզող հայրենական ու արտասահմանյան տեսաֆիլմերի ցուցադրումը:
Հայաստանի հանրային հեռուստատեսության հետ կնքած պայմանագրով 2004 թ․ սկսած` «Շողակաթ» հեռուստատեսության հաղորդումներն սկսեցին հեռարձակվել նաև Հ1-ի արբանյակային հեռուստաեթերում:
Անկախ Հայաստանում երկու անգամ մշակութային հեռուստաալիք ստեղծելու փորձ արվել է: Երրորդ փորձը 2010-ին էր. Հեռուստատեսության մասին նոր օրենքը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը պարտադրեց ստեղծել առանձին հոգևոր-մշակութային հեռուստաալիք: ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով «Շողակաթ» հեռուստաընկերության փորձը, նորաստեղծ ալիքին առաջարկեց համագործակցության պայմանագիր կնքել: 2011 թ․ հունվարից «Շողակաթն» սկսեց հեռարձակվել հոգևոր-մշակութային հանրային հեռուստաալիքով և իրականացնել նաև երկրի մշակութային կյանքի լրատվությունը:
«Շողակաթ» հեռուստաընկերության գործունեության նպատակը քրիստոնեական արժեքների, էթիկայի ու բարոյականության քարոզչությունն է, հայ և համաշխարհային մշակույթի լուսաբանումը: Այս առաքելությամբ է «Շողակաթը» պատրաստում և հեռարձակում քաղաքակրթության, պատմության, կրոնների, բնության, նշանավոր անհատների, համաշխարհային հոգևոր-մշակութային արժեքների մասին պատմող բազմաժանր գիտահանրամատչելի հաղորդումներ, լուսաբանում ազգային-եկեղեցական, հասարակական, մշակութային իրադարձությունները։
«Շողակաթի» եթերացանցում գործում է հոգևոր-կրոնական բնույթի մշակութային, հասարակական, ուսումնամանկական հաղորդաշարեր:
«Շողակաթը» մեծ տեղ է հատկացնում գիտության և արվեստի մեծերի մասին պատմող վավերագրական ֆիլմերի արտադրությանը:
Հեռուստաընկերությունը մշտապես համագործակցում է Հայսատանում գործող միջազգային կառույցների հետ: Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի, Վորլդ վիժըն Հայաստան բարեգործական միջազգային կազմակերպության, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի, Եվրասիա-համագործակություն հիմնադրամի և այլ կազմակերպությունների պատվերով ստեղծվել են վավերագրական, քարոզչական, ճանաչողական տեսաֆիլմեր:
Հեռուստաընկերությունն իր եթերում մշտապես կարևորել է հասարակության կայացմանը նպաստող կրթական, ճանաչողական հաղորդումները և բարձրարժեք երաժշտության պրոպագանդան:
Եվրոպական «Արտե» մշակութային հեռուստաընկերության հետ համագործակցության շնորհիվ 2011-ից հեռուստաալիքը ցուցադրում է նաև եվրոպական հեռարձակողների պատրաստած մշակութային տեսաֆիլմեր:
«Շողակաթը» ցուցադրում է տեղական և արտասահմանյան արտադրության ֆիլմեր և համերգային ծրագրեր:
Հեռուստաընկերությունը ղեկավարում է ստեղծագործական խորհուրդը, իսկ գործադիր տնօրենն է Մանյա Ղազարյանը։
Հասցե` Հայաստան, 0039 Երևան, Հայկ Հովսեփյան 8
Հեռ.` +374-10-420-811
Էլ. փոստ` [email protected]
Կայքէջ՝ www.shoghakat.am