Կառուցվել է 1908–1911 թթ.: Գտնվում է Մայրավանքի հյուսիսարևելյան կողմում: Յուրօրինակ սյուներով և կամարներով այս շենքը նախագծել է ճարտարապետ Պ. Զոհրաբյանը: Սկզբնապես պետք է ծառայեր որպես Հայ Եկեղեցու գունազարդ ձեռագրերի պահպանման վայր (Մատենադարան): Հայ Եկեղեցու ձեռագրերի լայն հավաքածուն այս շենքում պահպանվել է մինչև խորհրդային ժամանակաշրջանը: Այնուհետև հավաքածուն Մայր Աթոռից տեղափոխվել է Երևանի Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:
1945–1997 թթ. այստեղ են անցկացվել Գևորգյան ճեմարանի դասերը: Ժամանակի պահանջներին հարմարացնելու նպատակով անհրաժեշտ է եղել ընդարձակել շենքը, ուստի 1981 թ. (ըստ վերակառուցման հեղինակ Ա. Գալիկյանի ներկայացրած նախագծի) շենքն ընդարձակվել է՝ հյուսիսային կողմից երկու հարկի հավելմամբ, արևմտյան կողմից` նոր մուտքի և սանհանգույցի կցակառուցմամբ: Շինարարական աշխատանքներն իրականացվել են 1983 թ.՝ մեկենասությամբ Արշամ Պերպերյանի: