Ամենայն Հայոց Կաթողիկոս
Կոնդակ Ս. Թադէոս եւ Ս. Բարդուղիմէոս առաքեալների տօնի առիթով
Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Ս. Թադէոս եւ Ս. Բարդուղիմէոս առաքեալների տօնի առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2014, 28 ՆՈՅԵՄԲԵՐ
ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,
ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ
Համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սէր եւ օրհնութիւն ենք բերում առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցու աշխարհասփիւռ զաւակներին:
Մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութիւնից եւ Համբարձումից յետոյ Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս առաքեալները հայոց աշխարհում տարածեցին Աւետարանի կենարար լոյսը, եւ Ամենակալ Տէրը նրանց ձեռամբ հիմնադրեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Տիրոջ շնորհազարդ առաքեալներն իրենց հետ Հայաստան բերեցին նուիրական սրբութիւններ. Սուրբ Թադէոս առաքեալը մեր ժողովրդին պարգեւեց Աստուածամուխ Սուրբ Գեղարդը եւ Տիրոջ կողմից օրհնուած իւղը, իսկ Սուրբ Բարդուղիմէոս առաքեալը` Աստուածածնի լոյս պատկերը:
Առաքելական ժամանակներից Սուրբ Գեղարդը մշտապէս պահուել է Հայոց աշխարհում, մեր հինաւուրց վանքերում, որոնցից Այրիվանքը, ի պատիւ Տէրունի սրբութեան, անուանակոչուեց Գեղարդավանք: ԺԸ դարի կէսերից Սուրբ Գեղարդը փոխադրուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` լինելով Հայոց Հայրապետաց մշտարթուն հսկողութեան ներքոյ: Սուրբ Գեղարդով է օրհնուում և նուիրագործուում Սրբալոյս Միւռոնը, որպէսզի Աստուածամուխ Գեղարդի միջոցով ևս օրհնուելով` անուշ Իւղը զօրութիւն ունենայ աստուածային շնորհները դրոշմելու մկրտուածների և ձեռնադրեալ եկեղեցականների հոգիներին, սրբագործելու աստուածպաշտական սրբազան իրերն ու առարկաները, հաւատքի նորակառոյց տները: Պատմութեան ընթացքներում նշանակալի իրադարձութիւնների ժամանակ, փորձութիւնների ու նեղութիւնների մէջ Աստուածամուխ Սուրբ Գեղարդը Հայոց Հայրապետաց օրհնութեամբ դուրս է հանուել ի տես եւ յերկրպագութիւն մեր աստուածասէր ժողովրդի եւ բարեպաշտ օտարաց, որպէսզի Սուրբ Գեղարդից ճառագող օրհնաբեր լոյսն ու աստուածային զօրութիւնը սփռուեն համայն հաւատացելոց վրայ և հրաշագործեն` պարգևելով հաւատքի ամրութիւն, բժշկութիւն, մխիթարութիւն և երկնահեղ բիւր շնորհներ:
Գոհունակ հոգով, ականատես ուխտաւորաց անհատնում երթին ի Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածին եւ հաղորդ հաւատացելոց սրտի խորին փափագին, այսօր Հայրապետական այսու Կոնդակով տնօրինում ենք, որ Հայոց առաջին լուսաւորչաց` Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս առաքելոց տօնին Աստուածամուխ Սուրբ Գեղարդը մեծահանդէս թափորով իջեցուի Քրիստոսակերտ Մայր Տաճար` յերկրպագութիւն հաւատաւոր Մեր զաւակների` ի մխիթարութիւն նրանց յուսացեալ հոգիների եւ ի կատարումն սրտի բաղձանքների: Տիրոջ բիւր շնորհների եւ երկնահեղ պարգեւների հայցով Աստուածակառոյց Սուրբ Էջմիածնից յորդոր եւ պատգամ ենք բերում հաւատաւոր, աստուածասէր Մեր զաւակներին, որպէսզի ամեն տարի այս մեծափառ տօնին ուխտի ելնեն ի Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածին, ծնրադիր երկրպագութեամբ եւ խոնարհումով Տէրունի մեծ սրբութեան` հրաշագործ Սուրբ Գեղարդի առջեւ, որը շնորհաց շտեմարան է, բարեաց աղբիւր եւ ամենայաղթ սուր ընդդէմ չարի, եւ աղօթք մատուցեն` հայցելով Փրկչի օրհնութիւնն ու հովանին համայն աշխարհին, Հայրենի մեր երկրին, մեր ժողովրդին եւ իրենց կեանքին` որպէս «դեղ կենաց առ հնարս ցաւոց հոգւոց եւ մարմնոց»:
Միածնաէջ Սուրբ Սեղանի առջեւ ի խորոց սրտի Հայրապետական Մեր աղօթքն ենք բարձրացնում առ Ամենակալ Տէրը, որ երկնային զօրակցութեամբ, «ընդ հովանեաւ Աստուածամուխ եւ սքանչելագործ սուրբ Գեղարդեանս` ներկեալ արեամբն Քրիստոսի», միշտ հաստատուն ու պայծառ պահի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, եւ ամենակեցոյց Իր շնորհներով խաղաղ ու ապահով պահպանի ու առատապէս օրհնի աշխարհս եւ աշխարհասփիւռ ազգս հայոց։
Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեան. ամէն:
Օրհնութեամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Տուաւ Կոնդակս ի 28-ն Նոյեմբերի
յամի Տեառն 2014 եւ ի թուին հայոց ՌՆԿԳ
ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 879