Հայրապետական սրբատառ կոնդակով հիմնվեցին երկու նոր թեմեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2010, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐ

Կոնդակ  երկու նոր թեմերի հիմնադրման առիթով

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ

ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,

ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

 

 Գոհութիւն եւ փառք ենք մատուցում Բարձրեալ Տիրոջը, որ Իր ամենախնամ օրհնութեան ներքոյ զօրացնում եւ պայծառացնում է Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին` տէրունապատուէր սպասաւորութեամբ հովուելու մեր ժողովրդին եւ առաջնորդելու Աստուածճանաչութեան ճշմարիտ ճանապարհով: Մեր Եկեղեցու դարաւոր առաքելութիւնն արդիւնաւորուել է հոգեւորականաց նախանձախնդիր ծառայութեամբ, բարեպաշտ ժողովրդի հաւատաւոր ընթացքով, նոր թեմերի եւ համայնքների հիմնումով, եկեղեցական-վարչական կառոյցների ազգաշահ գործունէութեամբ:

 Այսօր, երբ Հայրենի մեր երկրում վեր են յառնում խոնարհուած աղօթավայրերը, կառուցուում են նոր եկեղեցիներ, ստեղծուել են նոր համայնքներ ու ծուխեր, հրամայական է դառնում նաեւ եկեղեցավարչական նոր կառոյցների հաստատումը: Մեր Սուրբ Եկեղեցու տէրունապատուէր առաքելութեան արգասաւորման, եկեղեցավարչական գործունէութեան առաւել լաւ կազմակերպման, հոգեւոր սպասաւորների ծառայութեան կանոնակարգման եւ տարածքային վերատեսչութիւնը արդիւնաւոր իրականացնելու համար Հայրապետական այսու Կոնդակով Վայոց ձորի մարզի եկեղեցական համայնքներն առանձնացնում ենք Սիւնեաց Թեմի կազմից, Տաւուշի մարզի եկեղեցական համայնքները` Գուգարաց Թեմի կազմից եւ հռչակում ենք ստեղծումը Վայոց ձորի Թեմի` առաջնորդանիստ Եղեգնաձոր քաղաքով, եւ Տաւուշի Թեմի` առաջնորդանիստ Իջեւան քաղաքով: Վայոց ձորի Թեմի Առաջնորդի պաշտօնում ծառայութեան ենք կոչում Գերաշնորհ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչեանին, Սիւնաց Թեմի առաջնորդական տեղապահ ենք նշանակում Հոգեշնորհ Տ. Զաւեն աբեղայ Եազիչեանին, Տաւուշի Թեմի առաջնորդական տեղապահի պաշտօնում` Հոգեշնորհ Տ. Թորգոմ վարդապետ Տօնիկեանին:

 Վստահ ենք, որ Վայոց ձորի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչեանի, ինչպէս նաեւ Տաւուշի Թեմի եւ Սիւնեաց Թեմի առաջնորդական տեղապահների` Հոգեշնորհ Տ. Թորգոմ վարդապետ Տօնիկեանի եւ Հոգեշնորհ Տ. Զաւեն աբեղայ Եազիչեանի նուիրեալ սպասաւորութեամբ ու քաջակորով ջանքերով պիտի բարգաւաճեն տիրախնամ թեմերը, եւ նոր ձեռքբերումներով պիտի բարեզարդուի Մեր բարեպաշտ հայորդեաց հոգեւոր-եկեղեցական կեանքը:

 Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում Թեմերի թեմակալներին, հոգեւոր դասին ու հաւատաւոր Մեր զաւակներին եւ հայրաբար յորդորում, որ յամենայնի օգտակարութիւն բերեն Թեմերի շինութեան ու պայծառութեան գործում:

 Աղօթում ենք, որ  Բարին Աստուած խաղաղութեան ու բարօրութեան մէջ պահպանի Հայրենի մեր երկիրը, աշխարհասփիւռ մեր ժողովրդին եւ անսասան ու պայծառացեալ պահի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

«Հաստատո՛ւն կացէք ի հաւատս, ժրացարո՛ւք, զաւրացարո՛ւք: Ամենայն ինչ ձեր սիրո՛վ լիցի» (Ա Կորնթ. Ա 16.13):

 

Օրհնութեամբ`

 

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

Տուաւ Կոնդակս ի 10-ն Դեկտեմբերի

յամի Տեառն 2010 եւ ի թուին հայոց ՌՆԾԹ

ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի

ընդ համարաւ 593