Գարեգին Բ Կաթողիկոսի կոնդակը Հայոց գրերի գյուտի 1600-ամյակի հոբելյանի առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2005, 29 ՀՈՒՆՎԱՐ

Կոնդակ Հայոց գրերի գյուտի 1600-ամյակի հոբելյանի առիթով

Յիշեաց զմեզ Տէր և օրհնեաց զմեզ

(Սղմ. ՃԺԳ. 12 )

ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,
ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ


«Յիշեաց զմեզ Տէր եւ օրհնեաց զմեզ»
(Սղմ. ՃԺԳ. 12 ) ։

 Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց,

 Շնորհն Աստուծոյ եւ երկնային ողորմութիւնը այցելեցին ազգիս եւ Հայաստան աշխարհիս Հայ Գրերի երեւելի գիւտով, որի 1600-ամեակը տօնախմբելու շնորհընկալներն ենք այսօր։ Աղօթք բարձրացնենք երկինք, քանզի «Յիշեց մեզ Տէրն ու օրհնեց մեզ», պարգեւելով անձինք պսակաւոր, «որք զարդարեցին տնօրինաբար զիմաստս անեղին. հաստատելով յերկրի զգիր կենդանի»։

 Պայծառ ու պանծալի են յիշատակները, որ պիտի ոգեկոչենք։

 16 դար հեռուից մեր հոգու առջեւ պարզուում է հայոց կեանքի այն երջանիկ օրը, երբ Մաշտոց Վարդապետը վերադառնում էր Վաղարշապատ` հայերէնի նորագիւտ Տառերը սեղմած սրտին` Հայաստանի համար, իր ազգի համար ցաւացող սրտին։ Հեռաւոր ճամփորդութիւնից ուրախ էր վերադառնում. Աստուած ունկնդիր էր եղել նրա անդադրում աղօթքներին և օրհնել էր նրա տքնաջան աշխատանքը, օրհնել էր նրա առաքելութիւնը։ «Այբ» եւ «Քէ»` սկիզբն Արարիչ ու վերջը` Քրիստոս իմաստով ծնունդ էր առել 36 նշանագիր այբբենաշարը, որպէսզի հայ ժողովուրդը մայրենի լեզուով ընթերցի Աստուածաշունչը, «եւ բոլոր մարդկանց հասնի քրիստոսաբեր փրկութիւնը», ճանաչելի լինեն իմաստութիւն եւ խրատ, իմանալի` հանճարների խօսքը։

 Ճանապարհի կայաններն անցնում էր յուսառատ, քանզի գիտէր, որ հայրենի երկրում սպասում են իրեն` ընդունելու իր ջանքերի արգասիքը։ Մովսէսն անգամ այնպէս ուրախ չէր, ասում է Մաշտոցի աշակերտ ու վարքագիր Կորիւնը, որովհետեւ երբ բազուկներին առած աստուածագիր տախտակները, իջաւ Սինա լեռից, ժողովուրդը ոսկեձոյլ կուռքի էր երկրպագում։ Մինչ Մաշտոցին անհամբերութեամբ սպասում էին Սահակ Պարթեւ Կաթողիկոսը, Վռամշապուհ Թագաւորը, նախարարագունդ աւագանին, աշխարհահոգ դասը եկեղեցականաց, ու երբ լսեցին, թէ մօտեցել է մայրաքաղաքին, ժողովրդի բազմութեամբ ելան ընդառաջ։ Եւ Արաքսի ջրերը ականատես եղան հանդիպման խնդութեանը, օրհնութեան երգերին, փառաբանական ու գոհաբանական աղօթքներին։

 Աստուծոյ անանց խօսքը լսելի դարձնելու համար սկզբնաւորուեց հայերէն դպրութիւնը։ Հայոց աշխարհի բոլոր գաւառներում Թագաւորի հոգածութեամբ եւ Հայրապետի խնամքով բացուեցին դպրոցներ, կրթուեցին մանուկներ, ազատագունդ բանակը, եւ ժողովուրդն ինքը գալիս էր դէպի «աստուածային գիտութեան բացուած աղբիւրը»։ Մաշտոցեան տառերը դարձան կենդանագիր խօսքի ծառայութեան մատռուակներ, «հայաբարբառ, հայրենախօս դարձան օրէնսուսոյց Մովսէսը` մարգարեական գնդի հետ, եւ առաջադէմ Պօղոսը բոլոր առաքելական գնդով, Քրիստոսի աշխարհակեցոյց Աւետարանի հետ միասին»։ Ու բացուեցին հոգու անսպառ վտակները, աշակերտները ուսուցիչներ դարձան, թարգմանիչներ, մեկնիչներ, շարականագիր, պատմիչ ու իմաստասէր։ Իմանալի լոյսի կամարով միաւորուեց Հայոց բաժանուած հողը ու երկատուած ազգային կեանքը։ Աստուծոյ խօսքը յարդարեց ու զարդարեց հոգիները, հայրենի մեր երկրում ապրեցրեց փրկութեան յոյսն ու յարութեան հաւատը։ Տէրը օրհնեց իր ժառանգութիւնը, որը իրենց վկայութեան կեանքով վաստակել էին Տիրոջ սուրբ առաքեալները և առաքելապատիւ հաւատի մեր հայրը` Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը։ Արդարև, «Յիշեց մեզ Տէրն ու օրհնեց մեզ»։ Հայաստանի համար դժուարին ժամանակում տէրեր եղան ազգին եւ առաջնորդ հաւատարիմ հոգևորական ու աշխարհական իշխանաւորները մեր, «որք զօրութեամբ Հօր իմաստութեան էին անեղի հաստատեցին զաթոռ սրբոյն Գրիգորի` թարգմանութեամբ նշանագրութեան»։

 Սահակ-Մեսրոպեան դպրոցի օրհնեալ սերունդը կերտեց 5-րդ դարը հայոց պատմութեան` մտքի ու հոգու զարթօնքով պայծառ ու հանճարագործ, նուիրումով ու հաւատարմութեամբ յաղթական եւ նահատակութեամբ լուսազգեստ։ Հոգով կրթածը հոգի կրթեց։ Մեր պատմութեան յետագայ բոլոր դարերն առաջնորդեց հայ մշակոյթի ոսկէ հունձքի սերունդը` Քրիստոսասէր ու հայրենապաշտ, ազնուահոգի, լուսաւորեալ ու մտաւորական այն սերունդը, որը փորձութեան ժամին չվարանեց կեանքով պաշտպանել հաւատն ու հայրենին։ Հայրեր ու որդիներ, ովքեր անցողիկի մէջ յաւիտենականի ճանաչումով, մեր Տիրոջ սրբազնասուրբ անունը իրենց շուրթերին, անցան ճանապարհը Աւարայրից Նուարսակ։ «Յիշեց մեզ Տէրն ու օրհնեց մեզ», շնորհելով դար երկունքների, դար հերոսացումի, երբ քչերի համեմատ առաքինի գտնուեցին շատերը, «որք զերկրաւոր մեծութեան փառաց խաւար կոչեցին, ապաւինելով ի յոյս անմահ փեսային` անճառ բանին արժանի եղեն»։ «Յիշեց մեզ Տէրն ու օրհնեց մեզ»։ Շօղաց արեւը Շաւարշանի դաշտից վեր եւ առյաւէտ միաւորեց հայոց Հաւատն ու Հայրենիքը։ Հայաստանի հողը պաշտպանուած եղաւ, թէ ոտնակոխ, կանգուն եղաւ հայոց պետականութիւնը, թէ կործանուած, երեսունվեց տառերով, Գրով Կենդանի միշտ պաշտպանուած մնաց հայ հոգին, քանզի Մաշտոցեան նշանագրերը մագաղաթին շարուելով, հոգիներում էին գրի առել մեր ժողովրդի գոյութեան իմաստն ու խորհուրդը։

 Մաշտոցեան Գրով անմահացել է մեծասքանչ հայոց լեզուն, ու ոսկեհունդ արմատից բարձր բարձրացել է կանաչազարդ ծառը հայ մշակոյթի, որոնցով ընդմիշտ մէկ ու միասնական է աշխարհասփիւռ ազգս հայոց, իր քրիստոնէական ինքնութեամբ, իր հաւատաւոր, ստեղծող ու առաջադիմութեան ձգտող հոգեւոր ներաշխարհով։ 16 դար ինչ որ ստեղծել է մեր ժողովուրդը, այնտեղ ներկայ են հայերէնի առաջին ուսուցիչները` Սուրբ Սահակ ու Սուրբ Մաշտոց մեր մեծ ու երանելի Վարդապետները, ու քանի դեռ անմար է նրանց լուսեղէն յիշատակը եւ հայ գրերի ոգեղէն խորհուրդը, պիտի ապրեն ու գործեն` աստուածային խաւարացիր լոյսի ու անհուն գանձերի բաշխումով շարունակելով կրթել միտք անյաղթ եւ հոգի ազատ ու հաւատարիմ։

 Սիրելի ժողովուրդ հայոց, սրտիդ սեղմած պահպանիր Մաշտոցեան գիրը մեր հարազատ, եւ միշտ նուիրական պիտի մնան մեր Հայրենիքն ու Սուրբ Եկեղեցին։ Սիրիր մեր մայրենին, ու պիտի գովերգուեն փառքերը նախնեաց, շնորհը ծաղկի, տեսիլքը ազնիւ ու մաքուր եւ ձգտումը վսեմ` հայրենեաց կեանքում։ Լուսաւոր ու պայծառ պահիր հայոց դպրոցը, եւ մեր զաւակների հետ յաւէրժի մասին պիտի զրուցեն Ազատն Արարատ, Մայր Արաքս ու Մայր Տաճար, որ ընդմիշտ յիշում են այն երջանիկ օրերի խնդութիւնը, երբ պատուական մեր ուսուցիչները հայերէն հնչող Աստուծոյ խօսքով երանելի, ցանկալի ու սքանչելի դարձրեցին Հայոց աշխարհը։

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից յորդոր ենք կարդում մեր Նուիրապետական Աթոռներին, թեմակալ առաջնորդներին, ուխտապահ հոգեւո‎ր դասին եւ համայն հաւատաւոր մեր ժողովրդին` Հայաստանում եւ Սփիւռքի մեր գաղթօջախներում 2005 թուականին համազգային հանդիսութեամբ ու շուքով տօնել Հայ Գրերի աստուածօրհնեալ Գիւտի պանծալի յիշատակները։ Աշխարհի չորս ծագերում թող մեր խնդագին հոգու աղօթքը բարձրանայ երկինք, քանզի «Յիշեց մեզ Տէրն ու օրհնեց մեզ»` պարգեւելով անձինք պսակաւոր, «որք զարդարեցին տնօրինաբար զիմաստս անեղին. հաստատելով յերկրի զգիր կենդանի»։

 Թող Աստուծոյ խաղաղ ու արդար հայեացքը շօղարձակի հայոց կեանքին` ազատ ու վերածնուող մեր Հայրենիքում եւ Հայ Սփիւռքի բոլոր կողմերում:

 Իջման Սուրբ Սեղանի առջեւ աղօթք ենք բարձրացնում երկինք` հայցով, որ Աստուած, բարեխօսութեամբ լուսաբնակ մեր թարգմանիչ վարդապետների, շնորհ և առաւել շնորհ բաշխի հաւատաւոր մեր ժողովրդին, որպէսզի յարատև լինեն սէրը և նուիրումը առ Հայրենին ու մեր Սուրբ Եկեղեցին, եւ աներեր՝ մեր հաւատը, որ «Տէրը բարութիւն պիտի գործի, իսկ մեր երկիրն իր պտուղը պիտի տայ» «Յիշեաց զմեզ Տէր և օրհնեաց զմեզ» (Սղմ. ՁԴ . 13«Յիշեաց զմեզ Տէր և օրհնեաց զմեզ» ( Սղմ.  ՃԺԳ. 12 )։

 «Շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն Աստուծոյ ի Հօրէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ Որդւոյն Հօր, ճշմարտութեամբ եւ սիրով եղիցին ընդ Ձեզ»: Ամէն:

 

 

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

 

 

 

Տուաւ Կոնդակս ի 29-ն Յունուարի
յամի Տեառն 2005 եւ ի թուին Հայոց ՌՆԾԴ
ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 283