ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2002, 25 ՀՈՒՆՎԱՐ

Կոնդակ՝ Հայոց բանակի 10-րդ տարեդարձի առիթով


ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ
ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

 

 Հայոց Ազգային Բանակի կազմաւորման տասներորդ փառապանծ տարեդարձի առիթով Միածնաէջ Մայր Աթոռից Հայրապետական Մեր օրհնութիւնն ու շնորհաւորանքներն ենք բերում սիրեցեալ մեր ժողովրդի աշխարհասփիւռ բոլոր զաւակներին, մեր բանակի քաջարի զօրահրամանատարներին ու զինուորներին:

Իջման Սուրբ Սեղանի առջեւ գոհաբանական Մեր աղօթքն ենք առ Աստուած բարձրացնում, որ մեր ժողովուրդը Հայաստանի անկախութեան առաջին տարիներին խաղաղ ու պայծառ գալիքի հաւատով, Հայրենիք և Սփիւռք միասնական ջանքերով ամուր հիմքերը դրեց Ազգային Բանակի:

Արցախի ազատագրութեան ու Հայաստանի սահմանների պաշտպանութեան մարտերում ծնունդ առաւ Հայոց Բանակը: Ազատամարտիկների բոցավառ սրտերի վեհ սիրով ու աննկուն կամքով օրաւուր զօրացաւ, ուժ առաւ Հայկեան ազատատենչ ոգուց, Վարդանանց հաւատաւոր հոգուց, աննահանջ ու յաղթական դարձաւ սրբանուէր կեանքով հայ քաջորդեաց, ովքեր վասն հայրենեաց նոր պատերազմում համալրեցին անմահների զօրագունդը, «Որ հայրենեաց շողայ արև..., Որ հայրենեաց վարդեր բացուին...» եւ հաւատով, յոյսով, սիրով միաբան` միշտ կեցցէ Մայր Հայաստան։

 Արդարեւ, Հայոց Ազգային Բանակի տասնամեայ ուղին` լեցուն փառաւոր յաղթանակներով, նոր պանծալի էջեր է յաւելում հերոսական մեր պատմութեանը:

 Փառք Տիրոջը, որ Արցախում եւ Հայաստանում հայրենաբնակ մեր ժողովուրդը ազատ եւ խաղաղ երկնքի ներքոյ իր նոր կեանքն է կերտում, որ այսօր առ Աստուած խնկաբոյր աղօթք է բարձրանում Գանձասարի հինաւուրց վանքի եւ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Եկեղեցու նորոգուած խորաններից, Հայոց Արեւելեան բարձրիկ աշխարհի նուիրական սրբավայրերից:

 Փառք Տիրոջը, որ հայ զօրահրամանատարի տաղանդը, հայ զինուորի քաջութիւնն ու հաւատարմութիւնը այսօր ծառայում են մեր անկախ Հայրենիքին:

 Այս տօնական օրը Մենք աղօթք ենք բարձրացնում բոլոր այն հայորդեաց հոգիների համար, ովքեր իրենց կեանքը զոհաբերեցին յանուն այս խաղաղ առաւօտի` դառնալով նոր «զօրականք յաղթողք պսակեալ ի Քրիստոսէ»: Երիցս փառք նրանց անմահ յիշատակին և աստուածային օրհնութիւն նրանց լոյս հոգիներին:

 Հայրապետական Մեր աղոթքն ու հայցն է, որ Տէրը Իր օրհնութեան մեջ խաղաղ պահի աշխարհը համայն, Ազատն Մասեաց հայեացքի ներքոյ պահպանի Հայոց Աստուածպարգեւ Հայրենիքը եւ միասնական պահի աշխարհասփիւռ մեր ժողովրդին ու հաւատարիմ` Աստուածկառոյց Սուրբ Էջմիածնի համազգական Ուխտին:

 Թող Բարձրեալի Ամենակարող Աջը այսօր եւ միշտ զօրացնի ու պահպանի հայրենեաց պաշտպան Մեր սիրեցեալ որդիներին` զօրաց եւ զօրականաց հայոց։

 Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեան. ամէն։

Օրհնությամբ՝

 

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Տուաւ Կոնդակս ի 25-ն Յունուարի
յամի Տեառն 2002 եւ ի թուին հայոց ՌՆԾԱ
ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 78