Ս. Պատարագ և Հայրապետական սրբատառ կոնդակ՝ Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2017, 28 ՀՈՒՆՎԱՐ

Տէր զօրութիւն ժողովրդեան իւրոյ տացէ և օրհնեսցէ զժողովուրդ իւր ի խաղաղութիւն

(Սղմ. 28.11)

ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,
ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

 Գոհություն և փառք ենք վերառաքում առ Բարերարն Աստված, որ խաղաղության մեջ ենք տոնում Հայոց բանակի 25-րդ տարեդարձը: Հայրապետական այսու Կոնդակով օրհնության և շնորհավորանքի Մեր խոսքն ենք ուղղում մեր հաղթական բանակի քաջասիրտ սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին:

 Անկախ մեր պետականության փառապանծ զավակն է Հայոց բանակը, որ կազմավորվեց մեր հայրենիքի համար ծանր ու դժնդակ օրերին: Մեր ժողովուրդը դիմակայում էր հարձակումներին Հայաստանի սահմաններում և Արցախում պաշտպանում ազատ ապրելու իր իրավունքը: Պատերազմի, շրջափակման, տնտեսական փլուզումների, գաղթականության, ավերածությունների, կուտակված ահռելի դժուարությունների պայմաններում մեր ժողովուրդը չդադարեց հավատալ, որ, ինչպես սաղմոսերգուն է ասում, «Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա և իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղություն պարգևելով»: Խաղաղ ու ապահով ապրելու ձգտումով ազգիս զավակները ապավինած Աստծուն ելան պաշտպանելու մեր նվիրական հայրենիքը և մեր հայրերի ստեղծած ժառանգությունը: Հայրենասեր սրտերի բոցից մեր բանակը ծնունդ առավ ինչպես օր առ օր մեծացող Սասունցի Դավիթ, ամրապնդվեց ու զորացավ մարտերում` իր հաղթանակներով զորացնելով նաև խաղաղ կյանքի հույսն ու լավատեսությունը մեր ժողովրդի:

 Այսօր հպարտությամբ ենք անդրադառնում Հայոց բանակի 25-ամյա պանծալի ուղուն, հաղթանակներին ու ձեռքբերումներին: Տիրոջ օգնականությամբ ամրացվել են մեր սահմանները, ազատագրված է Արցախը, որը հակառակ թշնամու ամենօրյա սադրանքների` շենանում է ու բարգավաճում: Մեր բանակը շարունակում է երաշխավորել մեր հայրենիքի ապահովությունը և առավել լուսավոր ապագան` փառքով պսակելով իր ծառայությունը հայրենիքին: Նախորդ տարի, ապրիլյան պատերազմի օրերին ականատես դարձանք քաջարի ոգուն և սխրանքներին մեր հերոս զավակների, երբ մեր բանակը խափանեց հակառակորդի դավադիր ծրագրերը և վերստին ապացուցեց, որ մշտապես պատրաստ է պաշտպանելու մեր հայրենիքը, արցախահայության ազատ ապրելու իրավունքը:

 Աղոթքով ենք հիշում Մեր զավակներին, ովքեր նահատակության պսակն ընդունեցին` հանուն մեր ժողովրդի խաղաղ կյանքի ու լուսավոր ապագայի: Նրանց անմահ անունները միշտ պիտի ապրեն մեր ժողովրդի հոգում՝ մեր պատմության խնկելի հերոսների շարքին, ովքեր իրենց անկեղծ հայրենասիրությունն ու ազգասիրությունը վկայել են իրենց կյանքով ու գործերով:

 Այս հիշարժան օրը հայրական Մեր ջերմ սերը, գնահատանքն ու օրհնությունն ենք բերում մեր փառապանծ բանակի զորականներին, որ մշտարթուն ծառայությամբ ապահովում են անդորրությունը մեր երկրի: Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում բանակի կայացման գործում իրենց ավանդն ունեցող բոլոր երախտավորներին, այսօր բանակի զորացմանը աջակցողներին և բանակում ծառայող հոգևոր սպասավորներին, ովքեր իրենց արժանավոր նպաստն են բերում մեր զավակների հավատավոր, պայծառ ու արի նկարագրի կերտմանը:

 Հայոց բանակի սիրելի փառապանծ զորավարներ ու զինվորներ, դուք քաջ գիտեք, որ բանակն ուժեղ է ոչ միայն զենք ու զինատեսակներով, այլ նաև` ոգով ու պատրաստուածությամբ: Ձեր սերը հայրենիքի հանդեպ, ծառայության մեջ ձեր նախանձախնդրությունը, միմյանց հանդեպ ազնիվ վերաբերմունքն ու հոգածությունը ձեր հոգին զորացնող հավատքն ու հույսը նույնպես ձեր զենքերն են: Մաղթում ենք, որ մեր բանակը միշտ լինի հայրենասիրության դարբնոց, աննկուն պաշտպանը մեր ժողովրդի արդար իրավունքների ու ամեն առաքինության օրինակ, և մեր կյանքում միշտ ամուր լինեն հույսն ու քաջալերությունը և հավատքը աներկբա, որ «Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա և իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղություն պարգևելով»: Աղոթք ենք վերառաքում, որ Աստուծո Սուրբ Աջը հովանի և պահապան լինի ձեզ և պարգևի ապահով ծառայություն հայրենյաց խաղաղ եզերքներում: Թող ձեր հավատքը` որպես վահան ամրության, ձեզ պաշտպանի փորձություններից ու նեղություններից և Աստուծո շնորհները առատացնի ձեր կյանքում:

 Թող Բարձրյալն Աստված առատապես օրհնի մեր երկիրը, խաղաղություն ու զորություն պարգևի համայն մեր ժողովրդին` կառուցելու շեն ու բարգավաճ մեր հայրենիքը և իրագործելու ազգային մեր իղձերը:

 Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն։

 

Օրհնությամբ՝

 

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

 

Տուաւ Կոնդակս ի 28-ն Յունուարի
յամի Տեառն 2017 և ի թուին հայոց ՌՆԿԶ
ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 999