Հայրապետական կոնդակով հռչակվեց Ֆրանսիայի հայոց թեմը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2006, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐ

Կոնդակ Ֆրանսիայի հայոց թեմի հռչակման առիթով

ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,
ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ


 Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջեւ գոհութիւն ենք յայտնում Բարձրեալն Աստծուն, որ Իր ամենախնամ օրհնութեան ներքոյ Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին Տէրունապատուէր առաքելութեամբ դարեր շարունակ հովուում է համայն մեր ժողովրդին` բաշխելով Տիրոջ երկնատուր օրհնութիւնն ու հաւատոյ անսպառ լոյսը:

 Առաքելաշաւիղ եւ ազգանուէր ընթացքը մեր Սուրբ Եկեղեցու Հայրենիքում եւ աշխարհի տարբեր կողմերում, ի խնդիր ազգային-եկեղեցական կեանքի կազմակերպման, մշտապէս արդիւնաւորուել է թեմերի ու համայնքների հիմնումով, հոգեւորականների եւ եկեղեցական-վարչական կառոյցների նուիրեալ գործունէութեամբ:

 Երջանկայիշատակ Մեր նախորդ Հայրապետները` յատկապէս Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ, երբ Մեծ Եղեռնը վերապրած հայորդիք ապաստան գտան եւրոպական տարբեր երկրներում, մեծապէս հոգացին Եւրոպայում հայոց հոգեւոր խնամքի համար եւ ձեռնարկեցին եկեղեցական-վարչական կառոյցների ձևաւորումը` ազգային-եկեղեցական կեանքի կանոնաւորմանն ու արդիւնաւորմանն ի խնդիր: Գէորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց Եւրոպայի Հայոց Թեմը` հրահանգելով Թեմի հովանու ներքոյ կազմակերպել հայոց հոգեւոր կեանքը: Այնուհետ Խորէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիմնեց Հարաւային Ֆրանսիայի Թեմը` Մարսէլ կենտրոնով, իսկ Վազգէն Ա Ամենայն Հայոց Հայրապետը, հաստատելով Արեւմտեան Եւրոպայի եւ Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական Պատուիրակութիւնները, Ֆրանսիոյ տարածքը ներառեց Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակութեան կազմում` Ֆրանսիան Թեմ հռչակելու մտադրութեամբ:

 Աղօթք եւ խոնարհում երանաշնորհ Հայրապետներին եւ Եւրոպայում մեր ժողովրդի հոգեւոր կեանքը առաքելաշաւիղ անվարան ընթացքով առաջնորդած նուիրեալ բոլոր սպասաւորներին մեր Սուրբ Եկեղեցու:

 Քաջակորով Առաջնորդների եւ Հայրապետական Պատուիրակների առաջնորդութեամբ ֆրանսաբնակ Մեր բարեպաշտ զաւակները կարողացան կազմակերպել իրենց հոգեւոր կեանքը եւ եկեղեցաշէն ձեռնարկումներով ու հայրենանուէր ոգով մշտարթուն պահել հայրերից ժառանգած հաւատն առ Աստուած եւ սէրը հանդէպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Ֆրանսիոյ օրհնեալ երկրի իշխանութիւնների եւ Աստուածասէր ժողովրդի բարեացակամ վերաբերմունքը վայելելով` մեր ժողովրդի զաւակներն առ այսօր շարունակում են ապահով ու խաղաղ կերտել իրենց հոգեւոր եւ ազգային կեանքը:

 Ֆրանսիայում Թեմ հաստատելու ուղղութեամբ տարուող ջանքերը ներկայիս հասել են հանգրուանի, երբ Ֆրանսիայի հայութեան հոգեւոր կեանքն առաւել կազմակերպելու եւ բարեզարդ դարձնելու համար այլևս անհրաժեշտութիւն է մէկ թեմական միաւորի ներքոյ համախմբումը: Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում Ֆրանսիայի Մեր հաւատաւոր զաւակներին, Ֆրանսիայում պաշտօնավարող հոգեւոր դասին եւ եկեղեցական ու համայնքային վարչութեանց պատուարժան անդամներին, ովքեր նախանձախնդրօրէն հետամուտ եղան թեմական կանոնադրութեան որդեգրման եւ Թեմի կազմաւորման աշխատանքների կարեւոր գործընթացներին:

 Արդ, Հայրապետական այսու Կոնդակով Փարիզի Առաջնորդութիւնը եւ Ֆրանսիայի հայոց եկեղեցական համայնքները առանձնացնում ենք Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակութիւնից եւ հռչակում կազմաւորումը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի Հայոց Թեմի: Թեմի հոգեւոր իրաւասութեան սահմանը հաստատում ենք Ֆրանսիայի Հանրապետութեան տարածքը եւ առաջնորդանիստ կենտրոնը` Փարիզ քաղաքը:

 Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակ Գերաշնորհ Տ. Գիւտ Արքեպիսկոպոս Նագգաշեանին համատեղութեան կարգով նշանակում ենք Ֆրանսիայի Հայոց նորակազմ Թեմի Առաջնորդական Տեղապահ` յանձնարարելով վեցամսեայ ժամանակաընթացքում կազմակերպել Թեմական Խորհրդի եւ Թեմակալ Առաջնորդի ընտրութիւնները:

 Ֆրանսիայի Հայոց Թեմի հաւատաւոր զաւակներ Մեր, հայրաբար յորդորում ենք, որ որդիական սիրով հանդէպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` աջակից լինէք Սրբազան Հօրը իր առաջիկայ աշխատանքներում եւ հաւատարիմ մնաք Ֆրանսիայում մեր Սուրբ Եկեղեցու եկեղեցական վարչութիւնների կողմից որդեգրուած եւ Մեր կողմից վաւերացուած Ֆրանսիայի Հայոց Թեմի թեմական կանոնադրութեանը` վերջինիս յօդուածներին համապատասխանեցնելով ծխական կանոնադրութիւնները` ի զօրութիւն Թեմի եւ ի բարօրութիւն բարեպաշտ ֆրանսահայութեան:

 Ի խորոց սրտի աղօթքով հայցում ենք, որ Բարին Աստուած խաղաղութեան ու բարօրութեան մէջ պահի բարեկամ երկիրը Ֆրանսիայի, անսասան ու անխռով` Ֆրանսիայի Հայոց Թեմը և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին եւ Իր օրհնութեան ներքոյ պահպանի Մայր Հայրենիքը եւ մեր ժողովրդի զաւակներին ի սփիւռս աշխարհի:

 « Թագաւոր Երկնաւոր, զեկեղեցի Քո անշարժ պահեա եւ զերկրպագուս անուանդ Քում պահեա ի խաղաղութեան. ամէն »:


Օրհնութեամբ`


ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Տուաւ Կոնդակս ի 26-ն Հոկտեմբերի
Յամի Տեառն 2006 եւ ի թուին Հայոց ՌՆԾԵ
ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 373