Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցի առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2005, 3 ՓԵՏՐՎԱՐ

Կոնդակ Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցի առիթով

Զի ինձ կեանք Քրիստոս է

(Փիլ. Ա 21)

ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,
ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ


«Զի ինձ կեանք Քրիստոս է»
(Փիլ. Ա 21) ։

 Սիրելի բարեպաշտ ժողովուրդ

 Հայոց հաւատի վէմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, որ ունենք պարգեւ մեզ երկնային ամենառատ շնորհով եւ օրհնութեամբ, գոհութեան աղօթք ու փառաբանութիւն ենք մատուցում Բարերար Աստծուն այսօր, երբ 90-ամեայ յիշատակութեան առջեւ Հայոց Մեծ Եղեռնի, ի Հայաստան եւ ի Սփիւռս վերածնուած ժողովրդով համարձակաձայն կարող ենք կրկնել առաքեալի խօսքը. «Զի ինձ կեանք Քրիստոս է»։

 Արդարեւ, Քեզ ապաւինողը ամօթով չմնաց, Տէր, քանզի Դու ես Յարուցեալ, եւ Քո Խօսքը` կենդանի ու կենդանարար ու յաւիտենական։ Քեզ գիտենք իբրեւ ճշմարտութիւն, սէր եւ ողորմութիւն` Արարիչ ու Ամենախնամ, Ողորմած ու Փրկագործ։ Քեզ գիտենք իբրեւ Ամոքիչ ու Առաջնորդող պահապան զօրութիւն։ Մեր հայրերից այսպէս ուսանեցինք` փառաւորելով Քեզ` Միածին Որդուդ, Հօրը եւ Սուրբ Հոգուն։

 Քրիստոսի հետ յարութեան յոյսով, մահուան դէմ կեանքի յաղթութեան հաւատով ապրեց ու ստեղծեց մեր ժողովուրդը։ Դարերի մէջ բազում աւէրներ ու հողմեր տեսաւ, բազմիցս գերեզման իջաւ, բայց Քրիստոսին յուսացեալ` հաւատաց իր հոգու լոյսին, իր փրկութեանն ու վերածննդին։ Միշտ հաւատաց եւ իր պատմութեամբ ու իր թողած ժառանգութեամբ վկայեց, որ յարուցեալ է Քրիստոս, եւ յարուցեալ է Քրիստոսին հաւատացողը։ Այս հաւատով վերապրեցինք մեր պատմութեան ամենամեծ ողբերգութիւնը` մեր ժողովրդի ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում։

 Առաջին համաշխարհային պատերազմի թոհ ու բոհի մէջ երիտթուրքական իշխանութիւնները ժամանակը պատեհ նկատեցին` աւարտին հասցնելու հայութեան բնաջնջման թուրքական պետութեան որդեգրած քաղաքականութիւնը եւ ընդմիշտ լուծելու հայկական հարցը։ Արեւմտեան Հայաստանում` մեր Հայրենիքի մեծագոյն հատուածի վրայ եւ կայսրութեան հայաշատ այլ բնակավայրերում իրականացուեցին անզէն հայ բնակչութեան կազմակերպուած ջարդեր։ Մեր ժողովուրդը մահուան էր դատապարտուել միայն հայ եւ քրիստոնեայ լինելու համար, քանզի հայ մնալ ու քրիստոնեայ, նշանակում էր շարունակել լինել բնիկ ու տոհմիկ ժողովուրդը Հայաստան երկրի։

 1915 թուականին աւէրն էր թագաւորում, սարսափն ու մահը` հայոց բնակավայրերում։ Փլուում էր տունը հայի գլխին, այրուում էր հողը իր մշակի ոտքի տակ, ակօսը գերեզման էր դառնում, եկեղեցին` անբարբառ յուշարձան։ Եփրատի ափերից մինչև Արաքսի հովիտներ, Սեւ ծովից մինչեւ Միջերկրական` ձորերը լցուեցին հայ մարդկանց դիակներով, գետերը` արիւնով։ Թալանուած ու տանջահար անզէն ժողովուրդը` կին, մանուկ ու ծեր քշուեցին անջուր անապատ, եւ նրանց վերջին աղօթքի ունկնդիրը եղաւ տօթակէզ քամին։ Անլուր ջարդերին զոհ գնաց մէկ ու կէս միլիոն հայութիւն, որը հողագործ էր, արհեստաւոր, կառուցող շինարար, վաճառական, բժիշկ ու գիտնական։

 20-րդ լուսաւորեալ դարը եղեռնով սկսուեց մեր ժողովրդի համար, որ նոր ժամանակներում յոյս ունէր գտնել անձի ապահովութիւն, մարդկային իրաւունքի պաշտպանութիւն եւ խաղաղ կեանք։ Այս էր Հայկական հարցի բովանդակութիւնը։ Սահմանադրական իրաւունքներից խօսող երիտթուրքական իշխանութիւնները ամեն բան հաշուարկել էին` չկայ ժողովուրդ, չկայ Հայկական հարց, չկայ ժառանգորդ, չկայ` պահանջատէր։ Չարահնար ծրագրի հեղինակները վստահ էին, որ իսպառ պիտի բնաջնջուի հայութիւնը, երկրէ-երկիր ցրուելով` անյիշատակ ու անհետ պիտի վերանայ պատմութեան ասպարէզից։ Ամեն բան հաշուարկել էին, բայց ոչ` Աստուծոյ նախախնամութիւնը եւ Աստծուն յուսացեալ ժողովրդի ապրելու եւ արարելու կամքն ու զօրութիւնը։

 Նոյն ջարդարարների արշաւանքներին դիմակայելով` ընդդէմ մահու խիզախումով հերոսացած` փրկուեց Արեւելեան Հայաստանի փոքրիկ հողակտորը, որի վրայ հաստատուեց հայոց նոր պետականութիւնը։ Մեր ազատ երկրի դրօշի ներքոյ Ծիծեռնակաբերդի բարձունքում Արարատահայեաց վեր է յառնել Մեծ Եղեռնի յուշակոթողը, որտեղ լուսեղէն զօրաց գնդերով հոգիներն են երկրի վրայ մեր հողը սրբացրած եւ երկնքում Աստուած փառաբանող մեր նահատակների և որտեղ ձեռք-ձեռքի, սիրտ-սրտի միասին է ազգս հայոց։ Յաւէրժատես այս բարձունքին մեր ցաւն ու արդար ցասումը զօրութիւն դարձաւ եւ ծնունդ առաւ Արցախեան յաղթանակող ոգին։

 Փառք քեզ, ժողովուրդ սիրելի, որ չերկնչեցիր մահուան քրքիջից։ Խաչդ ուսած անցար Գողգոթայի ճանապարհներով և յարութիւն առար յաղթանակած։

 Փառք քեզ, ժողովուրդ սիրելի, որ վէրքը սրտիդ բնաւէր տունդ վերստին կառուցեցիր Հայրենիքիցդ հեռու եւ մօտիկ բազում երկրներում եւ շարունակեցիր հայ մնալ ու քրիստոնեայ։ Արարող հանճարով շարունակեցիր հաց ստեղծել, կառուցել, գիտութեան ու մշակոյթի բարձունքների հասնել եւ այսպէս ճանաչուած ապրել։

 Երիցս փառք քեզ, ժողովուրդ սիրեցեալ, «Զի ինձ կեանք Քրիստոս է» հաւատով քայլեցիր դէպի քո կեանքի նոր այգաբացը, եւ յուսացիր իրաւունքի ու արդարութեան դարի նոր առաւօտը ու այս ճանապարհին մնացիր կանգուն ու արի։

 Չենք մոռացել ու չենք կարող մոռանալ Հայոց Ցեղասպանութիւնը, մեր պատմութեան այս մեծագոյն ողբերգութիւնը։ Չենք մոռացել ու չենք կարող մոռանալ աւէրակուած խնկաբոյր երկիրը մեր, հայրենական սրբութիւններն ու բազմադարեայ յիշատակները։ Մեզ հետ են մեր բիւրաւոր նահատակները` յայտնի ու անյայտ անուններով։ Նրանց յիշատակի առջեւ միասին ենք միշտ։ Մեզ հետ են ի պաշտպանութիւն մեր ժողովրդի բողոքի ազնիւ ձայն բարձրացրած մեծ մարդասէրները, որոնց շուրթերից մարդկութեան խիղճն էր խօսում Եղեռնի մահասփիւռ օրերին։ Մեզ հետ են այն ժողովուրդները, ովքեր մարդասիրաբար ապաստան տուեցին ջարդերից փրկուած բեկորներին հայութեան։


 Անցել են ժամանակները, երբ մեր հայրերը չէին կարող ոգեկոչել յիշատակը մարտիրոսացած հայորդիների, երբ միայնակ էին ազգային ողբերգութեան ու վշտի մէջ։ Այսօր շատ ազգեր ու պետութիւններ ճանաչում են մեր ժողովրդի հանդէպ գործուած ոճիրը` իբրեւ յանցանք մարդկութեան ու մարդկայնութեան դէմ։ 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը պիտի ճանաչուի ու դատապարտուի ողջ աշխարհի ու նաեւ Թուրքիայի կողմից, այն համոզումով, որ բռնութիւններն ու սպանութիւնները չեն կարող առաջնորդել մարդկութեան ճանապարհը։ Խաղաղութիւնն ու ազատ կեանքը, եղբայրութիւնը մարդկանց ու ազգերի միջեւ, արդարեւ, երազն է բոլոր ժողովուրդների։

 Մեծ Եղեռնի 90-ամեայ տարելիցի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ու ողջոյնն ենք բերում աշխարհասփիւռ սիրեցեալ մեր ժողովրդին։ Ձեռք-ձեռքի ու սիրտ-սրտի միասին ենք յիշատակի առջեւ մեր անմեղ զոհերի, ովքեր իրենց աչքերը փակեցին մեր ժողովրդի վերածնութեան, մեր Հայրենիքի ազատութեան տեսիլքով։ Հաւատարիմ լինենք նրանց տեսիլքին։ Որտեղ էլ ապրենք, փոխանցենք մեր զաւակներին Արարատի պատկերը նուիրական, Լուսաւորչի Կանթեղն անմար եւ հայրենի մեր հողն ու երկինքը միաւորող Սուրբ Էջմիածնի խորհուրդը յաւէրժական։ Որտեղ էլ ապրենք, համակ նուիրումով տէր կանգնենք մեր ազգային իղձերին ու ձգտումներին։ Պաշտպանենք Արցախի ազատութեան իրաւունքի, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մեր արդար դատը։ Միասնական ուժերով կառուցենք նոր կեանքը Հայաստանի ու Արցախի եւ հայրենի հողից առած աւիւնով զօրացեալ ու ծաղկուն պահպանենք Հայ Սփիւռքը։ Ապրենք «Զի ինձ կեանք Քրիստոս է» վստահութեամբ եւ հաւատով` որ Աստուած համախմբելու է մեզ Արարատի փեշերին։ Տէրը կամեցաւ ազգիս յարութիւնը, որպէսզի յարատևի Աւետարանի լոյսով ու կեանքի սիրով աշխարհին բացուած հայի հոգին, եւ հայերէն աղօթքը շարունակի երկինք բարձրանալ` հայցելով աշխարհին խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն։ Հաւատանք ի Քրիստոս սիրով զօրացեալ առաքինագործ հոգու շնորհներին մեր կեանքում եւ հայոց միացեալ ու պայծառ գալիքին։

«Հաստատուն կացէք, զտեղի կալջիք, պնդեալ զմէջս ձեր ճշմարտութեամբ, եւ զգեցեալ զզրահսն արդարութեան» (Եփես. Զ 14):

 

 

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

 

 

Տուաւ Կոնդակս ի 3-ն Փետրուարի
յամի Տեառն 2005 եւ ի թուին Հայոց ՌՆԾԴ
ի տօնի Սրբոց Վարդանանց զօրավարացն`
հազար երեսուն եւ վեց վկայիցն
ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 285