Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով Մեքսիկայի հայ համայնքներն ընդգրկվել են ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի կազմում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2014,21 ՆՈՅԵՄԲԵՐ
ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,
ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ
Գոհութիւն եւ փառք ենք մատուցում առ Բարձրեալն Աստուած, որ օրհնում է զաւակներին ազգիս հայոց՝ մեր հայրերի սուրբ հաւատքի անխախտ վէմի վրա շէն ու պայծառ պահելու ազգային ու հոգեւոր իր կեանքի անդաստանը ի սփիւռս աշխարհի:
Տակաւին 19-րդ դարում, երբ Oսմանեան կոտորածներից մազապուրծ հայութիւնը բնակութիւն հաստատեց Հիւսիսային Ամերիկայում, երջանկայիշատակ Խրիմեան Հայրիկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական Կոնդակով հաստատեց թեմական կառոյց Հիւսիսային Ամերիկա մայրցամաքում, որպէսզի արդիւնաւոր լինի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու սպասաւորութիւնը հաւատաւոր մեր հայորդիներին, եւ հայրենակարօտ մեր ժողովուրդը անմասն չմնայ հոգեւոր խնամատարութիւնից:
Հետագայ տարիներին եւ յատկապէս Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով առաւել մեծ թուով հայորդիներ կեանքի ապահովութիւն գտան Հիւսիսային Ամերիկայում: Հայ համայնքներ ձեւաւորուեցին Միացեալ Նահանգների Արեւելեան, այնուհետեւ նաեւ Արեւմտեան շրջաններում եւ Կանադայում: Մեր ժողովրդի հոգեւոր կեանքը կազմակերպելու եւ հոգատարելու նպատակով, ընդառաջ եկեղեցական վարչութիւնների խնդրանքին, Գեւորգ Ե եւ Վազգէն Ա երջանկայիշատակ Հայրապետները հաստատեցին ԱՄՆ Հայոց Արեւմտեան եւ Կանադայի հայոց թեմերը:
Վերջին տասնամեակներին ժողովրդագրական տեղաշարժերի արդիւնքում մեծացել է հայորդեաց թիւը նաեւ Մեքսիկայում: Այս ընթացքում այցելու հոգեւորականների միջոցով մեր Եկեղեցին ջանքեր է բերել, որպէսզի Մեքսիկայում բնակեալ հայորդիները իրենց հոգեւոր ու ազգային կեանքը կառուցեն մեր հայրերի սուրբ հաւատի նուիրական վէմի վրա եւ անխախտ պահեն իրենց հոգեւոր ու ազգային ինքնութիւնը:
Այսօր հրամայական է առաւել մեծ հոգեւոր խնամք ու հոգատարութիւն մատուցել Մեքսիկայում բնակեալ մեր ժողովրդի զաւակներին: Այս առումով ընդառաջելով ԱՄՆ Հայոց Արեւելեան եւ Արեւմտեան Թեմերի խնդրանքին եւ հաշուի առնելով Մեքսիկայի ու Կալիֆորնիայի հայ համայնքների փոխադարձ սերտ առնչութիւններն եւ Մեքսիկայի աշխարհագրական դիրքի նպատակահարմարութիւնը, Հայրապետական այսու Կոնդակով Մեքսիկայի հայ համայնքները առանձնացնում ենք ԱՄՆ Հայոց Արեւելեան Թեմից եւ ընդգրկում ԱՄՆ Հայոց Արեւմտեան Թեմի կազմի մէջ:
Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք յղում ԱՄՆ Հայոց Արեւմտեան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովնան Արքեպիսկպոս Տէրտէրեանին, յորդորելով հովուական նախանձախնդիր սպասաւորութեամբ ջանքեր բերել Մեքսիկայում համայնքային կառոյցների ձեւաւորմանը եւ արդիւնաւոր գործունէութեանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնը, սէրն ու բարեմաղթանքներն ենք յղում Մեքսիկայում բնակեալ հաւատաւոր Մեր սիրելի զաւակներին: Ի խորոց սրտի աղօթում ենք եւ հայցում, որ Բարձրեալն Աստուած Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ պահպանի մեքսիկահայ համայնքը եւ երկնառաք Իր ամենակեցոյց շնորհներով առատապէս օրհնի ու պայծառացնի ազգային ու հոգեւոր կեանքը Քրիստոսասէր մեր ժողովրդի այժմ եւ յաւիտեանս. ամէն:
«Թագաւոր Երկնաւոր, զեկեղեցի Քո անշարժ պահեա եւ զերկրպագուս անուանդ Քում պահեա ի խաղաղութեան»:
Օրհնութեամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Տուաւ Կոնդակս ի 21-ն Նոյեմբերի
յամի Տեառն 2014 եւ ի թուին Հայոց ՌՆԿԳ
ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 877