Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Վազգեն Առաջինի վախճանման տասնամյակի առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2004, 18 ՕԳՈՍՏՈՍ
ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,
ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ
Աղօթքով եւ խորին ակնածանքի ու խոնարհումի զգացումով մեր ժողովուրդը տասնամեակ առաջ հրաժեշտ տուեց երջանկայիշատակ Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ամփոփելով նրա մարմինը աստուածատես հովանու ներքոյ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի։ Լոյս յիշատակի առջևեւ երախտարժան Հայրապետի, սիրելի Վեհափառի` նրա մահուան 10-րդ տարելիցին, Մեր հոգում վերստին իր ողջ վեհութեամբ յառնում է նրա մարդկային եւ հայրապետական մեծութեան կերպարը։
Չորս տասնամեակ աչալուրջ հովուեց իր հօտը շնորհազարդ Հայրապետը` Սուրբ Էջմիածնից հայեացքը յառած դէպի հեռուն գնացող գալիքները, դէպի պայծառ հորիզոնները հայ ժողովրդի եւ նոր արշալոյսը Հայ Եկեղեցու։ Հովուեց մի ժամանակում, երբ Սուրբ Էջմիածինը չունէր ամբողջ ազատութիւնը իրականացնելու համար իր առաքելութիւնը Հայրենիքում եւ աշխարհով սփռուած իր ժողովրդի կեանքում։ Սուրբ Էջմիածինը գործելու ազատութիւնը չունէր, բայց ունեցաւ իմաստուն ու քաջարի Աստուածարեալ Գահակալ, ով անվարան հաւատով կանգնած հաստատուն վեմին Հայ Եկեղեցու եւ հաւատարիմ աւանդներին հայոց մեծագործ հայրապետների, կարող եղաւ զօրացնել ու բարձրացնել մեր Եկեղեցին։
Վազգէն Վեհափառը Հայրապետութեան եկաւ հայոց կեանքում անհամեմատ դժուարին տասնամեակներից յետոյ։ Մեր ժողովուրդն ու Եկեղեցին Եղեռնն էր ապրել, կրել խորհրդային իշխանութեան հալածանքները, կորուստներ ունեցել Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Դժնդակ այդ օրերին, երբ, յիրաւի քաջութիւն էր Եկեղեցին պահպանելը, շնորհիւ Գեւորգ Զ Կաթողիկոսի կորովամիտ ջանքերի` առաջին կարեւոր ձեռքբերումները եկան վերստին լուսաւորելու ազգային-եկեղեցական կեանքի ուղին։ Եւ Վազգէն Ա Հայրապետը արժանաւոր շարունակողն ու արգասաւորողը եղաւ Գեւորգ Զ Կաթողիկոսի ամուր ձեռքով սկզբնաւորուած ձեռնարկումների` տեսնելով նոր յոյսեր եւ ուղենշելով նոր ճանապարհներ։ Նորոգուեցին ու վերաշինուեցին խոնարհեալ եկեղեցիներ ու վանքեր, այլեւ կեանք առան սրբազան արարողութեամբ ու լցուեցին աղօթքով։ Ղօղանջեցին տասնամեակներ լռած զանգերը եկեղեցիների եւ պարտադրուող աթէիզմի պայմաններում հաւատն ու յոյսը չլքեց հայորդեաց հոգիները։ Նոր շնչով ու զարթօնքով լցուեց Սուրբ Էջմիածինը։ Նորոգ տեսիլքով ու հաստատաքայլ ընթացքով գործեց Հոգեւոր Ճեմարանը, եւ նորոգ ոգեւորութեամբ շարունակեց հրատարակուել «Էջմիածին» ամսագիրը` Մայր Աթոռի խօսքը տանելով ժողովրդին, Մայր Աթոռից ու նրա լուսամիտ Գահակալից ճառագող հաւատը, յոյսն ու սէրը, որ աշխարհասփիւռ հայութեան հայեացքը պահպանում էր դէպի Հայրենիք, դէպի Արարատն ու Սուրբ Էջմիածինը։ Արդարեւ, Վազգէն Ա Հայրապետը շատ ջանաց, որպէսզի Հայրենիքի նոր օրուայ հաւատով նրա հետ միասնական ապրի հայ ժողովուրդը։ Ապրի Աւետարանի ճշմարիտ լոյսը հոգում, հպարտ` նախնեաց ժառանգութեամբ ու աւանդով։ Հոգու անհաշտ ընդվզումով ու տառապանքով կրեց Վեհափառը 1956 թուականի եկեղեցական պառակտումը եւ իր ողջ կեանքը նուիրեց ազգային եւ եկեղեցական միասնականութեան պահպանմանը, հայութեան հոգեւոր վերածննդին, հայոց պետականութեան վերածննդին։ Այսօր Մենք փառք ենք բարձրացնում երկինք, որ կորովի Հայրապետը իր Աջով օրհնեց վերահաստատումը հայոց ազգային անկախ պետականութեան եւ ազատագրումը Արցախի։ Այդ դժուարին, բայց հերոսական օրերին ծերունազարդ Հայրապետը իր ժողովրդի հետ կրեց բոլոր զոհողութիւնները, վտանգների առջեւ խոհեմութեամբ յորդորեց, վշտի մէջ մխիթարեց ու արիաբար հաւատ ներշնչեց։ Մեր ժողովրդի համար անսահման ուրախութիւն է անդրադառնալ, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Հերոսի կոչումը առաջինը շնորհուեց Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Հայոց Հայրապետը միշտ աղօթող եղաւ աշխարհի խաղաղութեան համար եւ Հայ Եկեղեցու մասնակցութիւնը բերեց քրիստոնէական եկեղեցիների համագործակցութեանը` հաւատալով ներդրուող միասնական ջանքերի ուժին, հաւատալով մարդկութեան բարի կամքին ու ստեղծագործ առաջագնաց կեանքին։ Նա եղաւ իր ժողովրդի խաղաղասէր հոգու արտայայտողը միջազգային հաւաքներում եւ համաժողովներում, արտայայտողը բռնութիւններից զերծ արդար աշխարհի նրա երազի, կամքի ու ձգտումների։
Մայր Տաճարի հովանու ներքոյ, շարքում Ամենայն Հայոց երանաշնորհ Հայրապետների, հանգչում է հայոց 130-րդ Հայրապետը, սիրելի Հայրապետը մեր ողջ ժողովրդի համար։ Մենք նոյնպէս երջանկութիւնն ենք ունեցել հոգեւոր մեր կրթութիւնը ստանալու Վազգէն Ա Հայրապետի հայեացքի ներքոյ, զգալու նրա հայրական հոգածու ձեռքի ջերմութիւնը, տեսնելու ազնուասիրտ եւ արդարամիտ հոգու շռայլութիւնը։ Մենք, ինչպէս եւ Հայ Եկեղեցու անդաստանում այսօր իրենց ծառայութիւնը իրականացնող բազմաթիւ եկեղեցականներ, ովքեր հոգեւորականի իրենց առաջին քայլերն են սկսել Վազգէն Ա Կաթողիկոսի առաջնորդութեամբ եւ ծառայակից ու գործակից դարձել սիրելի Վեհափառին, ականատեսն ենք նաեւ նրա ամենամեծ նախանձախնդրութեանը Սուրբ Էջմիածնի առաքելութեան հանդէպ եւ յաւերժագնաց այդ առաքելութեանը ամբողջական, անանձնական սիրով նուիրումին։
Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի յիշատակին որդիական Մեր խոնարհումը բերելով` տնօրինում ենք կանգնեցնել մեծագործ Հայրապետի արձանը նրա անունը կրող Վազգէնեան հոգեւոր դպրանոցում, որն այսօր հոգեւոր մշակների իր հունձքն է պարգևում Հայ Եկեղեցուն։
Մայր Տաճարի հովանու ներքոյ խաղաղ հանգչում է Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մեզ աւանդ թողած Աստուածասէր, ազգասէր ու հայրենասէր իր կեանքի պսակազարդ օրինակը։ Նրա շիրմին ամեն խոնարհուող կարդում է. «Սէր ոչ երբէք անկանի»` Սէրը չի անյայտանում։ Յաւերժ է նրա մեծ ու անբասիր սիրով կառուցուածը, մեծ ու անբասիր սիրոյ նրա աւանդն ու պատգամը։
Թող ամենքիս սրտում միշտ անմար մնայ լուսաւոր յիշատակը Շինարար Հայրապետի, Շնորհազարդ Հայրապետի, Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Եւ թող նրա արդար հոգին երկնային բարձունքներում Աստուծոյ տեսութեան մէջ շարունակի աղօթել եւ օրհնութիւն հայցել հայրենի մեր հողին, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, հայոց նոր կեանքին ու յոյսերին։
Շնորհք եւ սէր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեան. ամէն։
Օրհնութեամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Տուաւ Կոնդակս ի 18-ն Օգոստոսի
Յամի Տեառն 2004 եւ ի թուին Հայոց ՌՆԾԳ
ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 273