Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ավազանի անունով՝ Կտրիճ Ներսիսյան) ծնվել է 1951 թ. Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում: 1965 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան: 1970 թ. դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ստեփանոս նախասարկավագի տոնին, ձեռնադրվել է սարկավագ: 1971 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Հոգևոր ճեմարանը և նշանակվել տեսչի օգնական՝ միաժամանակ դասավանդելով «Նոր Կտակարան» առարկան:
1972 թ., ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Գարեգին աբեղա: Նույն թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ մեկնել է Վիեննա՝ ուսումը շարունակելու Վիեննայի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում: 1975 թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ, միաժամանակ շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում: 1979 թ. վերադարձել է Մայր Աթոռ և Վազգեն Ա Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել Զագորսկ (Ռուսաստան)՝ ուսումնառությունը շարունակելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում:
1980 թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական, 1983 թ. ապրիլին՝ առաջնորդական փոխանորդ: Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992 թ. ստացել արքության պատիվ և տիտղոս:
1989 թ. Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը:
1990 թ. Արարատյան Հայրապետական թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում էր թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը՝ թվով 56 հանրակրթական դպրոցներում:
1992 թ. Գարեգին արքեպիսկոպոսի ջանքերի շնորհիվ ՀՀ կառավարության որոշմամբ մայրաքաղաքում գտնվող պիոներպալատներից երեքը փոխանցվել են Հայ Առաքելական Եկեղեցուն և մանուկների ու պատանիների հոգևոր ու գեղագիտական կրթության նպատակով վերակազմավորվել են՝ կոչվելով Հայորդյաց տներ։ Այս կրթական հաստատությունների գործունեությունը հնարավոր է եղել շարունակաբար արդյունավորել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային մեծ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ մեծազնիվ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի ազնիվ աջակցությամբ։
1990 թվականից Նորին Սրբազնությունը Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է:
1993 թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը նշանակվել է Տնտեսաֆինանսական հանձնաժողովի նախագահ և Մայր Աթոռի ներքին գործերի և բաժինների պատասխանատու ղեկավար։ Հանձնաժողովի կազմն ընդլայնվել է 1994 թ.։
1995 թ. կաթողիկոսական ընտրության ժամանակ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը թեկնածուներից մեկն էր: Ընտրության երրորդ փուլում նա հանեց իր թեկնածությունը՝ հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի:
1997-2000 թթ. եղել է ՀՀ նախագահին առընթեր ներման հանձնաժողովի անդամ։
1998 թ. Գարեգին Ա Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ:
1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-եկեղեցական ժողովում Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց՝ նոյեմբերի 4-ին ստանալով կաթողիկոսական ձեռնադրություն և օծում:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գահակալությունից հետո ուխտագնացություններով այցելել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, Հովվապետական այց կատարել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն, որտեղ թուրք հանրության առջև բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության ընդունման ու դատապարտման անհրաժեշտությունը աշխարհի և ի մասնավորի Թուրքիայի կողմից։
Գահակալությանը հաջորդած ամիսներից սկսվել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի Հովվապետական և Հայրապետական այցելությունները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հայաստանյան, Արցախի և սփյուռքի թեմեր: Այցելությունների ընթացքում Նորին Սրբությունն իր ներկայությամբ և օրհնությամբ մխիթարություն և հոգևոր խնդություն է բերում հավատավոր բազմահազար հայորդիներին, հանդիպում նաև տարբեր երկրների նախագահների, պետական այրերի հետ, քննարկում Հայ Եկեղեցուն, Հայաստանի և Արցախի Հանրապետություններին և հայ ժողովրդին վերաբերող հրատապ խնդիրներ:
Կարևորելով միջեկեղեցական կապերի ամրապնդումը՝ Վեհափառ Հայրապետը 2000 թվականից այցելում է քույր Եկեղեցիներ և նրանց պետերին, նաև հայոց հոգևոր կենտրոնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ընդունում քույր Եկեղեցիների պետերին, հոգևորականներին և տարբեր եկեղեցական պատվիրակությունների։ Վեհափառ Հայրապետը կարևորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամակցությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և իր առաքելության մաս դիտում նաև էկումենիկ գործունեությունը, որի նկատմամբ Վեհափառ Հայրապետի նախանձախնդիր վերաբերմունքի վկայությունն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի ստեղծումը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ համագործակցության նոր փուլ է սկսվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ԵՀԽ Կլոր սեղանի հայաստանյան գրասենյակի առաքելությամբ, որն ավելի է ծավալվում Գարեգին Բ Հայրապետի քաջալերանքով: Այս ոլորտում իրականացվող տարբեր ծրագրերն առավել ամրապնդելու և զարգացնելու նպատակով, 2000 թվականից սկսած, տեղի են ունենում երկկողմանի այցելություններ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչների միջև: Վեհափառ Հայրապետը հանդիպում է նաև օտար կրոնների ներկայացուցիչների և կրոնապետերի հետ, հանդես գալիս համամարդկային արժեքների պահպանման, համընդհանուր խաղաղության, աշխարհում սիրո, համերաշխության ու արդյունավոր գործակցության վերաբերյալ խոսքով ու զեկուցումներով: Նորին Սրբության ներկայացուցիչները մշտապես մասնակցում են միջկրոնական համաժողովների և համագումարների՝ փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձները։
Այս առումով առանձնանում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումները Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահ Շյուքյուր Փաշա Զադեի հետ, որոնք սկսվել են Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Բ-ի միջնորդությամբ՝ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը նպաստելու համար։ Եռակողմ այս հանդիպումները շարունակվել են Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի ջանքերով։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թ. հոկտեմբերի 13-ին, որի ընթացքում Նորին Սրբությունը դատապարտել է Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, հայատյացության քարոզչությունը, ռազմագերիներին ազատ չարձակելը, ՀՀ պետական սահմանների նկատմամբ ոտնձգությունները, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության, վանքերի ու եկեղեցիների պղծումն ու ավերումները, դրանք յուրացնելու և ինքնությունից զրկելու փորձերը՝ կարևորելով Արցախի Հանրապետության կարգավիճակի հստակեցումն ու ճանաչումը և արցախահայության անկախ կյանքի իրավունքի իրացման երաշխավորումը։
Ընտրությունից ի վեր Նորին Սրբությունն իր ողջ եռանդով ձեռնամուխ է եկեղեցական ներքին կյանքի կարգավորմանն ու կազմակերպմանը: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետության օրոք առաջընթաց արձանագրեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր-կրթական հաստատությունները: Նրա ջանքերով վերաշխուժացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթարանները՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, Սևանի Վազգենյան դպրանոցը, Քահանայից լսարանը, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը, 2012 թ. հիմնվեց և արդյունավոր գործունեություն ծավալեց «Թրբանճյան» ընծայարանը Հառիճավանքում:
Ուսումնակրթական գործունեության հանդեպ Վեհափառ Հայրապետի նախանձախնդրությունը երևան եկավ դեռ Արարատյան Հայրապետական թեմի փոխանորդության տարիներին, երբ ապագա Հայրապետը հիմնեց Սևանի Վազգենյան դպրանոցը։ Հոգևոր կրթարանների առաջընթացը կապված էր հատկապես բարձրակարգ դասախոսների ընտրության և նոր ուսումնական ծրագրերի մշակման հետ, որոնք կատարվեցին Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ: Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական բարձրագույն ծրագիրը նկատի ունենալով, ինչպես նաև արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում ճեմարանի սաների ուսումնառությունը շարունակելու հնարավորությունն առավել ընդլայնելու նպատակով Նորին Սրբությունը դիմեց ՀՀ կառավարությանը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանը ճանաչելու որպես բարձրագույն ուսումնական հաստատություն: Արդյունքում Գևորգյան հոգևոր ճեմարանը դարձավ պետականորեն ճանաչված Աստվածաբանական համալսարան, իսկ Սևանի Վազգենյան դպրանոցը՝ նրա մասնաճյուղը։ Հառիճի «Թրբանճյան» ընծայարանն ավագ դպրոցի ծրագրով հոգևոր ուղղվածությամբ կրթություն է մատուցում՝ սաներին պատրաստելով Գևորգյան հոգևոր ճեմարան ընդունելության:
Գևորգյան հոգևոր ճեմարանի՝ Աստվածաբանական համալսարանի ուսուցչապետը և վերատեսուչը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Գարեգին Բ Հայրապետը նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի գիտական խորհրդի նախագահն է, որն ի պաշտոնե իր լիազոր ներկայացուցչի միջոցով ղեկավարում է Գևորգյան հոգևոր ճեմարանի կրթական, գիտական և մշակութային գործունեությունը, գիտական խորհրդի նիստերը և իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և Գևորգյան հոգևոր ճեմարանի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Վեհափառ Հայրապետը նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսական կազմի անդամ է: Նորին Սրբությունն այժմ ճեմարանում դասավանդում է «Քարոզխոսություն» առարկան՝ իր սաներին սովորեցնելով Աստծո խոսքի քարոզչության և հոգևոր ճշմարտությունները հավատացյալներին մատուցելու սկզբունքներն ու միջոցները: Նորին Սրբությունը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում ճեմարանում կրթական գործի լավագույնս կազմակերպմանը՝ կարևորելով նաև արժանավոր ճեմարանավարտների կրթության շարունակումը այլ երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում: Շատ ճեմարանավարտներ իրենց կրթությունն են շարունակում տարբեր երկրների և քույր Եկեղեցիների հեղինակավոր բարձրագույն կրթական հաստատություններում։ Վեհափառ Հայրապետի փափագն է, որ արտասահմանում ուսանող հոգևորականները վերադառնալով նոր լիցք հաղորդեն Հայոց Եկեղեցու վանական ու միաբանական կյանքին՝ Եկեղեցու անդաստանում զորացնելով նաև ուսումնատենչության ոգին, նոր թափ հաղորդելով գիտական, աստվածաբանական ու եկեղեցագիտական բարձրարժեք աշխատությունների և ուսումնասիրությունների ստեղծման ու հրատարակման կարևոր գործին:
Նորին Սրբության գահակալության տարիներին կրթվել է հոգևորականների նոր սերունդ, առավել աշխուժացել է քրիստոնեական քարոզչությունը, նորոգվել են բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր: Հոգևոր-կրթական հաստատությունների հետ սերտ աղերս ունեն Հայորդյաց տները, որոնք հիմնադրվել են 1992 թ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ապագա Հայրապետի անմիջական նախաձեռնությամբ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ: Հայորդյաց տներում հմուտ ուսուցիչների և մանկավարժների ջանքերով զարգացվում են Հայորդյաց տներ հաճախող երեխաների ու պատանիների ստեղծագործական ունակությունները, միաժամանակ նրանք ստանում են նաև քրիստոնեական դաստիարակություն: Հայորդյաց տներին կից գործում են երիտասարդական միություններ, որոնց շնորհիվ բազում երիտասարդներ ավելի են կապվում Մայր Եկեղեցուն, սովորում են գնահատել հոգևոր սրբազան արժեքները և դրանցով առաջնորդվել իրենց կյանքի ընթացքում: Առաքելական Եկեղեցու թեմերում գործում են նաև կիրակնօրյա դպրոցներ, որտեղ Աստվածաշնչին և հավատքի կարևոր սկզբունքներին ծանոթանում են դպրոցահասակ երեխաները: 2007 թ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ հիմնադրվել է նաև Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական միավորումը, որի կենտրոնական գրասենյակը գործում է Երևանում՝ Սուրբ Աննա եկեղեցու հարևանությամբ։ ՀԵՀԵՄ-ը համախմբում է Հայաստանի, Արցախի և սփյուռքի թեմերի երիտասարդներին ու երիտասարդական միություններին, իրականացնում միջոցառումներ, ուսուցումներ, ուխտագնացություններ, կրոնական դասընթացներ և հանդիսություններ, պարբերական հանդիպումներ Հայոց Հայրապետի հետ։
Խնամքի կարոտ կարիքավոր տարեցներին օգնելու նպատակով դեռևս Արարատյան Հայրապետական թեմի փոխանորդության տարիներին Նորին Սրբության նախաձեռնությամբ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ հիմնվեցին բարեգործական ճաշարաններ, որոնք գործում էին Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո, իսկ այժմ 5 ճաշարաններ իրենց գործունեությունը շարունակում են Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի համակարգում: Բարեգործական ճաշարաններ հաճախելու անկարող տարեցներին սնունդ են հասցնում Հայորդյաց տների սաները, ինչը նպաստում է պատանիների ու երիտասարդների հոգիներում ողորմասիրության և ծառայասիրության առաքինությունների դաստիարակմանը:
Նորին Սրբությունը դեռևս Արարատյան Հայրապետական թեմի փոխանորդության տարիներից՝ 1988 թվականից, նախաձեռնել է ծնողազուրկ երեխաների աջակցության ծրագիրը, որը գործում է մինչ այսօր՝ օգնություն ցուցաբերելով միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին։
Վեհափառ Հայրապետը, կարևորելով վանական կյանքի դարավոր ավանդույթների վերականգնումը, մեծ աշխատանքներ է կատարում նաև այս ուղղությամբ: Վանքերի գործունեության աշխուժացման և վանական կյանքի վերականգնման նպատակով Գեղարդի, Խոր Վիրապի, Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե վանքերում, Հաղարծնի և Տաթևի վանքերում կատարվել են նորոգչական աշխատանքներ: Նորին Սրբության բարձր նախագահությամբ պարբերաբար գումարվում են միաբանական ու եպիսկոպոսական հավաքներ, թեմակալ առաջնորդների և քահանայից ժողովներ: Դրանց ընթացքում քննարկվում են զանազան կարևոր հարցեր, որոնք առնչվում են վանական ներքին կյանքին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության առավել արդյունալից ու նպատակամղված գործունեությանը, հոգևոր և ազգային-եկեղեցական կյանքի աշխուժացմանը, մասնավորապես հայաստանյան և սփյուռքի թեմերում ժողովրդի կյանքից ներս Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարության մեծացմանը:
Գահակալության առաջին իսկ տարում Վեհափառ Հայրապետը հիմնել է «Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական կենտրոնը, որի համար Հայկ և Էլզա Դիդիզյան ամոլի կողմից Մայր Աթոռի տարածքում առանձին գեղեցկակերտ շենք է կառուցվել 2015 թ.։ Նշանակալի է նաև Վաչե և Թամար Մանուկյանների բարերարությամբ Սուրբ Էջմիածնում բարերարների անունը կրող Մատենադարանի հիմնումը, որի հարուստ գրադարանը մեծապես նպաստում է Մայր Աթոռի միաբանների, Հայ Եկեղեցու հոգևոր սպասավորների գիտական և աստվածաբանական մտքի զորացմանը: Մատենադարանում աշխատելու և գրականության հարուստ հավաքածուից օգտվելու հնարավորություն է ընձեռնվել ոչ միայն հոգևոր դասին, այլև մտավորականությանը, ուսանողությանը, ընթերցասեր հասարակությանը:
Հայ ժողովրդի կյանքում Եկեղեցու դերն առավել ընդգծելու, ինչպես նաև հայորդիների հոգևոր վերազարթոնքի նպատակով Նորին Սրբության կողմից իրականացված կարևոր իրագործումներից էր օրհնության հատուկ օրերի հռչակումը՝ ըստ համապատասխան եկեղեցական տոների, ինչը մեծ աշխուժություն բերեց ազային-եկեղեցական կյանքում: Հայրապետական տնօրինությամբ Տեառնընդառաջը հռչակվեց որպես Նորապսակների օրհնության օր, Սուրբ Սարգիս զորավարի տոնը՝ Երիտասարդների օրհնության օր, Ավետման տոնը՝ Մայրերի օրհնության օր, Ծաղկազարդը՝ Երեխաների օրհնության օր, Սուրբ ավետարանիչների տոնը՝ Բժիշկների օրհնության օր: Սահմանվեցին նաև Բռնադատված եկեղեցականների հիշատակի օրը և Շրջանավարտների օրհնության օրը, Ամանորի գիշերը՝ Նռնօրհնեքի արարողությունը։ Աշխարհասփյուռ հայ ժողովրդի հավատքը և բարեպաշտական զգացումները զորացյալ պահելու և հոգևոր-եկեղեցական կյանքի նվիրական հիշատակները վերարժևորելու համար Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հռչակել է ուխտի օրեր։ Քրիստոսի Համբարձման տոնը, երբ հիշատակվում է 1441 թ. Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի՝ Սսից Էջմիածին փոխադրությունը, ինչպես և Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը հռչակվել են Սուրբ Էջմիածնի ուխտի օրեր։ Նաև Նորին Սրբության տնօրինությամբ ուխտի օր է հռչակվել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնի օրը, երբ դուրս է բերվում Քրիստոսամուխ Սուրբ Գեղարդը, և Սուրբ Էջմիածնում մատուցվում է Պատարագ։
Նորին Սրբության ստորագրած 2000 թ. հուշագրով վավերացվել է Հայոց բանակում հոգևորականների ծառայությունը, հաստատվել ՀՀ Զինված ուժերում Հոգևոր առաջնորդությունը։ Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքն ամփոփող հայոց մեծ արքա Աշոտ Երկաթի խաչը Հայոց Հայրապետի կողմից հռչակվել է որպես Հայոց բանակի պահապան, բանակային զորատեսակներին են ընծայվել օրհնված խաչվառներ։
Նորին Սրբության տնօրինությամբ, եկեղեցավարչական գործունեության արդյունավոր կազմակերպման, հոգևոր սպասավորների ծառայության առավել կանոնակարգման համար ստեղծվել են նոր թեմեր՝ Ֆրանսիայի, Բալթյան երկրների, Արթիկի, Վայոց ձորի, Տավուշի, Մասեացոտնի, ինչպես նաև հիմնվել է Բալկանյան երկրների Հայրապետական Պատվիրակությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին օծվել են բազմաթիվ նորակառույց եկեղեցիներ, կատարվել է նոր եկեղեցիների հիմնօրհնեք, ավարտվել են պատմական վանքերի և վանական համալիրների վերակառուցման աշխատանքներ: 2001թ. սեպտեմբերի 23-ին Վեհափառ Հայրապետի ձեռամբ կատարվել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումը, որը Հայաստանում քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների մասն էր կազմում:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրականացված շինարարական աշխատանքներից են.
Ս. Տրդատ Բաց խորանը և Ս. Գրիգոր Լուսավորչի դարպասը (բարերարներ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոն և տիար Սենիկ Գևորգյան),
Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահը (բարերարներ տեր և տիկին Պետրոս և Աննա Օրունճագճիելներ),
Ս. Հրեշտակապետաց եկեղեցին (բարերար տիար Գագիկ Գալստյան),
Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանը (բարերար տիար Արմեն Սարգսյան),
Դիվանատունը (բարերարներ տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյաններ),
Նոր միաբանական շենքը՝ միաբանական ճաշարանով հանդերձ (բարերար տիար Ռիչարդ Մանուկյան),
Նորոգվել են Երեմյան խցերը (բարերար Մարտիկյան ընտանիք)։
Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ զգալիորեն ընդլայնվել է Մայր Աթոռի տարածքը մինչև 50 հա՝ նախկինում Մայր Աթոռին պատկանող տարածքների վերադարձմամբ և նոր տարածքների ձեռքբերմամբ:
Նորին Սրբության կարգադրությամբ հիմնովին վերանորոգվել է Մայր Աթոռի տպարանի շենքը: Վերանորոգման աշխատանքների ընթացքում տպարանի շենքի հիմքի արտաքին կողմում հայտնաբերվել է Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսի 1888 թվականի հուշատախտակը տպարանի կառուցման մասին: Նորին Սրբությունը, կարևոր տեղ հատկացնելով Մայր Աթոռի թանգարանների գործունեությանը, նախաձեռնեց նաև Վեհարանի բակի տարածքում գտնվող նախկին Խրիմյան թանգարանի հիմնովին վերանորոգումը՝ հայ ժողովրդի տաղանդավոր զավակ և աշխարհահռչակ նկարիչ, ամերիկյան էքսպրեցիոնիզմի հիմնադիր Արշիլ Գորկու կտավների ցուցադրության համար: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ և բարերար Հովհաննես Չիլինկիրյանի փափագին ընդառաջ՝ Հայաստանում ցուցադրելու իր նշանավոր հորեղբոր՝ անվանի բանաստեղծ ու բժիշկ, Ցեղասպանության նահատակ Ռուբեն Սևակի հեղինակած կտավներն ու արխիվային նյութերը, Նորին Սրբության առաջարկությամբ ու նախաձեռնությամբ և Հովհաննես Չիլինկիրյանի բարերարությամբ Մայր Աթոռում հիմնվեց «Ռուբե» Սևակե թանգարանը։ Թանգարանում ներկայացված է նաև տիար Հովհաննես Չիլինկիրյանի արժեքավոր հավաքածուն արևմտահայ նկարիչների կտավների, որը բարեհիշատակ հայորդին սրտաբուխ հանձնառությամբ ընծայաբերել է Մայր Աթոռին։
2001 թ. ՀԲԸՄ-ի կողմից, ազգային մեծ բարերար տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի ՀԲԸՄ նախագահության շրջանում, Մայր Աթոռին նվիրաբերվեց Պրոկտոլոգիայի նախկին ինստիտուտը: Վեհափառ Հայրապետի հոգածությամբ և աջակցությամբ, Սարգիս և Մարի Իզմիրլյան բարեպաշտ ամոլի հովանավորությամբ, ինչպես նաև Լուիզ Մանուկյան Սիմոնի ներդրումով հիվանդանոցը վերանորոգվեց և վերազինվեց ժամանակակից բժշկական նոր սարքավորումներով՝ վերանվանվելով բարերարների անունով «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
Մայր Աթոռում իրականացված լայնածավալ շինարարական աշխատանքների, հաստատված նոր շինությունների և վերանորոգումների շարքում հիշատակելի իրագործումներից են Վեհարանի հիմնովին նորոգությունը, դրան կից հանդիսությունների դահլիճի, Սրբոց Հայրապետաց մատուռի կառուցումը՝ շնորհիվ ազգային բարերարներ տեր և տիկին Սամվել և Էթերի Կարապետյանների ընծայաբերած գովարժան ու սրտաբուխ նվիրատվության: Նորին Սրբության շինարարական գործունեության կարևոր և մեծագույն ձեռքբերումներից է համազգային հանգանակությամբ և բարերար հայորդիների սրտաբուխ նվիրատվություններով հիմնովին նորոգությունը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի և հարակից տարածքի։ 2022 թ. մեծանուն բարերարներ Վաչե և Թամար Մանուկյանների նվիրատվությամբ սկսվեցին Մայր Աթոռի Վարչական շենքի կառուցման աշխատանքները։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի շինարարական գործունեությունը ներառում է նաև ծրագրեր Վաղարշապատ քաղաքում: Դրանց թվում հիշատակելի են Վաղարշապատի Ատամնաբուժական կենտրոնը, որը բժշկական աջակցություն է տրամադրում առավելապես շրջակա գյուղերի կարիքավոր բնակիչներին, հոգևորականներին, ճեմարանի սաներին։ Մեծանուն բարերար Էդուարդո Էորնեկյանի սրտաբուխ բարերարությամբ կառուցվել է «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցը։ Նորին Սրբության կողմից հիմնադրվելով՝ արդյունավետորեն գործում է «Նագգաշյան» մանուկների խնամքի կենտրոնը Երևանում և «Քյուրքչյան» կենտրոնը Վաղարշապատում։
Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը, կարևորելով նաև նոր սերնդի տեխնոլոգիական կրթությունը, նախաձեռնել է Թումոյի կենտրոնի կառուցում Մայր Աթոռի տարածքում, որտեղ պատանիներ ու երիտասարդներ անվճար պիտի զարգացնեն իրենց հմտությունները, ձեռք բերեն այս ոլորտում կրթական փորձառություն։
Նորին Սրբության ջանքերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա կառույցների, ինչպես նաև հոգևոր-կրթական հաստատությունների առաքելությունն արդյունավորելու համար բարերար հայորդիների աջակցությամբ ստեղծվել են հիմնադրամներ, որոնց շնորհիվ հնարավոր է լինում ապահովել հայոց հոգևոր կենտրոնի շարունակական գործունեությունը և զանազան ազգաշահ ծրագրերի իրականացումը։
2020 թ. սեպտեմբերի 20-ին սկսված արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, մեծ աջակցություն բերեց հայրենի պետությանը և հայոց բանակին։ Նորին Սրբության կոչով Հայ Եկեղեցու և սփյուռքի թեմերը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միջոցով նյութական մեծ օգնություն տրամադրեցին պետությանն ու բանակին։ Նորին Սրբության տնօրինությամբ ամեն օր՝ կեսօրին, մինչև պատերազմի ավարտը, հայաստանյան բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջել են, և կատարվել է մաղթանք-աղոթք՝ ի զորակցություն հայոց բանակի։ Վեհափառ Հայրապետը կոչով դիմել է նաև հայորդիներին՝ որպես կամավորներ զինվորագրվելու հայրենյաց պաշտպանության սրբազան գործին և սատարելու հայոց բանակի զինվորներին։ Հայոց Հայրապետի օրհնությամբ Հայաստանի և սփյուռքի տարբեր թեմերից հոգևորականներ և հայոց բանակի գնդերեցները մշտապես եղել են զինվորների կողքին՝ նրանց ոգեշնչելու, չմկրտվածներին մկրտելու, մարտերից առաջ Սուրբ Հաղորդություն տալու, մարտնչող զինվորների հոգևոր կարիքներին սպասավորելու համար։ Պատերազմից հետո Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակը, որը Նորին Սրբության կողմից հիմնադրվել էր 2014 թ. Հայաստանում և Արցախում սոցիալական աջակցության և զարգացման ծրագրեր իրականացնելու համար, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ լծվեց նաև աջակցելու բռնի տեղահանված բազմաթիվ արցախցիների նյութական օգնության տրամադրման և ապաստանով ապահովման հրատապ գործին։ Հետպատերազմյան շրջանում ևս Մայր Աթոռը սատարում է ծայրահեղ կարիքի մեջ գտնվող հայորդիներին, ինչպես նաև զոհված, գերեվարված և անհայտ կորած զավակներ ունեցող ընտանիքներին։ Նորին Սրբության նախաձեռնությամբ և օրհնությամբ իրականացվում է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինվորների բուժման և պրոթեզավորման ծրագիրը, որով արտերկրում բարձրակարգ բուժում են ստանում և պրոթեզավորվում հայրենիքի պաշտպանության մարտերում վիրավորված հայորդիներ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է տերունապատվեր ծառայությունը՝ հավատացյալ ժողովրդին առաջնորդելով փրկության ճանապարհով, հոգեփրկչական առաքելության ծիրից ներս նախանձախնդիր լինելով հայապահպանության, նոր սերնդի հայեցի և քրիստոնեական դաստիարակության, մշակույթի զարգացման, հայոց պետության զորացման և հայ ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի հաստատման ջանքերի մեջ։