Աղոթքներն ըստ կատարման լինում են երկու տեսակ` առանձնական և ընդհանրական:
Ընդհանրական աղոթքները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում արտահայտվում են Ս․ Պատարագի, ժամերգությունների և այլ ծիսակարգերի մատուցմամբ։ Առանձնական աղոթքը կարող է արվել ամենուր (Մատթ. Զ 6, Ղուկ. ԻԲ 4), իսկ ընդհանրական աղոթքը կատարվում է հատուկ սահմանված վայրում՝ եկեղեցում։
Քրիստոնյայի համար չափազանց կարևոր է եկեղեցում ընդհանրական աղոթքի մասնակցելը, որովհետև այդպես նա լիարժեքորեն հաղորդակից է դառնում քրիստոնեական համայնքի հոգևոր կյանքին։ Քրիստոնեական առաջին համայնքները նույնպես միասին էին կատարում իրենց աղոթքները (Գործք Բ 42-44)։
Հայոց Եկեղեցում աստվածպաշտությունը կատարվում է ամեն օր տարբեր ժամերի, որի մասին արդեն վկայություններ կան Ե դարից։
Հայոց Եկեղեցին ունի յոթ ժամերգություն՝
Գիշերային,
Առավոտյան,
Արևագալ,
Ճաշու (երրորդ, վեցերորդ, իններորդ ժամերի),
Երեկոյան,
Խաղաղական,
Հանգստյան:
Ժամերգությունները կատարվում են՝ ըստ Դավթի սաղմոսի. «Օրվա մեջ յոթ անգամ պիտի օրհնեմ Քո արդար դատաստանի համար» (Սաղմ. ՃԺԸ 164):
Յուրաքանչյուր ժամերգության սկզբի խրատում նշվում է, թե Ս․ Երրորդության Անձերից ո՛ւմ է այն ուղղված, ո՛ր ժամին է կատարվում և ի՛նչ տերունական հիշատակություն ունի։
Ժամերգությունների որոշ հատվածներ փոփոխելի են՝ ըստ օրվա տոնի, հիշատակության և ձայնի։
Գիշերային Ժամերգություն
Կատարվում է ի դեմս Հայր Աստծու, կեսգիշերին: Կատարման ժամանակի համար որպես հիմք վերցված է Դավիթ մարգարեի հետևյալ խոսքը` «Կեսգիշերին ելնում էի գոհություն մատուցելու Քեզ Քո արդար դատաստանների համար» (Սաղմ. ՃԺԸ 62), որովհետև օրը սկսվում էր գիշերով: Ենթադրվում է, որ ժամերգությունը կատարվել է գիշերը ժամը 3-ին: Ժամանակին Գիշերային և Արևագալի ժամերգությունները կատարվել են փոխնիփոխ, իսկ ԺԳ դարից սկսած՝ Գիշերայինը դարձել է ամենօրյա։
Առավոտյան Ժամերգություն
Կատարվում է ի դեմս Որդի Աստծու, արշալույսին: Առավոտյան ժամերգության տնօրինական հիշատակն է Քրիստոսի հայտնվելը Յուղաբեր կանանց։ Առավոտյան ժամերգությունն ամենօրյա է։
Արևագալի ժամերգություն
Կատարվում է ի դեմս Ս․ Հոգու արևածագին։ Ժամերգության տնօրինական հիշատակն է Քրիստոսի հարությունը և աշակերտներին երևալը: Այս ժամերգությունը Է դարում Եզր Ա Փառաժնակերտցի (630-641թթ․) կաթողիկոսի կողմից առանձնացվել է Առավոտյան ժամերգությունից։ Սկզբնապես այն ամենօրյա չի եղել և կատարվել է սրբոց տոներին և պահոց օրերին: Այժմ Արևագալի ժամերգությունը հիմնականում կատարվում է միայն Մեծ Պահքին (բացառությամբ շաբաթ և կիրակի օրերը)՝ սկսած առաջին չորեքշաբթի օրվանից մինչև Ղազարոսի հարության հիշատակի նախորդ օրը` ուրբաթ։
Ճաշու Երրորդ ժամի ժամերգություն
Կատարվում է ի դեմս Ս․ Հոգու իջման, առավոտյան ժամը 9։00-ին: Ժամերգության տնօրինական հիշատակն է Եվայի՝ արգելված պտղից ճաշակումը և Քրիստոսով դատապարտությունից ազատվելը:
Ճաշու Վեցերորդ ժամի ժամերգություն
Կատարվում է ի դեմս Հայր Աստծու ժամը 12։00-ին: Ժամերգության տնօրինական հիշատակն է Քրիստոսի չարչարանքները և խաչելությունը:
Ճաշու Իններորդ ժամի ժամերգություն
Կատարվում է ի դեմս Որդի Աստծու ժամը 15։00-ին: Ճաշու Ժամերգության տնօրինական հիշատակն է Քրիստոսի մահը:
Ճաշու երեք ժամերգություններն այսօր հիմնականում կատարվում են Մեծ Պահքին՝ բոլոր օրերին (բացի շաբաթ օրվանից), Ավագ Շաբաթվա չորս օրերին` Ավագ Երկուշաբթի, Ավագ Երեքշաբթի, Ավագ Չորեքշաբթի և Ավագ Հինգշաբթի, ինչպես նաև Ս․ Ծննդյան և Ս․ Զատկի Ճրագալույցներին:
Երեկոյան ժամերգություն
Կատարվում է ի դեմս Որդի Աստծու, մայրամուտից առաջ: Ժամերգության տնօրինական հիշատակն է Քրիստոսին խաչից իջեցնելը, պատանքելը և թաղումը: Երեկոյան ժամերգությունն ամենօրյա է: Տարվա մեջ միայն մեկ անգամ՝ Ավագ Շաբաթ օրը, Երեկոյան ժամերգություն չի կատարվում, որովհետև այն ունի Քրիստոսի թաղման խորհուրդը: Ավագ Շաբաթ օրվա փոխարեն այն կատարվում է Ավագ Ուրբաթ օրը` Թաղման կարգի ժամանակ: Մեծ Պահքի ընթացքում Երեկոյան ժամերգությունը կատարվում է ցերեկը` Ճաշու երեք ժամերգություններից հետո:
Խաղաղական ժամերգություն
Կատարվում է ի դեմս Ս․ Հոգու, ինչպես նաև՝ Որդի Աստծու, մայրամուտից հետո: Ժամերգության տնօրինական հիշատակն է Քրիստոսի գերեզման դրվելը, դժոխք իջնելը և արդար հոգիներին խաղաղություն պարգևելը: Այս ժամերգությունը, որն սկզբնապես Հանգստյան ժամերգության հետ միասին կազմում էր մեկ ամբողջություն, ձևավորվել է է-Ը դարերում։ Խաղաղական ժամերգությունը տոնական օրերին չի կատարվում, այլ Մեծ Պահքի շրջանում՝ երկուշաբթիից ուրբաթ։
Հանգստյան ժամերգություն
Կատարվում է ի դեմս Հայր Աստծու, քնելուց առաջ: Ժամերգության տնօրինական հիշատակն է, «որպեսզի Միածինը պահապան Աջով պահի մեզ այս խավար գիշերին»։ Հանգստյան ժամերգությունը ԺԳ դարում արդեն առանձին ժամերգություն էր, իսկ ԺԶ դարում այն որպես հասարակաց կարգ ընդգրկվում է Ժամագրքում։
Հանգստյան կարգը տերունի տոներին և նախատոնակներին կատարվում է իբրև Հսկումի արարողություն։ Այս կարգը, բացի Մեծ Պահքի շրջանից, կատարվում է նաև մեծ տոների (Ս․ Ծնունդ, Տյառնընդառաջ, Ծաղկազարդ, Ս․ Զատիկ, Նոր Կիրակի, Հոգեգալուստ, Պայծառակերպություն, Ս․ Աստվածածնի Վերափոխում, Խաչվերաց) նախօրեին: Բացի վերը նշված տոներից, Հսկման կարգ կատարվում է նաև կաթողիկոսական, եպիսկոպոսական ձեռնադրության և օծման օրերին կամ դրանց նախորդ օրը, ինչպես նաև Սրբալույս Մյուռոնի օրհնության նախորդ օրը երեկոյան` ժամերգությունից հետո: Հանգստյան ժամերգությունն այսօր հիմնականում կատարվում է Մեծ Պահքի շրջանում՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին։
Թեև այսօր վերոնշյալ բոլոր ժամերգություններն ամեն օր ամբողջությամբ չեն կատարվում, սակայն հնում վանքերում և անապատներում այս ժամերգություններն ամեն օր կատարվել են իրենց ճիշտ ժամանակին և հաջորդականությամբ:
Այժմ ամեն օր առավոտյան կատարվում են Գիշերային և Առավոտյան ժամերգությունները` իսկ երեկոյան՝ Երեկոյան ժամերգությունը: Մեծ Պահքին (բացառութամբ շաբաթ և կիրակի օրերի) կատարվում են մյուս ժամերգությունները` ըստ հետևյալ հերթականության՝ Գիշերային, Առավոտյան և Արևագալի ժամերգությունները՝ առավոտյան, իսկ Ճաշու Երրորդ, Վեցերորդ և Իններորդ ժամերի ժամերգությունները՝ ցերեկը:
Երեկոյան ժամերգությունը ևս Մեծ Պահքին կատարվում է ցերեկը` Ճաշու ժամերգություններից հետո, իսկ Խաղաղականը և Հանգստյանը՝ երեկոյան: