Խոսք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում հրավիրված համահայկական համագումարին՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձին

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՄԱՐՏ 21

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,

 Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության,

 Համագումարի հարգարժան մասնակիցներ,

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից սիրով ողջունում ենք ամենքիդ Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-րդ տարեդարձին նվիրված համաժողովի գումարման առիթով:
Առանձնակի գոհունակությամբ ենք անդրադառնում, որ մեր հոգևոր եղբոր՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախանձախնդրությամբ այսօր մեկտեղվել եք Անթիլիասի մայրավանքում` քննարկելու և արժևորելու հայրենի պետականության վերակերտման պատմական հիշատակները: Մայր հայրենիքում և  սփյուռքում այս նշանակալի իրադարձության 100-ամյակին նվիրված բոլոր տոնախմբությունները գալիս են մեզ հիշեցնելու, որ հակառակ դժվարին պատմական անցյալի՝ մեր ժողովուրդը երբեք չի դադարել պայքարել ազատության համար, որը մարդկանց տրված աստվածային շնորհ է:

 100-ամյակ առաջ մեր անկախ պետականությունը վերահաստատվեց այնպիսի դժվարին մի ժամանակահատվածում, երբ աշխարհը փոթորկած Առաջին աշխարհամարտի պայմաններում Օսմանյան Թուրքիայում իրականացվում էր հայոց ցեղասպանությունը, իսկ Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորքերը սպառնում էին մեր ժողովրդի գոյությանը: Օրհասական պահին ոտքի կանգնեց ժողովուրդը, զինվորական, գյուղացի, հոգևորական մահն անտեսելով մարտի դաշտ էին գնում անդադար հնչող զանգերի ներքո եկեղեցիների և իրենց հավատավոր հոգիներում հայրենիքը պաշտպանելու կոչը Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի: Մայիսյան հերոսամարտերը վկայությունը եղան մեր ժողովրդի քաջարի ոգու և միասնության, որ մի կողմ դնելով կուսակցական ու քաղաքական տարաձայնությունները, բռունցքվեց հանուն նոր ծնվելիք Հայաստանի անկախ Հանրապետության: Ազգային պետականությունը իբրև մեր ժողովրդի նվիրական ձգտումների իրագործում, օրհնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հանրապետության դրոշի և բանակի օրհնությամբ, որն աղոթալի խոսքով այսպես է բնորոշել Գևորգ Ե Հայրապետը. «ի սրտե փափագող իմ սիրեցյալ ազգիս երջանկության և իմ պանծալի հայրենիքի և պետության բարգավաճման և հարատևության համար…Հայոց Մայր Աթոռի հնադարյան Ս. Էջմիածնի տաճարում անձամբ մատուցեցի Ս. Պատարագ, օրհնեցի և սրբագործեցի Անկախ, Միացյալ և Մեծ Հայաստանի տոնը…»:

 Պետականության վերականգնումը դարձավ մղիչ ու ոգևորիչ ուժ, վստահություն ներշնչեց մեր ժողովրդին իր գալիքի հանդեպ: Այն եղավ նաև վկայություն մեր ժողովրդի նվիրական ու վեհ ձգտումների` կառուցելու ժողովրդավարական, իրավական ու ընկերային պետություն, ազատ ու արդար հասարակական կյանք: Այս ավանդները, հայրենիքի հանդեպ սերը առաջնորդեցին մեր ժողովրդին 1991 թվականին հռչակելու ազգային պետականության անկախությունը, սատարելու արցախահայության ազատ ապրելու իրավունքի իրացմանը, պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները թշնամյաց ոտնձգություններից:

 Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման հոբելյաններն այսօր ոգեշնչման առիթ ու հրավեր են աշխարհսփյուռ մեր ժողովրդին՝ միասնական ջանքեր բերելու հայրենի մեր պետականության զորացման, Արցախյան խնդրի խաղաղ ու արդարացի կարգավորման, մեր Արդար Դատի պաշտպանության նվիրական գործին: Ինչպես անցյալում, այնպես և այսօր և վաղը՝ բազմաթիվ խնդիրների լուծումը առավել դյուրին պիտի լինի մեր ժողովրդի հնարավորությունների մեկտեղման շնորհիվ: Մեր միասնության առանցքը հայրենի մեր երկիրն ու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին են, որոնց շուրջ համախմբված՝ մեր զավակների համար պիտի կառուցենք  ապահով, բարօր ու երջանիկ երկիր, պիտի զորացնենք սփյուռքի համայնքները, հետամուտ լինենք ազգային մեր իղձերի իրականացմանը:

 Աղոթում ենք առ Աստված, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի մեր երկիրը և անսասան` հայրենի մեր պետականությունը, հավատքի մեջ հաստատուն և իր տեսիլքներին հավատարիմ պահպանի մեր ժողովրդին` ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս:

 Շնորհ, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն: