Խոսք խաղաղության աղոթքի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը խաղաղության աղոթքի առիթով

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՄԱՅԻՍ 9

Խոսք խաղաղության աղոթքի առիթով

«Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը»

(Ա Հովհ. 5.4)

Սիրելի ժողովուրդ Հայոց,


Հայրական սիրով բերում ենք ձեզ Մեր օրհնությունը և բարեմաղթանքները մայիսի 9-ի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման նվիրական օրվա առիթով:

Այս տոները մեզ համար դարձել են խորհրդանիշը բռնության ու չարի դեմ պայքարի, հայրենի հողի վրա անկախ կյանք կերտելու մաքառումի և ազատատենչ ոգու հաղթության: Քրիստոնյա մեր ժողովուրդը պատմության ընթացքում հաճախ ենթարկվել է արհավիրքների ու նեղությունների, սակայն իր լուսավոր հավատքով ու գալիքի տեսիլքով վեր է հառնել փորձություններից և առ Աստված ապավինությամբ վերահաստատել իր վճռականությունը արժանապատիվ գոյության և հարատևության։

Ծանր և դժվարին օրեր ենք ապրում այսօր: Ամենօրյա բռնաճնշումների և նվաստացումների է ենթարկվում շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովուրդը: Նվազ չեն նաև Հայաստանի առջև հառնած սպառնալիքները, տակավին անհանգիստ են սահմանները, լեցուն՝թշնամու սադրանքներով ու հարձակումների վտանգներով: Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները մտահոգություններով ու տագնապներով են համակել հոգիները մեր ժողովրդի զավակների՝ ինչպես հայրենիքում, այնպես և սփյուռքում:

Այս ցավալի իրավիճակում անգամ, երբ կորցրել ենք Շուշին և Արցախ աշխարհի զգալի հատվածը, երբ ունենք հազարավոր զոհեր ու վիրավորներ, բազում գերեվարվածներ ու անհայտ կորածներ, մենք նշում ենք այս օրը՝ համոզումով, որ ամուր և անսասան է մեր ժողովրդի ոգին,անկոտրում՝ ապրելու և արարելու կամքը, և հաստատուն՝ հայրենիքի հանդեպ նվիրումը։

Սիրելիներ, մայիսի 9-ը ոչ միայն արժևորումն է անցյալի հաղթությանց, այլև ամրագրումը հանձնառու պատասխանատվության՝ հավատքով և միասնականությամբ կերտելու մեր գալիք հաղթանակները։ «Եւ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը»,- հաստատում է առաքյալը։

Մենք հավատում ենք մեր ժողովրդի աստվածատուր ուժին՝ պարտությունը վերածելու հաղթանակի, մահը՝ կյանքի, ցավը՝ ուրախության: Հավատում ենք նաև, որ կարող պիտի լինենք մերժել մեզանից վախն ու թերահավատությունը, անտարբերությունն ու հարմարվողականությունը՝ վստահությամբ, որ համազգային ու հայրենական կյանքում պիտի գերակայեն ու հաղթանակեն աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու արժանապատվությունը:

Արդ, սիրելի ժողովուրդ հայոց, ապրենք ու գործենք այս գիտակցությամբ և մայիսի 9-ը դիտարկենք ոչ միայն Երկրորդ աշխարհամարտի, արցախյան հերոսամարտի պատմական իրադարձությունների, Շուշիի ազատագրման նշանակալի թվական, այլ որպես առաքելություն, որպես ջանք և կամք՝ ուղղված նոր հաղթանակների ու ձեռքբերումների կերտմանը: Ծառացած մարտահրավերներին հանդիման՝ մեր պարտքն է լինել միասնական և բոլոր հնարավոր միջոցներով ջանքեր գործադրել հանուն մեր պետականության զորացման, Արցախի ինքնիշխանության ու շահերի պաշտպանության։ Հավատքով զորացյալ մնանք, չվհատվենք և չընկրկենք նեղությունների ու դժվարությունների առջև, արթուն պահենք քաջարի նույն ոգին, որ դրսևորվել է մեր ժողովրդի հերոս զավակների կողմից Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման օրերին։

Աղոթենք միասնաբար առ Երկնավոր մեր Տերը և հայցենք, որ օրհնի և Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահպանի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, զորացնի մեզանում հույսն ու լավատեսության ոգին՝ ի սեր հայրենյաց և մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. Ամեն։