Խոսք «Կրոնի ազատությունը արդի աշխարհում. մարտահրավերներ ու երաշխիքներ» խորագրով համաժողովին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը «Կրոնի ազատությունը արդի աշխարհում. մարտահրավերներ ու երաշխիքներ» խորագրով համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 20

Գոհունակությամբ ողջունում եւ ձեզ ենք հղում Հայրապետական Մեր օրհնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքամայր Երեւանում: Մեծապես գնահատելի է Մեզ համար կրոնական ազատությանն ու դրա մարտահրավերներին նվիրված այս համաժողովի անցկացումը քրիստոնեական հինավուրց մի երկրում, որի ամեն անկյուն ու քար պատված է մարդկային արժեքների եւ ազատության համար մղված պայքարի վկայությամբ:

 Այսօր այստեղ հավաքված հոգեւոր այրերի, քաղաքագետների, դիվանագետների եւ լրագրողների պատկառելի ներկայությունը խոսում է արծարծվող թեմայի կարեւորության ու արդիականության մասին: Մեզ համար ողջունելի է նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում համաժողովի` Հայաստանում անցկացման նախաձեռնությունը: Այն մեծապես պիտի նպաստի Հայաստանի եւ հայ մշակութային ինքնության ներգրավվածությանը` Եվրախորհրդի կողմից  2008 թվականին ընդունված  «Միջմշակութային երկխոսության Սպիտակ գրքի» մշակմանն ու զարգացմանը, որի արդիականությունն այսօր էլ զգալի է աշխարհում:

 «Ապրել միասին, արժանապատվորեն` իբրեւ հավասար մարդիկ»,- այսպես է բացվում Եվրախորհրդի կողմից մշակված ու ներկայացված  «Սպիտակ գիրքը», որը նոր հորիզոններ է բացում միջմշակութային եւ միջկրոնական  երկխոսության ասպարեզում: Ժամանակակից աշխարհում հաճախ են աղավաղվում հավասարության ու ազատության չափանիշները` դրանով իսկ վտանգելով միջմշակութային երկխոսության իրական արժեքն ու կրոնական ազատության ճիշտ ընկալումը, որի հիմնական նպատակն է նպաստել հանդուրժողականությանը, աշխարհում խաղաղությանը, կայունությանն ու բարօրությանը: Անկեղծ հոգով ու մոտեցումով ծնվող երկխոսության մեջ է, որ մշակութային եւ կրոնական ինքնության հավասար դրսեւորումն ուղիղ համեմատական է մերձավորին սիրո ու հանդուրժողականության մեջ տեսնելու ցանկությանը. «Եղբարք, միայն զի ազատութիւնն ձեր ոչ լինիցի ի պատճառս մարմնոյ, այլ սիրով ծառայեցէք միմեանց», -բացատրում է Սուրբ Պողոս առաքյալը (Գաղ. Ե 13):

 Զարգացման նոր փուլ թևակոխած Եվրոպական քաղաքակրթությունն պետք է շարունակի հարգել հնագույն քրիստոնեական արմատներ ունեցող ժողովուրդների մշակութային յուրահատկությունները` բազմազանությունը դիտելով որպես  համաեվրոպական հարստություն:

 Հայ ժողովուրդն ու Հայաստանյայց Եկեղեցին դարեր շարունակ մաքառել են՝ պահպանելու իրենց ուրույն հոգեւոր-մշակութային ժառանգությունը, ունեն կրոնական բազմազանությունն ու հանդուրժողականությունը հարգելու հարուստ  եւ պատմական փորձառություն: Ցեղասպանություն վերապրած Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության ընթացքում միշտ առաջնորդվել է քրիստոնեական մատենագրության մեջ հրաշալիորեն ձեւակերպված «միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս» բանաձեւով: Մեզանում նաեւ կարեւորվել է հոգևոր արժեքների պահպանության եւ մարդկային կյանքում դրանց ամրապնդման համար քույր Եկեղեցիների և այլ կրոնների ներկայացուցիչների հետ միասնաբար հանդես գալու հրամայականը,  հարգվել են հարևան ժողովուրդների մշակութային-հոգևոր յուրահատկություններն ու ազատությունները:  Հայոց Եկեղեցու համար հասարակաց է եղել մարդկության ընդհանուր թշնամու` մեղքի դեմ պայքարը, երբ հասարակության մեջ գերիշխել է կրոնական անհանդուրժողականությունը, մշակութային-կրոնական թշնամանքը, մարդ անհատի իրավունքների ոտնահարումն ու բռնացումը, հանրային կյանքի բարօր ու աստվածահաճո ընթացքի խաթարումը: Ավելորդ չենք համարում այստեղ մեջբերելու մեր Եկեղեցու կարկառուն մտածողներից մեկի` Ս. Ներսես Լամբրոնացու միտքն այս մասին` ձևակերպված դեռեւս ԺԲ. դարի Կիլիկյան Հայաստանի բազմամշակութային-բազմազգ հասարակության պայմաններում. «Մարտ մեր հասարակաց` լիցի առ հասարակաց մեր թշնամին սատանայ, իսկ առ եղբարս` հանդարտ ուսաք լինել հանապազ» (Ատենաբանութիւն, էջ 122):

 Հայոց Եկեղեցին այսօր էլ շարունակում է ընթանալ այս ոսկե կանոնի գծած ճանապարհով` մշտապես իր առաքելությունն իրականացնելով ի խնդիր հասարակաց բարօրության ու մարդկային աստվածատուր կերպարի պահպանման:  Հայ ժողովրդի կյանքում խաղացած իր բացառիկ դերով Հայոց Եկեղեցին այսօր էլ պետք է մնա  «կենդանի Աստծո եկեղեցին, ճշմարտության հաստատությունն ու  սյունը»  (Ա Տիմ. Գ 14): Հասարակական կյանքում Հայ Եկեղեցին իբր նվիրապետություն ու կառույց երբեք  միայնակ չի գործել: Հայ հասարակությունն իր դարերի պատմության ընթացքին շնորհներ ու աստվածատուր պարգեւներ է կուտակել Հայոց եկեղեցում` մարդկային հոգևոր կատարելության ու խիզախության հիացմունքի արժանի գործեր, հայ ժողովրդին անմնացորդ ծառայած սրբերի ու հայրապետների լուսավոր կերպարներ, որոնք այսօր  եկեղեցին Աստծո խոսքի քարոզչությամբ ու իր առաքելության իրականացմամբ պարզապես  վերադարձնում է հայ ժողովրդին: Հասարակությունն այսօր Հայաստանում պիտի կարողանա ի պետս վեհագույն նպատակների օգտագործել ազգային-եկեղեցական ավանդությունից մեզ բաշխվող այս շնորհները, ճիշտ գնահատել ու հասկանալ քրիստոնեական անանց արժեքների վրա կառուցված Հայոց հոգևոր հայրենիքի տարածական ու բովանդակային կարևորությունը մերօրյա կրոնական ազատության փորձառության կերտման գործում:

 Արդի կրոնական ազատությունը խարսխաված է նաև միջկրոնական եւ միջեկեղեցական համագործակցության վրա, որին Հայ Եկեղեցին մեծապես ընդգրկված է ամենաբարձր մակարդակով: Մենք սերտ հարաբերություններ ունենք այլ հարանվանությունների հետ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Էկումենիկ հարաբերությունների զարգացումն Ուղղափառ, Կաթոլիկ, մի շարք բողոքական եկեղեցիների հետ դրա վառ ապացույցն են:

 Մեր ցանկությունն է, որ կրոնական ազատության, միջմշակութային երկխոսության եւ հանդուրժողականության վեհ գաղափարներով մեկնարկող այս համաժողովը դառնա ևս մեկ պատեհ առիթ`  հասարակաց մեր ջանքերը հանուր մարդկության բարօրությանն ու խաղաղությանն ուղղելու համար: Հայրապետական մեր պատգամն ու մաղթանքն է ձեզ` համաժողովի հարգելի մասնակիցներ, ջանք ու եռանդ չխնայել` նպաստելու և միասնական ուժերով ստեղծելու այն լուսավոր հասարակությունը, որտեղ ամենքս կարող ենք ապրել արժանապատվորեն` իբրեւ «հավասար մարդկային էակներ»:

 Բարի ընթացք Ձեր աշխատանքներին: