Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Մյուռոնօրհնության առիթով
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 28
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Կպատրաստես Սուրբ օծության համար յուղ... «Դա սրբություն է եւ ձեզ համար սրբություն էլ թող մնա»: (Ելից. Լ 25, 32)
Սիրելի ուխտավոր բարեպաշտ ժողովուրդ.
Երկնքի բարձունքներից այսօր վերստին սրբություն է իջնում, օրհնություն, շնորհ եւ խնդություն է բաշխվում մեր Հայրենիքին, մեր հոգիներին, համայն հայ կյանքին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ազգիս աշխարհասփյուռ զավակների աղոթական մասնակցությամբ Տերունապատվեր խոսքի համաձայն մյուռոն ենք օրհնում: Փառք, բյուր փառք եւ գոհություն Ամենախնամ Աստծուն:
Աստծո բարերար կամքով է, որ Վարագա Սուրբ Խաչի տոնական օրը խնդագին հոգիներով սրբալույս մյուռոնի օրհնության համար համախմբվել ենք Միածնաէջ մեր սրբավայրում, որը երկնային լույսերով անվախճան ժամանակների համար ճարտարագծվել է որպես մեր ժողովրդի հավատքի վկայարան եւ ուխտի խորան: Դարեր ի վեր ուխտավոր հոգով առաջնորդվելով այստեղ` ազգս հայոց զորանում ու նորոգվում է հավատքով, տեսնում հավերժության իր լուսաճեմ ուղին, դեպի փրկություն, դեպի Աստված իր ճանապարհը: «Զի սա լուսաւորէ զմեզ հաւատով եւ բուսուցանէ ի Տանն Աստուծոյ: ...զի սա նորոգէ զմեզ շնորհօք Հոգւոյն Սրբոյ եւ սնուցանէ եւ պտղաբերէ եւ դալարի պահէ» (Սիմեոն Երեւանցի Կաթողիկոս): Սուրբ Էջմիածնի աստվածապարգեւ հոգեսնունդ այս առաքելությունը Սուրբ Գրիգոր մեր Լուսավորիչ Հայրապետի ժամանակներից սուրբ մյուռոնով սփռվում եւ բաշխվում է մեր եկեղեցիներին, մեր օջախներին, աշխարհասփյուռ հայ կյանքին:
Մյուռոնօրհնության այս շնորհանորոգ օրը մեր Արարչի հետ հաշտության խորհդանիշ ձիթենու ճյուղի բերքին խառնեցինք բնության ամենից ազնիվ, բուժիչ եւ բուրումնավետ հյութերը: Այս արդար նյութին միախառնեցինք հին մյուռոնը, որով սերնդեսերունդ փոխանցում ենք մեր Տիրոջ օրհնած յուղը, խառնեցինք եւ նորաեփ մյուռոնը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության: Օրհնեցինք մեր նվիրական մասունքներով` Տերունական փրկարար Խաչով, Սուրբ Գեղարդով, Աջով մեր Լուսավորիչ Հայրապետի: Մեր հոգու ամենաջերմ աղոթքներով հայցեցինք բարեխոսությունը մեր սուրբ հայրերի, որպեսզի նորօրհնյալ մյուռոնը Սուրբ Հոգու ներգործությամբ դառնա «կնիք երկնավոր անապականության», երկնային յոթնարփյա շնորհները բաշխի մեր կյանքին եւ ինչպես Աստված է տնօրինել` լինի ու միշտ մնա սրբություն մեզ եւ բոլորի համար: Այսօր նյութը Սուրբ Հոգու երկնահեղ շնորհներով սքանչելագործ զորություն է ստանում, այսօր նյութը հայցով ու աղոթքով բանական ու շնչավոր է դառնում. «Երդվեցնում եմ քեզ, նյութ ձեթի, հանուն Ամենակարող Հոր, ... որպեսզի ամեն ներգործություն սատանայի եւ զորություն նրա քեզանից հալածյալ լինի, որպեսզի օրհնությամբ զորանաս` քեզանով օծյալին դրոշմելու Սուրբ Հոգին` հանուն Ամենակարող Հոր եւ Որդու` մեր Տեր Հիսուս Քրիստոսի» (Կանոն մյուռոնի օրհնութ.):
Աստծո բարերար Կամքով սուրբ եւ սրբարար է մյուռոնը: Լուսանյութ, անուշաբույր մյուռոնով սրբվում են եկեղեցիները, դառնում` Աստծո տուն: Մյուռոնով օծվելով` եկեղեցականները կոչվում են Տիրոջ Սուրբ Սեղանի սպասավորության: Շնորհակիր եւ շնորհաբաշխ մյուռոնով մկրտության ավազանից ծնվում ենք որպես Աստծո սեփական ժողովուրդ, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի: Սուրբ մյուռոնի դրոշմով ճանաչում, ապրում, զգում եւ պահպանում ենք մեր հայ եւ քրիստոնյա ինքնությունը, մեր ազգային ամբողջականությունը: Մյուռոնադրոշմ հաղթել ենք վասն հավատի եւ վասն հայրենյաց կենաց եւ մահու մեր բոլոր պատերազմները, մեր գոյության եւ լինելիության բոլոր մարտերը: Մյուռոնի զորությամբ ու լույսով միավորել եւ միավորում ենք մեր անցյալը, ներկան եւ մեր զավակների ապագան:
Մյուռոնօրհնությունը, սիրելի հայորդիներ, կոչ է եւ հրավեր ազգիս` մնալու սրբության շնորհի մեջ, մերժելու չարը ու չարի գործերը եւ մեր կյանքում անստվեր պահպանելու Տիրոջ Ավետարանի լույսը: Մյուռոնօրհնությունը պատգամ է ապրելու Քրիստոսով, ընթանալու Քրիստոսի հետ, քանզի սուրբ մյուռոնով ի Քրիստոս մկրտված` Քրիստոսով հանդերձավորվեցիք (հմմտ.` Գաղ. Գ 27): Տիրոջ հետ, Տերունապարգեւ սիրով միայն պիտի գերակայեն մեր կյանքում բարությունն ու արդարությունը, մեր սրտերի մեջ անսասան ու անբիծ պիտի մնա մեր հայրերի սուրբ հավատքը եւ մեր ուղին լինի բազմարդյուն ու բարեհույս:
Այսօր մենք` Հայրապետ հայոց, քաջալեր ենք ու լավատես, լի` ապագայի հույսերով, քանզի Հայաստան եւ Արցախ մեր հայրենի աշխարհում, վերազարթոնք ապրող մեր Եկեղեցու մեջ, մեր անկախ պետական կյանքում, բայց մանավանդ մեր ժողովրդի առողջ ներաշխարհում մենք զգում եւ տեսնում ենք արթնացող եւ հասունացող կամքն ու պահանջը մաքրվելու, սրբվելու, արդար հասարակություն եւ պետություն կառուցելու: Տեսնում ենք կամքն ու պահանջը ամոքելու ազգային վերքերը, հաղթահարելու եկեղեցական մեր կյանքի դժվարությունները, ժամանակի բերած բաժանումներն ու տարակարծությունները, որպեսզի հայոց անդաստանում միշտ եւ առհավետ լինենք մեկ եւ միասնական` մեկ ազգ, մեկ հավատք, մեկ Եկեղեցի` միասնական Հայրենիքով եւ միակամ ու միախորհուրդ ընթանանք դեպի նոր ձեռքբերումներ, մեր արդար իղձերի ու արժանի նպատակների իրագործման Աստծո կողմից նախախնամված բարի հանգրվաններ:
Լավատես ենք ու քաջալեր Աստծո` ազգիս պարգեւած բարիքներից, աշխարհասփյուռ հայ կյանքի մեջ պտղաբերող բարի գործերից, իրականություն դարձող ծրագրերից, որ ծառայում են մեր ժողովրդի բարօրությանը, մեր Հայրենիքի բարգավաճումին, մեր Սուրբ Եկեղեցու պայծառությանը: Միավորենք ու զորացնենք մեր ջանքերը, որ հայրենի մեր երկիրը ծաղկունք ապրի աստվածաշնորհ խաղաղության ու ազատության մեջ եւ հզորանա տիրավանդ ճշմարիտ սիրով, իր զավակների նվիրումով, տաղանդով ու արարումով: Խնամք տանենք ու հոգանք, որպեսզի մեր աշխարհասփյուռ Եկեղեցին միշտ պայծառ լինի նախնյաց ավանդով ու կարգավորությամբ, էջմիածնակնիք հայ հոգուն հավատարիմ աստվածասեր ժողովրդով: Թող լուսեղեն մյուռոնի ազգահավաք հրաշագործ զորության շնորհներով արգասավորվի միությունն ու մեկ առաքելությունը մեր Սուրբ Եկեղեցու եւ միաբանությունը մեր ժողովրդի:
Մյուռոնօրհնության այս սրբազան օրը, սիրելի բարեպաշտ հավատացյալներ, հոգու հայացքով վերստին տեսնենք մեր Տիրոջ Էջքը հրեշտակների զորքերի հետ, ոսկե մուրճի հարվածով անդնդային ուժերի կործանումը, տեսնենք երկնանման խորանից աղբյուրացող կենդանարար ջրերով համատարած ողողումը Հայոց աշխարհի, որը Լուսավորչատեսիլ պատկերն է մեր ժողովրդի մկրտության, Սուրբ Հոգով վերստին ծննդի, եւ զորանանք հոգով, տոգորվենք նոր հույսերով, վերածնվող կյանքի նոր զարթոնքով:
Ժողովուրդ հայոց, ժողովուրդ շնորհընկալ եւ հաղթական, որ դարեդար ապրածդ կյանքով, սխրալի վկայություններով հավատարիմ ես Սուրբ Էջմիածնով Աստծո հետ հաստատած ուխտիդ, հանապազ նորոգվիր հավատքով, պայծառացիր եկեղեցաշեն եւ հայրենանվեր գործոց արդար ու բարի արգասիքներով, որ Աստծո օրհնության ներքո հավերժ անսասան մնա Քրիստոսապսակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, միշտ ապրի ազատ ու ինքնիշխան, Արարատով հավերժ թագադրյալ մեր Հայրենիքը, եւ հայ կյանքը լույսով նայի գալիքին:
Այս մաղթանքով եւ զգացումներով ողջունում ենք այստեղ ներկայությունը Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանի« Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանի, հայոց պետական ավագանու` մաղթելով հաջողություններ վասն Հայաստանի եւ Արցախի առաջընթացի, վասն Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու արդար իրավունքի:
Ի Քրիստոս սիրո եղբայրական ողջույն ենք հղում Նվիրապետական մեր Աթոռների Գահակալներին Ն© Ս© Օ© Տ© Տ© Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին« Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ© Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ© Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին` հայցելով իրենց կյանքին Տիրոջ օրհնությունն ու զորակցությունը:
Ուրախ ենք մեր ժողովրդի համար նվիրական այս օրը Սուրբ Էջմիածնում ողջունելու հոգեւոր Մեր եղբորը` Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա Տիեզերական Պատրիարքին, հայցելով Տիրոջ հովանին բարեպաշտ իր հոտին:
Ի Քրիստոս սիրո Մեր ողջույնն ենք բերում նաեւ քույր Եկեղեցիների շնորհազարդ հոգեւորականներին, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին« օտարերկրյա պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` մաղթանքով Տիրոջ հանապազ առաջնորդությունը իրենց առաքելությանը:
Հայրական օրհնությամբ ողջունում ենք մեր Եկեղեցու Թեմակալ Առաջնորդներին« թեմական եւ համայնքային վարչական մարմինների պատվարժան անդամներին« ուխտապահ եկեղեցականաց ողջ դասին, ձեզ, ուխտավոր զավակներ Մեր, եւ համայն հավատացյալ մեր ժողովրդին` ի Հայաստան, հԱրցախ եւ ի Սփյուռս:
Հայցենք միասնաբար, որ Բարձրյալը խաղաղություն պարգեւի աշխարհին, Իր շնորհի ներքո խաղաղ պահի մեր Հայրենիքը եւ ապահով ու անվրդով` մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի:
Թող նորօրհնյալ մյուռոնը, ինչպես Աստված է տնօրինել` լինի ու միշտ մնա սրբություն մեզ եւ բոլորի համար. ամեն: