Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսի Խոսքը ՀՀ նախագահի երդման արարողության առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանի երդման արարողության առիթով
ԵՐԵՎԱՆ,ԱՊՐԻԼ 9
Հայաստանի Հանրապետության Նախագահ Մեծարգո Տիար Սերժ Սարգսյան,
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Նախագահ հարգարժան Տիար Տիգրան Թորոսյան,
Մեծարգո Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարյան,
Բարձրաշնորհ եւ Գերաշնորհ հոգեւոր հայրեր,
Պատվարժան պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ,
Սիրելի հյուրեր եւ ներկաներ.
Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահի երդման արարողության առիթով ողջունում ենք Ձեզ եւ բերում Աստվածակառույց մեր նվիրական սրբօրրանի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը` սաղմոսերգուի աղոթքը Մեր շուրթերին. «Թող ողորմությունդ, Տեր, լինի մեզ վրա, ինչպես որ մեր հույսը դրեցինք Քեզ վրա» (Սղմ. 32 : 22):
Աստծուց օրհնված կյանքի ճանապարհներին ազգս հայոց բազում շնորհներ է գտել: Բիբլիական Արարատ լեռան հայացքի ներքո Աստված փրկության շնորհի ժառանգորդ է դարձրել մեր ժողովրդին, պարգեւել ստեղծագործ կյանքի զորություն, ինքնության ոգի, հայրենյաց ժառանգությունը շեն ու կանգուն պահելու փառքեր, դուրս է բերել մեզ նեղություններից, աղետներից, առաջնորդել ազատության, խաղաղության, արդարության ընթացքներով եւ արժանի է դարձրել դիմավորելու առավոտը հայրենի անկախ պետականության: Այսօր մեր ժողովուրդը Հայրենիքի նոր կյանքն է կառուցում` հույսով բարօր ու բարգավաճող տեսնել իր երկիրը` զարգացող գիտությամբ ու մշակույթով, պայծառ` հայրենյաց հավատով ու սրբություններով: Արդարեւ, մեր ժողովրդի կյանքի մեջ ճշմարտված է մարգարեի կանխասացությունը. «Նայեցեք հին ազգերին եւ տեսեք` ո°վ հավատաց Տիրոջը եւ ամոթով մնաց» (Սիրաք 2 : 11):
Հանրապետության Նախագահի երդման արարողության այս հանդիսավոր օրը առիթն ունենք անդրադառնալու, որ Դուք, մեծարգո պրն. Սարգսյան, արժանավոր բազմաթիվ զավակների հետ մեր ժողովրդի գնահատելի Ձեր վաստակն եք բերել Արցախի ազատագրության եւ Հայաստանի պետականության կայացման ու զորացման գործում:
Անկախ պետականության տարիներին վերափոխումների եւ վերակառուցումների մեծ ուղի է անցել մեր Հայրենիքը: Ուրախությամբ են լցվել մեր հոգիները ձեռքբերումների եւ հաղթանակների համար, որոնք պիտի հավելենք ու բազմապատկենք: Առավել բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանքի, իրավական հասարակության կառուցումը մեր ժողովրդի արդար սպասումն է եւ շուտով իրագործված տեսնելու ձգտումն ու ակնկալությունը:
Մեր ժողովուրդը դեռեւս ապրում է անհանգստությունը` կապված հետընտրական զարգացումների հետ: Նախորդ ամիսների իրադարձությունները էապես մեծացնում են ինչպես Ձեր, այնպես եւ ամենքիս պատասխանատվությունը` առավելագույն ջանքեր ներդնել` մեր ժողովրդի զավակների սրտերում զորացնելու սիրո, եղբայրության ու համերաշխության ոգին եւ մերժելու անհանդուրժողությունը: Մեր երկրի համար վճռորոշ ժամանակում էք ստանձնում Հանրապետության Նախագահի բարձր պաշտոնը` նոր հանձնառությամբ շարունակելու Ձեր ծառայությունը մեր Հայրենիքին եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին: Պետական բարձր պաշտոններում Ձեր փորձառությունը, մեր երկիրը զորացնելու նվիրումի Ձեր ոգին, Ձեր ծրագրերը, նախանշած ուղիներն ու պահանջները, վստահություն են ներշնչում, որ Ձեր գլխավորությամբ առաջիկա տարիներին հետեւողական քայլերով պիտի հաղթահարվեն նաեւ այն մարտահրավերներն ու խոչընդոտները, որ խանգարում են մեր կյանքի առաջընթացին, եւ մեր երկիրը ավելի պիտի ամրապնդվի խաղաղության, արդարության եւ իրավունքի ուղիներում` մեր ազատ կյանքը ավելի զորացնելու ձգտումով: Աստվածօրհնյալ այդ ճանապարհներին մեր Սուրբ Եկեղեցին աջակից է Ձեզ եւ զորավիգ հայրենի պետությանը, ինչպես որ եղել է դարեր ի վեր: Իր միասնությամբ մեր ժողովուրդը ձեռք է բերել հաղթանակներ եւ այսօր էլ` միասնաբար, պիտի կերտենք բարօր կյանքը մեր Հայրենիքի: Մեր կյանքից ներս տեղ չպիտի գտնեն մեր ժողովրդի միասնականությունը վտանգող իրավիճակներ: Միաբանությամբ կարող պիտի լինենք օրհնյալ կյանքով հարատեւել, կենսունակ պահել հայ Սփյուռքը եւ աշխարհասփյուռ մեր կյանքը զորություն դարձնել Հայրենիքին: Միաբանությամբ կարող պիտի լինենք բարի ավարտի առաջնորդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրի խաղաղ կարգավորումը, հաղթանակած տեսնել մեր արդար դատը, Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Իմաստունի կողմից հնուց ասված ճշմարիտ խոսք է` «Միաբանությամբ փոքրերը մեծանում են, անմիաբանությամբ` մեծերը փոքրանում»:
Այսօր, մեծարգո պրն. Քոչարյան, երբ ավարտում եք Հայաստանի Հանրապետության Նախագահի Ձեր պաշտոնավարությունը, սրտաբուխ աղոթքով հայցում ենք Բարձրյալի օրհնությունը Ձեր կյանքին եւ հաջողություններ մաղթում Ձեր հետագա գործունեությանը: Տնտեսության զորացմանը եւ հասարակական կյանքի վերակառուցումներին ուղղված ընթացքները, էական տեղաշարժերը, որ նախաձեռնվեցին եւ իրականացվեցին Ձեր նախագահության շրջանում, նոր զարգացումներով առավել արմատական բարեփոխումների պիտի առաջնորդեն մեր երկիրը:
Մեր աղոթքն է առ Աստված, որ ապահովության եւ խաղաղության մեջ պահի մեր Հայրենիքը, բարեզարդ, շեն ու ծաղկուն` մեր ժողովրդի ստեղծագործ աշխատանքով:
Բարձրյալի օրհնությունն ու շնորհները եւ հանապազ առաջնորդությունն ենք հայցում Ձեզ, Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ Տիար Սերժ Սարգսյան, պատասխանատու Ձեր առաքելության մեջ: Թող Աստված նոր եռանդ, ուժ եւ կորով պարգեւի Ձեզ եւ օրհնի Ձեր եւ համայն մեր ժողովրդի ջանքերը, որպեսզի Ձեր նախագահության շրջանը մեր պատմության տարեգրության մեջ արձանագրվի որպես Հայաստանի եւ հայ կյանքի կայունության, առաջընթաց զարգացումների ու վերելքի շրջան:
«Քաջալերվեցեք ամենքդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա, եւ ձեր սրտերը թող զորանան» (Սղմ. 30:25) սաղմոսերգուի այս պատգամին ունկնդիր` սիրելիներ, հրավիրում ենք ձեզ հոտնկայս միասնաբար աղոթել.
«Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո. եղիցին կամք Քո` որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր: Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք, յաւիտեանս. ամէն»:
«Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց, Քրիստոս Աստուած մեր, պահեա, պահպանեա զՀանրապետութիւն Հայաստան աշխարհիս, զընտրեալ Նախագահն սորա եւ զպատգամաւորս, զնախարարս եւ զամենայն իշխանաւորս հայրենի երկրին մերոյ եւ շնորհեա սոցա զկատարեալ իմաստութիւն` վասն առաջնորդելոյ ժողովրդեանն հայոց ի բարիս եւ ի խաղաղութիւն: Այլեւ օրհնեա եւ զօրացո, Տէր, զԵկեղեցիս Հայաստատեայց, զորդիս հայկազեանցն զարմից ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփիւռս` գնալ ի ճանապարհն սիրոյ եւ միաբանութեան, արդարութեան եւ Աստուածպաշտութեան ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական Խաչի Քո: Փրկեա, Տէր, յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն, արժանաւորեա գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»: