Գևորգյան հոգևոր ճեմարանը Հայաստանում հիմնված և մինչ օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է` հիմնադրված Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 1874 թ.։
Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսանում են ապագա հոգևորականներ: Կրթական հոգևոր այս հաստատությունում ուսանողները նախապատրաստվում են իրականացնելու աստվածահաճո, հոգեխնամ ծառայություն՝ ստանալով բազմակողմանի գիտելիքներ՝ ուսումնասիրելով հայ հոգևոր և մշակութային հարուստ ժառանգությունը:
1991 թ.`Հայաստանի անկախության վերականգնումից հետո, Հայ Եկեղեցուն վերադարձվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքը, որը զավթվել էր Խորհրդային Միության կողմից: 1996 թ. երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք սկսվեցին և 1997 թ. ավարտվեցին ճեմարանի շենքի վերանորգման աշխատանքները։
1999 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական մասնակցությամբ սկսվեցին լայնածավալ կազմակերպչական, շինարարական աշխատանքները։ Ամբողջովին փոփոխվեց հոգևոր ճեմարանի կրթական ծրագիրը, բարելավվեցին ուսանողների կեցության պայմանները, ավելացվեցին դասընթացներ, ընդլայնվեց ուսումնական պլանը:
2002 թ. Գևորգյան հոգևոր ճեմարանը ձեռք բերեց պետական բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ, հաշվի առնելով նորացված կրթական ծրագրերը, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը ճեմարանին շնորհեց աստվածաբանական համալսարանի կարգավիճակ: 2004-2007 թթ. Գևորգյան հոգևոր ճեմարանը համապատասխան հավատարմագրերի և լիցենզիաների շնորհումով ստացավ բակալավրի և մագիստրոսի չափորոշիչներին համապատասխան կրթական ծրագրեր իրականացնելու իրավունք և անցավ Հայաստանի Հանրապետության բուհերում ընդունված կրթության երկաստիճան համակարգի: Այժմ սաներն ուսանում են ըստ վերոնշյալ ծրագրերի և ստանում աստվածաբանության բակալավրի (Դ լսարանում) և մագիստրոսի աստիճաններ (Զ լսարանում):
2016 թ. ՀՀ ԿԳՆ կողմից ճեմարանը ստացավ ասպիրանտուրա բացելու իրավունք, և 2018 թ. ընդունվեցին առաջին ասպիրանտները, և մեկնարկեց առաջին ուսումնական տարին ասպիրանտուրայում: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ճեմարանը միակ բուհն է, որ կարող է շնորհել աստվածաբանության թեկնածուի աստիճան:
Գևորգյան հոգևոր ճեմարանի Գիտական խորհրդի նախագահը Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է:
Տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյան
Հասցե՝ Վաղարշապատ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հեռ.՝ +374-10-517-324
Էլ. հասցե.՝ [email protected]
Կայք՝ www.gevorgianseminary.am