Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի օրը, համայն հայությանն է դիմել Ամենայն Հայոց Հայրապետը
«Այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք, հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների։
Սիրելիներ, Հանրապետության տոնի առիթով Հայրապետիս մաղթանքն է, որ հանուն հայրենական մեր կյանքում խաղաղության հաստատման և արժանապատիվ գոյընթացի, նպատակասլաց հանձնառությամբ և առ հայրենին սիրով ձեռնամուխ լինենք մեզ պատուհասած աղետների ու փորձությունների հաղթահարմանը և հզոր ու անվտանգ մեր պետության կերտմանը։
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը, որպեսզի միասնականության հուսառատ ու զորեղ ոգով հաստատենք մեր կյանքում ապահովություն և խաղաղություն։
Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը պահապան և օգնական լինի մեր ժողովրդին՝ ամուր պահելու աստվածապարգև մեր ազատությունն ու անկախ պետականությունը և համազգային ներուժով շեն ու բարօր դարձնելու մեր նվիրական հայրենիքը»։