Հառիճավանքը ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղում է` Արագած լեռան հյուսիսային լանջին, երկու ձորակներով գոյացող հրվանդանի վրա: Այն կառուցվել է Է-ԺԳ դարերում։ Վանքի մասին հնագույն հիշատակությունը պահպանվել է Մխիթար Անեցու մոտ։ Դարերի ընթացքում այստեղ վանական կյանքը մի քանի անգամ ընդհատվել է, սակայն վերստին ծաղկում ապրել:
Հառիճավանքն ավերվել է ԺԱ դարում սելջուկների արշավանքների ժամանակ, բայց կրկին վերականգնվել 1185-1236 թթ., Աբասի որդի Գրիգորի առաջնորդության օրոք: Վիմագիր արձանագրությունները վանքի մասին տեղեկություններ են հաղորդում մինչև ԺԴ դար:
Հառիճավանքի հուշարձանների խումբը բաղկացած է երկու եկեղեցիներից, երկու գավիթ-ժամատնից, երկու մատուռից, վանական միաբանության բազմաթիվ կացարաններից, պարսպից և մի շարք այլ հասարակական կառուցվածքներից:
Հառիճավանքի հնագույն կառույցը կենտրոնագմբեթ խաչաձև Ս. Գրիգոր եկեղեցին է, որը Է դարին բնորոշ «Մաստարայատիպ» շինություն է: Այն հարավ-արևելքից ունի քառանկյուն հատակագծով ավանդատուն: Երկրորդ ավանդատունը եկեղեցուն կցվել է հարավ-արևմուտքից, որի վրա ԺԳ դարում մատուռ է կառուցվել: Նույն դարում Ս. Գրիգոր եկեղեցուն արևմուտքից կցվել է գավիթ, որը սակայն չի պահպանվել:
Վանքի գլխավոր՝ Ս. Աստվածածին եկեղեցին կրկնում է ԺԱ-ԺԲ դարերում Հայաստանում տարածված գմբեթավոր դահլիճի տիպը: Եկեղեցու արձանագրությունների համաձայն՝ Զաքարե ամիրսպասալարը գնել է Հառիճ գյուղն իր շրջակա տարածքներով և 1201 թ. ավարտին հասցրել Ս. Աստվածածին եկեղեցու շինարարությունը։
Մեկ այլ արձանագրության համաձայն, իշխան Վահրամ Հեճուպը 1224 թ. կառուցել է եկեղեցու գավիթը, որով Ս. Գրիգոր եկեղեցին միացել է Ս. Աստվածածին եկեղեցուն:
Է դարից Հառիճավանքում գործել է դպրոց, որտեղ ընդօրինակվել են ձեռագիր բազում մատյաններ։
1850 թ․ Գյումրիում ստեղծվել է «Հառիճի վանական ընկերություն» կրթական-մշակութային կազմակերպությունը, որի նպատակն էր վերականգնել Հառիճավանքի երբեմնի կրոնամշակութային հարուստ կյանքը, նորոգել շինությունները։ Այն գործել է մինչև 1915 թ․։
1856-1857 թթ․ կազմակերպության ջանքերով բացվել է Հառիճի կիսագիշերօթիկ ուսումնարանը, որը 1860 թ․ Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցու կոնդակով վերանվանվել է «Հառիճի հոգևոր դպրոց»՝ հետագայում դառնալով Գևորգյան հոգևոր ճեմարանի նախապատրաստական բաժանմունք։
1890-ականներին Հառիճավանքում գործունեություն է ծավալել Կոմիտաս վարդապետը:
2011 թ․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով և տեր և տիկին Ջերալդ և Փատրիսիա Թրբանճյանների (ԱՄՆ) բարերարությամբ Հառիճավանքում հիմնվել է Թրբանճյան ընծայարանը, որը 2013 թ․ ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից ստացել է ավագ դպրոցի կարգավիճակ։
2013 թ. փետրվարի 1-ից Հառիճի վանական համալիրը փոխանցվել է Արթիկի թեմին:
Ներկայում Հառիճավանքի վանահայրը և Թրբանճյան ընծայարանի տեսուչը Հոգեշնորհ Տ․ Վաչե աբեղա Մկրտչյանն է: