1944 թ., երբ ճեմարանի վերաբացման հավանականությունն իրականություն էր դառնում, «էջմիածին» ամսագրի հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր միացյալ համարում առաջին անգամ տպագրվեց ընդունելության պայմաններին տեղեկացնող գրություն. «Ս. էջմիածնի Հոգևոր ճեմարանը կունենա եռամյա ուսման տևողություն»: Նշված տարվանից մինչ օրս ճեմարանը գործում է:
Այժմ Գևորգյան հոգևոր ճեմարանը նույնպես ընդունելություն է կատարում: Ճեմարան կարող են ընդունվել 17-25 տարեկան բոլոր անձինք, ովքեր ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն: Ճեմարանում սովորել ցանկացողները պետք է դիմումները ներկայացնեն ճեմարանի քարտուղարություն:
Դիմումի հետ պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. Անձնագրի պատճեն,
2. Մկրտության վկայական,
3. Հավաստագիր թեմի առաջնորդի կամ հոգևոր հովվի կողմից,
4. Ուսման ավարտական վկայական (լրիվ միջնակարգ կրթության ատեստատ կամ բարձրագույն կրթության դիպլոմ),
5. Բնութագիր դպրոցի տնօրենից (կամ բուհից),
6. Փաստաթուղթ զինվորական դրության մասին (կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ),
7. Բժշկական տեղեկանք առողջության մասին,
8. Տեղեկանք բնակության վայրից,
9. Ինքնակենսագրություն,
10. Երկու լուսանկար՝ 3x4:
Գևորգյան հոգևոր ճեմարանը գիշերօթիկ է, իսկ ուսուցումն՝ անվճար:
Ուսանողի առօրյան հետևյալն է.
1. Վերկաց (արթնանալ)՝ 6:30,
2. Առավոտյան մարմնամարզություն՝ 6:40,
3. Ժամերգության՝ 7:30,
4. Նախաճաշ՝ 8:30,
5. Ընդհանուր աղոթք ճեմարանի մեծ սրահում՝ 9:15,
6. Դասեր՝ 9:20- 14:20,
7. Ճաշ՝ 14:30,
8. Ազատ ժամ՝ 15:00,
9. Երեկոյան ժամերգություն՝ 15:30,
10. Աոաջին սերտողություն՝ 16:00,
11. Ընթրիք՝ 19:30,
12. Երկրորդ սերտողություն՝ 20:00,
13. Ընդհանուր աղոթք քնելուց աոաջ՝ 22:00:
Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսումնառությունը 6 տարի է: Կրթությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բուհերում ընդունված երկաստիճան համակարգով՝ բակալավրիատ և մագիստրատուրա: Ճեմարանի մասնագիտական ուղղվածությունն աստվածաբանական է, բայց առարկայացանկը հագեցած է նաև հայագիտական դիսցիպլիններով: Ուսումնական ծրագիրն այնպես է դասավորված, որ առաջին երեք լսարաններում սաները մեծ չափով ուսումնասիրում են հայագիտական առարկաներ, իսկ բարձր լսարաններում գրեթե ամբողջությամբ ուսումնասիրում են կրոնական առարկաներ և մասնագիտանում դրանց մեջ:
Ա լսարանում դասավանդվում են՝ Հայոց լեզու, Խոսքի մշակույթ, Գրաբար, Ռուսերեն, Անգլերեն, Հայ հին գրականություն, Հայոց պատմություն, Կրոնների պատմություն, Աստվածաշնչի պատմություն, Հայ Եկեղեցու պատմություն, Ընդհանուր եկեղեցական պատմություն, Քրիստոնեական, Եկեղեցական երաժշտություն, Սոլֆեջիո, Ինֆորմատիկա:
Բ, Գ և Դ լսարաններում այս առարկաներին գումարվում են ևս տասնվեցը՝ Արևմտահայերեն, Հին հունարեն, Հայ նոր գրականություն, Համաշխարհային գրականություն, Տրամաբանություն, Փիլիսոփայություն, Հայ եկեղեցական մատենագրություն, Հայրաբանություն, Աստվածաշնչի աշխարհագրություն, Հին Կտակարանի ներածություն, Նոր Կտակարանի ներածություն, Աստվածաշնչի մեկնություն և մեկնաբանություն, Վարդապետական աստվածաբանություն, Տոնագիտություն, Ծիսագիտություն, Տնտեսագիտություն:
Վերջին երկու Ե և Զ լսարաններում սաների ուսումը շարունակվում է մագիստրատուրայում, ուր ուսումը իրականացվում է մասնագիտական չորս հոսքերում՝ Աստվածաշնչագիտություն, Պատմական աստվածաբանություն, Դավանաբանություն, Գործնական աստվածաբանություն: Այստեղ սաները խորացնում են իրենց գիտելիքները՝ ըստ իրենց նախընտրած ուղղությունների՝ յուրաքանչյուր հոսքին հատուկ մասնագիտական ծրագրերի համապատասխան: Միևնույն ժամանակ գոյություն ունի բոլոր հոսքերի համար պարտադիր դասընթացների առարկայախումբ, որի շնորհիվ ապահովվում է ճեմարանական կրթության միասնականությունը մագիստրատուրայում:
Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդվող առարկաների ընդհանուր թիվը ներկա դրությամբ գերազանցում է 60-ը: Դասախոսական կազմը ևս շատ հարուստ է. ճեմարանում դասավանդող մանկավարժների թիվը հասնում է 60-ի:
Ուսանողները Բ լսարանում ստանում են դպրության չորս աստիճաններ, իսկ Ե լսարանում ձեռնադրվում են սարկավագ:
Սաներն ավարտում են իրենց կրթությունը ավարտական որակավորման քննություններով, ինչպես նաև ավարտական (դիպլոմային) աշատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանությամբ՝ բակալավրիատում և մագիստրատուրայում համապատասխանաբար:
Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, լինելով Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադիր նախագահը և Գիտական խորհրդի նախագահը, գլխավորում և ուղղություն է տալիս Գևորգյան հոգևոր ճեմարանի ողջ գործունեությանը:
Դասախոսական կազմը երբեք չի մոռանում հայ միջնադարյան մեր հոգևոր դպրոցների՝ էջմիածնի, Տաթևի, Հաղպատի, Սանահինի, Գլաձորի, Սև լեռան Կարմիր վանքի, Երուսաղեմի, Արմաշի և այլ վանական դպրոցների ավանդությունները և ողջ ժառանգության դերն ապագա եկեղեցականների ձևավորման ու դաստիարակության գործում:
Այսօր ճեմարանի տեսչության և դասախոսական կազմի առջև խնդիր է դրվել դառնալ ավանդույթների և վանական կյանքի հետ առնչվող սովորությունների սրբության կրողը՝ շարունակելով կրոնական ուսումնական հաստատությունների գործը, ինչպես նաև, օգտագործելով գիտական և մանկավարժական արդի մեթոդները՝ ուսումնական հաստատությունը բարձրացնել արդիական պահանջների մակարդակի: