Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պատվիրակության այցը
Մայիսի 25-29-ը Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայարագույն Պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի հրավերով Հայաստան կայցելի Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պետ` Կարելիայի եւ Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեոի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում հյուրերը կծանոթանան Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի գործունեությանը, հաղորդ կդառնան Հայ Եկեղեցու հոգեւոր կյանքին:
Մայիս 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եկեղեցական բարձրաստիճան հյուրերը կայցելեն Ծիծեռնակաբերդ` ծաղկեպսակ զետեղելու եւ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Նորին Ամենապատվություն Կարելիայի եւ Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեոն կայցելեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Մայիս 28-ին հյուրերը Վեհափառ Հայրապետի հետ կայցելեն Սարդարապատ` մասնակցելու Հայաստանի Առաջին Հանրապետության առիթով իրականացվող միջոցառումներին, ապա Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ, կմասնակցեն Սուրբ Պատարագին:
Հյուրերը կայցելեն նաեւ Ս. Խոր Վիրապի եւ Ս. Գեղարդի վանքեր, Սեւանի Վազգենյան Դպրանոց եւ Նորքի Հայորդաց տուն:
Կարելիայի եւ Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեոի պատվիրակության կազմում են ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի դեսպան Պր. Ալեքսի Հարկոնեն եւ Կարելիայի եւ Համայն Ֆինլանդիայի Արքեպիսկոպոսի օգնական Յորմա սարկավագ Հակինեն: