«Ֆիլոքսենիա» միջեկեղեցական կազմակերպության անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայից ժամանած «Ֆիլոքսենիա» միջեկեղեցական կազմակերպության անդամներին՝ կազմակերպության նախագահ մոնսինյոր Վիլմ Սանդերսի գլխավորությամբ և Գերմանիայի հայոց թեմի Բավարիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Այգիկ քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ:
Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ կառույցը հավատարիմ իր առաքելությանը՝ այսօր ևս շարունակում է կազմակերպել միջեկեղեցական հանդիպումներ, հնարավորություն ընձեռում տարբեր Եկեղեցիների հոգևոր սպասավորներին ու ներկայացուցիչներին մեկտեղվելու և շփվելու միմյանց հետ: Վեհափառ Հայրապետը կարևորեց միջեկեղեցական հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանն ուղղված ջանքերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշեց Գերմանիայում իր հովվության տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը «Ֆիլոքսենիայի» և նրա հիմնադրի հետ, ինչպես նաև հետագա տարիներին ներկայիս նախագահի հետ ունեցած սերտ կապերը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս ներկաների իր խորին շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց Գերմանիայի իշխանություններին` Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ որդեգրված բանաձևի առնչությամբ` դրանում մեծապես կարևորելով նաև Գերմանիայի եկեղեցական համայնքների դերակատարությունը:
Մոնսինյոր Վիլմ Սանդերսը ևս ուրախություն հայտնեց երկար սպասված հանդիպման առիթով, կարևորեց համագործակցությունը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և նրա կառույցների հետ, ապա խոսեց «Ֆիլոքսենիայի» անդամների հերթական ուխտագնացությունը դեպի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կազմակերպելու որոշման մասին:
Հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու հոգևոր-կրթական հաստատություններին և հոգևորականների պատրաստության խնդրին, ժողովրդի քրիստոնեական դաստիարակությանը և եկեղեցաշինությանը, Եկեղեցու կողմից դիմագրաված մարտահրավերներին և ներկայիս գործունեությանը: Անդրադարձ կատարվեց նաև Գերմանիայում իրենց ուսումնառությունը շարունակող հայ եկեղեցականներին և միջեկեղեցական կառույցի կողմից նրանց ցուցաբերվող զորակցությանը:
Վերջում Վեհափառ Հայրապետը «Ֆիլոքսենիայի» անդամներին մաղթեց արգասաբեր ու բեղմնավոր գործունեություն:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: