Օծվեց Մեծամորի Սբ. Ղազար եկեղեցին

Օծվեց Մեծամորի Սբ. Ղազար եկեղեցին 24.10.2005

Հոկտեմբերի 22-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվեց Արմավիրի թեմի Մեծամոր քաղաքի միակ` Սբ. Ղազար նորակառույց եկեղեցին: Եկեղեցին կառուցվել էր դեռեւս 2002թ. ամերիկաբնակ տեր եւ տիկին Զավեն եւ Ազատուհի Դադեկյանների ազնիվ բարերարությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ իր շքախմբի անդամներին Արշալույս գյուղի սահմանագլխին դիմավորեցին Արմավիրի մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի եւ մարզպետ Ալբերտ Հերոյանի գլխավորությամբ: Ապա ամենքն ուղղվեցին դեպի Մեծամոր, ուր բարձունքի վրա վեր խոյացած եկեղեցու առջեւ հավաքված խանդավառված ժողովուրդը` տարեց եւ երիտասարդ, ծաղիկներով, հաց ու աղով ողջունեցին Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետին:
Եկեղեցականների թափորի ուղեկցությամբ, Հայրապետական իր օրհնությունը բաշխելով ժողովրդին, Նորին Սրբությունն ուղղվեց դեպի Սբ. Ղազար եկեղեցի, ուր կատարեց եկեղեցու օծման արարողությունը: Աղոթքների ընթերցմամբ եւ հոգեզմայլ շարականների երգեցողության ներքո Հայոց Հայրապետն օծեց եկեղեցու սուրբ սեղանը, ապա Ներսես Սրբազանն օծեց խորհրդարանները, իսկ Սիոն Սրբազանը` մկրտության սբ. ավազանը: Օծումից հետո Վեհափառն օրհնեց նաեւ եկեղեցու մեծանուն բարերարներին:
Արարողության ավարտին ներկաներին դիմեց թեմակալ առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանը: «Այսօր պատմական օր է, քանզի այսօր, կամոքն Աստուծո, բախտավորությունն ունեցանք օծելու Մեծամորի այս եկեղեցին: Հիրավի, այս եկեղեցին օդի եւ ջրի պես անհրաժեշտություն էր այս համայնքի եւ շրջակա գյուղերի համար: Մենք շատ լավ գիտենք, թե ի°նչ վիճակում է գտնվում այս համայնքը հոգեւոր իմաստով` այլազան կրոնական շարժումների բույն դարձած: Սակայն այս եկեղեցին, հառնելով քաղաքի այս բարձրադիր տեղում, դարձավ փրկության փարոս մեր ժողովրդի համար»,- նշեց Սրբազան Հայրն իր խոսքում` կրկնակի ուրախություն հայտնելով Նորին Սրբության ներկայության համար եւ հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնություններն ամենքին:
«Բոլորս բերկրանքի եւ խնդության մեջ ենք, որովհետեւ երկնքից այսօր, օծմամբ Սբ. Ղազար եկեղեցու, օրհնություն է հեղվում վերստին Հայոց աշխարհի եւ մեր անձերի վրա: Այս բարձունքի վրա Հայոց Եկեղեցու խաչը պարզվեց դեպի երկինք ու հովանի դարձավ Մեծամոր քաղաքին:
Եկեղեցին 1700-ամյա մեր պատմության ընթացքին, երբ չենք ունեցել պետություն, զորք ու բանակ` մեր Հայրենին, մեր տունը պաշտպանելու, եկեղեցին դարձել է ամրոցը մեր ժողովրդի ու համախումբ, միասնական ու ապահով պահել է իր հարկի ներքո եւ առաջնորդել է դեպի նոր ժամանակներն ու դարերը: Եկեղեցու մեջ մենք գտել ենք մեր ինքնությունը, այդ ինքնությունը պահպանելու խորհուրդը: Եկեղեցու մեջ մենք կերտել ենք մեր մշակույթը եւ մեր պատմությունը:
Որքան ուրախ ենք, որ մեր ժողովրդի զավակներն այլեւս Մեծամոր քաղաքում ունեն այն վայրը եւ աղոթատեղին, ուր պիտի գան իրենց հավատարմությունը պահելու իրենց հայրերին, մեր պատմությանը ու մշակույթին, դարերի մեր երազներին եւ ուխտելու այս սուրբ սեղանի առջեւ` անշեղ ընթացքով կյանքի կոչել այն իղձերն ու տեսիլքները, որ դարերով ծրարած պահել ենք մեր հոգիներում` ունենալու հզոր Հայրենիք, պայծառ ու շեն Եկեղեցի եւ լուսավոր ու բարեկեցիկ կյանք:
Վստահ ենք, որ նորաօծ այս եկեղեցին նորովի պիտի անդրադարձումի առաջնորդի ձեզ, սիրելի մեծամորցիներ, որ Եկեղեցին է եղել փրկության տապանը մեր ժողովրդի եւ այն շարունակելու է իբրեւ այդպիսին գործել մեր կյանքում: Այս գիտակցությամբ, հավատքով ու համոզումով մենք պիտի հեռու վանենք մեզանից ամեն օտար ու խորթ կրոնական քարոզչություն, որ գալիս է մեզ շեղելու մեր ուղղափառ հավատքից, շեղելու մեր ընթացքից, որ անշեղորեն առաջնորդել է մեզ 1700 տարիներ դեպի Աստված, որ երաշխիքն է եղել մեր հարատեւության, լինելության եւ գոյության»,- ասաց Հայոց Հայրապետը` շնորհավորելով ներկա բարեպաշտ ժողովրդին իրենց քաղաքի եկեղեցու օծման առիթով: Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց եկեղեցու բարերարներին, որոնց կյանքը եղել է նվիրում ու անմնացորդ ծառայություն Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցուն, ազգին եւ Հայրենիքին: Վեհափառ Հայրապետը նաեւ իր բարձր գնահատանքը բերեց թեմի բարեջան առաջնորդին եւ թեմի բոլոր հոգեւոր սպասավորներին` հորդորելով սիրով եւ նվիումով շարունակել իրենց ծառայությունը: Այս առիթով Նորին Սրբությունը շնորհավորեց նաեւ Մեծամորի քաղաքապետ Աշոտ Գրիգորյանին, որի անմիջական ջանքերով է կառուցվել եկեղեցին եւ բարեկարգվել շրջակա տարածքը:
Օծման արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը ներկա գտնվեց համերգային ծրագրին` պատրաստված քաղաքի գեղարվեստական խմբերի եւ արվեստի դպրոցի սաների ջանքերով:
Նորին Սրբության շքախմբի կազմում էին Տ. Ներսես արք. Պոզապալյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպս. Քարամյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպս. Խաչատրյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Տ. Արտակ վրդ. Տիգրանյանը, մեծանուն ազգային բարերարներ:
Ներկայիս Արմավիրի թեմում կան 16 գործող եկեղեցիներ, ուր իրենց սպասավորությունն են ժողովրդին բերում 15 հոգեւորականներ: