Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ, Ձեզ և Մեզ Մեծ Աւետիս
Գարեգին Բ Կաթողիկոս. «Ոչինչ այլ բան, մարդկային ոչ մի ստեղծագործություն, ծրագիր չի կարող նորոգել, վերափոխել մարդու հոգին, բայց միայն մարդկային կյանքում Աստծո ներկայության հավատը...»
Սբ. Ծննդյան տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին տոնեց Սբ© Ծննդյան եւ Աստվածհայտնության հրաշափառ տոնը. Մայր Աթոռ Սբ© Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Հայրապետական Սբ© Պատարագ:
Պատարագի ընթացքում Ն©Ս©Օ©Տ©Տ© Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց համայն հայ ժողովրդին:
«...Սիրելի ժողովուրդ հայոց, Բեթղեհեմի աստղն այսօր առաջնորդում է մեզ դեպի մսուրը Փրկչի, ուր հավիտենականը ծնունդ առավ, անպարփակելին պարփակվեց, անիմանալին ազատարար ճանաչվեց: Չվարանենք ճշմարտությունը ճանաչելու, բարին գործելու, միմյանց ծառայելու, Քրիստոսին ծառայելու: Մի կողմ թողնենք այն ամենը, ինչ պիտի խանգարի մեզ հետեւելու Նրա լույս ընթացքին, Նրա ազատարար ընթացքին: Ազատությունը այն մեծագույն շնորհն է, որի մեջ պիտի պտուղներ տան մեր հույսերն ու ձգտումները` կառուցելու խաղաղ ու բարօր կյանք, ազատ հասարակություն: Մեր Հայրենիքի ազատությունը ոչ միայն պիտի պաշտպանենք, այլեւ ազատություն դարձնենք յուրաքանչյուրիս համար: Ազատությունը բարու մեր ընտրությունն է, որը նաեւ պայքար է չարի դեմ: Քրիստոսասեր, ճշմարտասեր մեր գործերով պիտի մեր հողից վերացվեն աղքատության եւ օրինազանցության չարիքը, մեր իրականությունից դուրս մղվեն անտարբերությունն ու անհանդուրժողությունը եւ հաստատվեն ճշմարիտ մարդասիրության բարիքները: Մեր եղբայրության մեջ, մեր արդարության մեջ, մեր սիրո մեջ է, որ պիտի հաջողվեն մեր ծրագրերն ու գործերը` ուղղված մեր Հայրենիքի շինությանն ու զորացմանը, ընկերային կյանքի վերափոխությանը, Սփյուռքում ազգային կյանքի պահպանությանն ու զարթոնքին, մեր զավակների կրթությանը, մեր մշակույթի զարգացմանը եւ մեր ժողովրդի բոլոր իղձերի իրականացմանը»,- ասաց Վեհափառ Հայրապետը:
Վեհափառ Հայրապետը նշեց, որ այս տարի ազգովի պիտի տոնախմբենք հայոց գրերի գյուտի 1600-ամյա պանծալի հոբելյանն ու Մեծ եղեռնի 90-ամյա տարելիցը:
«Ծունր դնենք Մանուկ Հիսուսի սնարի առջեւ եւ հայցենք, որ Աստծո ներկայությամբ վերանորոգվող հոգին նաեւ մերը լինի եւ դեպի բարին ու ճշմարիտը առաջնորդվող կյանքը նաեւ մեր կյանքը լինի Մայր Հայրենիքում եւ Սփյուռքում: Աղոթենք միասնաբար, որ Բարեգութն Աստված Սուրբ Հոգու մխիթարությամբ սփոփի Հեռավոր Արեւելքի երկրներում բնական աղետից տուժած հազարավոր մարդկանց սրտերը եւ իր անբավ ողորմությամբ հանգստություն շնորհի զոհվածների հոգիներին: Թող երկնառաք խաղաղությունը հաստատվի համայն աշխարհում` ի մասնավորի այսօր պատերազմի վտանգների մեջ ապրող ժողովուրդների կյանքում, եւ թող աստվածատես ճանապարհները առաջնորդեն մարդկության ընթացքները դեպի հաշտության, արդարության ու եղբայրության եզերքներ, դեպի ավելի ու ավելի բարօր, առաջագնաց ու երջանիկ կյանք, դեպի փրկություն եւ հավիտենություն»,- եզրափակեց իր Սբ. Ծննդյան պատգամը Նորին Սրբությունը:
Հավարտ Սբ© Պատարագի Հայոց Հայրապետը կատարեց Ջրօրհնեքի արարողություն` իբրեւ Քրիստոսի Մկրտության խորհրդանիշ: Խաչի կնքահայրն էր Բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը:
Սբ© Պատարագին եւ Ջրօրհնեքի արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պետական այլ պաշտոնյաներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ« Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, գիտության ու մշակույթի մշակներ, բազմաթիվ հավատացյալներ:
Սրբազան Պատարագից հետո Վեհարանում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: