Քույր Եկեղեցիների երկու հովվապետերն իրենց օրնությունը բաշխեցին ժողովրդին
Մայր տաճարում Ուխտի պատարագ մատուցեց Ուկաինայի թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արք. Բունիաթյանը
Կիրակի, մայիսի 4-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Նորին Սրբություն Շենուդա Գ Պատրիարքի հանդիսապետությամբ մատուցվեց հերթական Ուխտի պատարագը: Մայր Տաճարի օծման 1700-ամյակի տոնակատարությունների ծիրից ներս այս անգամ Սուրբ Էջմիածին էր ժամանել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի ուխտապահ ժողովուրդը: Օրվա պատարագիչն էր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գրիգորիս արք. Բունիաթյանը:
Պատարագի ընթացքին երկու քույր եկեղեցիների Հովվապետերն իրենց օրհնությունն ու պատգամը փոխանցեցին հավատացյալներին: «Մեր հայցը այսօր երկինք է բարձրանում Աշխարհամատուռից ծավալվող լույսով, որ նորոգեց աշխարհը եւ առաքելական ժամանակներից բնակվում է նաեւ Հայաստանում ու Եգիպտոսում: Եվ թեպետ հեռավոր անցյալի չափանիշներով մեր երկրները աշխարհագրորեն միմյանցից բավական հեռու են, սակայն այն հավատակերտ ժամանակներից ի Քրիստոս հաղորդությամբ մեր ժողովուրդներին միացրել է մեկ, ընդհանրական, առաքելական եւ սուրբ Եկեղեցին:...Նույնն է եւ մեր առաքելությունը, որ եղբայրական սիրով զորացած պիտի շարունակենք, որպեսզի հավատը, հույսը եւ սերը լուսավորեն կյանքի իմաստը եւ դեպի Տերը ուղղորդեն նրա ընթացքները: ...Ձերդ Սրբություն, վստահ ենք, որ ձեր այցը Ս. Էջմիածին եղբայրության նոր շունչ պիտի հաղորդի մեր եկեղեցիների հարաբերություններին, որ իբրեւ թանկ հարստություն ժառանգել ենք մեր հայրերից», - ասաց Վեհափառ Հայրապետը:
«Ձեր երկիրն առաջինն էր աշխարհում, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Եվ ձեր եկեղեցին կոչված է կրելու Տիրոջ խաչը: Մենք մի ենք մեր հավատքի եւ դավանանքի մեջ, եւ մեր երկու ժողովուրդներն անցել են բազում փորձությունների ու դժվարությունների միջով դարեր շարունակ: ...Մենք աղոթում ենք ձեր ժողովրդի եւ եկեղեցու համար եւ հայցում ձեր աղոթքը մեզ համար, որպեսզի առավել ամրապնդվենք ամենքս մեր առաքելության եւ ի Քրիստոս մեր ծառայության մեջ», - նշեց Ս. Մարկոսի Աթոռի գահակալը:
Սրբազան արարողությանը ներկա էին բարձրաստիճան հոգեւորականներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը, ՀՀ-ում Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի արտակարգ եւ լիազոր դեսպանները: