Քահանայից հավաքի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ
Հայաստանում սպասավորող եկեղեցականաց մեր ողջ դասով համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հովանու ներքո, աղոթում ենք մեր Հայրենիքի խաղաղության ու ապահովության, մեր Սուրբ Եկեղեցու պայծառության ու մեր ժողովրդի բարօր կյանքի համար:
Անդրադարձ կատարելով վերջին շաբաթների ներհայաստանյան իրադարձություններին, գոհություն ենք հայտնում Ամենակարող Բարձրյալին, որ մեր ժողովուրդը իրեն հատուկ ողջամտությամբ կարողացավ զերծ պահել մեր երկիրը ավելորդ ցնցումներից ու անցանկալի զարգացումներից: Այս օրերին մենք ականատես եղանք մեր ժողովրդի և հատկապես մեր երիտասարդների՝ առ հայրենիքը սիրո և նախանձախնդրության ոգուն, երկրի ապագայի հանդեպ պատասխանատվության գիտակցությանը, ինչը հուսադրող կարևոր գրավական է երկրի հետագա կայուն և անշրջելի զարգացման համար:
Վերջին զարգացումների արդյունքում Հայաստանը թևակոխել է նոր շրջան՝ մեր ժողովրդի մեջ առաջացնելով դրական փոփոխությունների մեծ ակնկալիքներ ու սպասումներ: Մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների մեջ մենք մեծապես կարևորում ենք հանրության մեջ սիրո, գործակցության և համերաշխության ոգու զորացումը, միմյանց նկատմամբ ատելության ու թշնամանքի դրսևորումների բացառումը, որը նաև առաքելությունն է մեր Սուրբ Եկեղեցու: Մեր ժողովուրդը մշտապես հավատքով, հույսով ու սիրով է ապրել ու արարել, հաղթահարել իր կյանքի բոլոր դժվարություններն ու փորձությունները:
Մենք հորդորում ենք անխախտ ու անսասան պահել մեր համազգային միասնականությունը և աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդի ուժերի ու հնարավորությունների համախմբմամբ շարունակել անշեղորեն հետամուտ լինել ազգային իղձերի ու նպատակների իրականացման տեսլականին:
Թող Ամենակարողն Աստված առատապես օրհնի և Իր Սուրբ Աջով պահապան լինի Հայոց աշխարհին, մեր Սուրբ Եկեղեցուն ու համայն մեր ժողովրդին:
Քահանայից հավաքի մասնակիցներ