Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Սեպտեմբերի 18-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն: Քահանայից լսարանն ավարտած ինը սարկավագներ` ձեռամբ ԱՄՆ Արեւելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի գլխավոր տնօրեն եւ Վաշինգտոնում թեմական պատվիրակ Տ. Վիգեն եպս. Այքազյանի, ստացան քահանայական աստիճան:
Տարիներ առաջ, Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ` Հայ Եկեղեցու սպասավորներ պատրաստելու նպատակով կազմակերպված քահանայից լսարանն ընդունվեցին Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած բարձրագույն կրթությամբ դիմորդներ: Հերթական հունձքն ընդգրկում է տնտեսագիտական, ճարտարագիտական, մանկավարժական եւ այլ մասնագիտական կրթություն ստացած անձերի, որոնք պատրաստակամություն էին հայտնել հետեւելու Հայ Եկեղեցու առաքելահաստատ կանոններին եւ հոգեւոր սպասավորության կոչվելու:
Նախորդ օրը, երեկոյան ժամերգությունից առաջ կատարվեց քահանայացուների ընծայման արարողությունը:
Հընթացս ս. պատարագի ձեռնադրող Սրբազան հայրն օծեց ընծայացուների ճակատը, աջ եւ ձախ ձեռքերը:
Վրեժ սրկ. Ալեքսանդրյանը վերանվանվեց Հովհաննես քհն.,
Գուրգեն սրկ. Մարգարյանը` Ստեփանոս քհն.,
Առուշան սրկ. Հարությունյանը` Սեպուհ քհն.,
Վարդան սրկ. Տեր-Մկրտչյանը` Սիմեոն քհն.,
Ռոբերտ սրկ. Ստեփանյանը` Մաշտոց քհն.,
Արմեն սրկ. Աբրահամյանը` Զգոն քհն.,
Արկադի սրկ. Մաթեւոսյանը` Շնորհք քհն.,
Արտակ սրկ. Մարգարյանը` Թորգոմ քհն.
Հակոբ սրկ. Տեր-Բարսեղյանը` Գեւորգ քհն.:
«Այսօր կոչված եք ծառայելու Աստծուն, մեր Եկեղեցու միջոցով ծառայելու մեր ժողովրդին, եւ դուք այդ ծառայության մեջ առաջին անգամ ապագա գործունեության մեջ Քրիստոսին` որպես խորհրդանիշ պետք է ունենաք: Քահանայությունն Աստծո կողմից տրված պարգեւ է, եւ դուք այդ պարգեւը պետք է լավ օգտագործել իմանաք: Քահանայությունն ամեն մարդու չի տրվում. ընտրյալներին է շնորհվում` Աստծո ս. Խորանի առջեւ: Ունենալով Քրիստոս` որպես իսկական Հովիվ պիտի առաջնորդեք ձեր ժողովուրդը դեպի հավիտենական կյանք: Որպես զենք ունեցե°ք ձեր Խաչն ու Ավետարանը:.. Սիրեցե°ք ձեր ժողովուրդը` իբրեւ ձեր անձերը»,- նորընծա քահանաներին պատգամեց Սրբազան հայրը` հորդորելով լծվել քարոզչական գործունեության եւ հովվական կյանքի: