Քահանայական ձեռնադրություն եւ օծում Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում
Քահանայից լսարանի առաջին հունձքը
Հոկտեմբերի 10-ին, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն: Եկեղեցում չափազանց հանդիսավոր ու տոնական մթնոլորտ էր: Քահանայական ձեռնադրություն եւ օծում էին ստանում 19 սարկավագներ: Վերջին հարյուրամյակում առաջին անգամ Սբ. Խորան էին բարձրացել մեկ տասնյակից ավելի ընծայացուներ: Նրանցից 12-ը քահանայից պատրաստման լսարանի առաջին շրջանավարտներն էին: Նրանց հետ մեկտեղ քահանայական ծառայության կոչվեցին նաեւ Գեւորգյան Հոգեւոր ճեմարանն ավարտած յոթ սարկավագներ: Առաջին անգամ քահանայական ձեռնադրություն եւ օծում էր կատարում նաեւ Մայր Աթոռի դիվանապետ, նորաօծ Տ. Արշակ եպս. Խաչատրյանը:
Քահանայից պատրաստության առաջին լսարանը բացվեց երկու տարի առաջ, Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ` Հայ Եկեղեցու սպասավորներ պատրաստելու նպատակով: Դիմորդները Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած բարձրագույն կրթությամբ մասնագետներ էին` որոնք իրենց ծառայությունն էին կամեցել բերել Հայաստանյայց Մայր Եկեղեցուն: Եւ ահա, աստվածաբանական երկամյա կրթություն ստանալուց հետո, նախկին շինարար-ճարտարագետը, ֆինանսիստը, երկրաբանը, հոգեբույժը, երաժիշտն ու մանկավարժը արժանացան քահանայական կոչման:
Նախորդ օրը, երեկոյան ժամերգությունից առաջ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց նորընծաների ուղղափառ հավատքի հրապարակային քննություն: Խարտավիլակները վկայեցին նորընծաների հոգեւոր-իմացական պատրաստվածության եւ արժանիքների մասին, իսկ ընծայացուները միաբերան մերժեցին եւ նզովեցին հերետիկոսներին ու հերձվածողներին` ուխտելով հետեւել սուրբ առաքյալների, երանաշնորհ հայրապետների ու վարդապետների հավատքին` ի նշան իրենց ուղղափառ դավանության արտասանելով Ս. Գրիգոր Տաթեւացու հեղինակած «Հավատամքը» եւ ուխտելով հավատարիմ մնալ Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին:
Կիրակի, հընթացս Ս© Պատարագի, 19 ուխտյալները սաղմոսների փոխասացության ներքո ծնկաչոք բարձրացան Ս. Խորան: Դառնալով դեպի հավատացյալ ժողովուրդը` ընծայացուները բարձրացրին իրենց ձեռքերը` ի նշան աշխարհիկ կյանքից հրաժարման: Մեծ հանդիսավորությամբ Ս. Խորան բերվեց Սրբալույս Մյուռոնը, եւ ձեռնադրող Սրբազան Հայրը մեկառմեկ օծեց ընծայացուների ճակատները, աջ եւ ձախ ձեռքերի ափերը` նոր անուններով կոչելով նրանց. Արթուր սրկ. Հովհաննիսյանը վերակոչվեց Տ. Արիստակես քահանա, Հովհաննես սրկ. Բաղալյանը` Տ. Վրթանես քահանա, Արարատ սրկ. Նուրիջանյանը` Տ. Հուսիկ քահանա, Արման սրկ. Շահնազարյանը` Տ. Ներսես քահանա, Մհեր սրկ. Ղահրամանյանը` Տ. Գյուտ քահանա, Արման սրկ. Սիմոնյանը` Տ. Նորայր քահանա, Հուսիկ սրկ. Հայրապետյանը` Տ. Բաբկեն քահանա, Հովհաննես սրկ. Վահանյանը` Տ. Մուշե քահանա, Գագիկ սրկ. Բաբայանը` Տ. Մաշտոց քահանա, Հայկ սրկ. Պետրոսյանը` Տ. Ղազար քահանա, Արթուր սրկ. Սարգսյանը` Տ. Սմբատ քահանա, Արթուր սրկ. Դրավանցը` Տ. Մատթեոս քահանա, Արայիկ սրկ. Մկրտչյանը` Տ. Մանուել քահանա, Վահան սրկ. Անդրեասյանը` Տ. Թովմաս քահանա, Կառլեն սրկ. Ղազարյանը` Տ. Առաքել քահանա, Վլադիմիր սրկ. Գալստյանը` Տ. Եզնիկ քահանա, Գառնիկ սրկ. Առաքելյանը` Տ. Սիմեոն քահանա, Հովհաննես սրկ. Սարգսյանը` Տ. Փավստոս քահանա, Վաչագան սրկ. Բաբայանը` Տ. Անանիա քահանա: Պատարագիչ Սրբազան Հայրը նորաօծ քահանաներին փոխանցեց նաեւ հաղորդության սկիհը` նրանց տալով պատարագելու եւ Տիրոջ մարմինն ու արյունը ժողովրդին բաշխելու իշխանությունը:
Քահանայական օծումից հետո Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով քահանայի առաքելությանը:
«Այսօր, երբ Հայաստանյայց Եկեղեցին նորովի է շնչում, երբ մի ողջ ժողովուրդ, որ տասնամյակներ շարունակ կտրված էր իր հոգեւոր ավանդույթներից, երբ ձեւավորվել էր մի պարապություն մեր ժողովրդի հոգու մեջ աստվածմերժության տարիներից, մենք կոչված ենք լցնել այդ պարապությունը նոր շնչով, նոր ոգով ու մատակարարումով, նոր եւ հորդառատ ջրերով»,-ասաց Արշակ Սրբազանը:
Ձեռնադրությունից հետո Ս. Խորան բարձրացան Վեհափառ Հայրապետը, Սրբազան Հայրերն ու միաբանները եւ համբուրելով քահանաների Սրբալույս Մյուռոնով օծված ճակատներն ու ձեռքերը` շնորհավորեցին նրանց:
Նույն օրը, երեկոյան ժամերգության ընթացքում կատարվեց նորաօծ Տ. Նորայրի վեղարի տվչության եւ աբեղայի օրհնության կարգը: