Քահանայական հավաք` նվիրված Ղեւոնդյանց տոնին
Փետրվարի 5-ին, Սրբոց Ղեւոնդյանց քահանայից տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ քահանայական ժողով, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ատենապետությամբ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանի, Տ. Միքայել եպս. Աջապահյանի, մասնակցությամբ Հայաստանի եւ Արցախի թեմակալ առաջնորդների եւ քահանայից դասի:
Մեկօրյա նիստերում լսվեցին բանախոսություններ եկեղեցական համայնքների, ծխերի վերակազմավորման եւ հեռանկարների մասին:
Առանձնահատուկ կարեւորությամբ շեշտվեց, որ հավատացյալ հայ ժողովուրդը կարիք ունի կրոնական հիմնարար դաստիարակության, անաստվածության անպտուղ տարիներից հետո վերականգնելու համար ոչ միայն մոռացվածը, այլեւ լավ ճանաչելու եւ պահպանելու մեր պատմության մեծագույն նվաճումը եւ մեր հավատքի ջահակիրը հանդիսացող Քրիստոսահիմն Հայաստանյայց Եկեղեցին:
Ազատ եւ անկախ հայրենիքի այսօրվա իրականության պայմաններում Հայ Եկեղեցու գահանիստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը առավել ջանասիրությամբ ու նվիրումով պիտի աշխատի ժողովրդին հեռու պահել կրոնական պառակտող շարժումներից, նպաստի ազգային միասնականության եւ հզոր պետականության կայացմանը:
Ժողովն արձանագրեց, որ Հայ Եկեղեցու քահանայից դասը, որպես Աստծո Տաճարի եւ հավատացյալ հոտի սպասավոր, գիտակցում է, որ բոլորի կենդանի եւ ճշմարիտ օրինակը մեր Փրկիչն է` իր անսահման սիրով ու մարդասիրությամբ, հեզությամբ եւ ներողամտությամբ, որին պետք է հետեւի հայ եկեղեցու ճշմարիտ սպասավորը:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց ժողովականներին, հորդորելով Սրբոց Ղեւոնդյանց քահանայից օրինակով առաջնորդել ժողովրդի բոլոր խավերին` քրիստոսահիմն հավատքի եւ ազգային միակամության գիտակցումով եւ անմնացորդ նվիրումով ծառայել 2000-ամյա մեր եկեղեցու պայծառացմանը:
Վեհափառ Հայրապետը շեշտեց հատկապես ներկայիս համազգային հրամայականը` բազմաթիվ զոհերի եւ զոհողությունների գնով ձեռք բերված նորանկախ հայրենիքի բարգավաճմանն ու հզորացմանը նպաստելու, հայ եկեղեցու հոգեւորականության սրբանվեր ու անդադրում աշխատանքի վերաբերյալ:
Ժողովի վերջավորության, ներկա եկեղեցականներն իրենց որդիական երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեցին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ազգիս Շնորհազարդ Հայրապետին` ժողովականների նկատմամբ հայրական հոգատարության եւ ուշադրության համար եւ իրենց ուխտը վերահաստատեցին Հայ Եկեղեցուն եւ ժողովրդին ծառայելու նվիրական առաքելության մեջ: