Փառեն եպս. Ավետիքյանի ձեռամբ օծվեց Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցին
Սեպտեմբերի 12-ին, Խաչվերացի տոնի օրը, կրկնակի ուրախության ու բերկրանքի տոն էր Արագածոտնի թեմի հավատացյալների համար, քանզի ձեռամբ Տ. Փառեն եպս. Ավետիքյանի օծվեց Է դարի հայ ճարտարապետության գոհարներից մեկը` Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցին: Եկեղեցու վերանորոգման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները կատարվել են Հայ Եկեղեցու ամերիկաբնակ բարերար Հովհաննես Մկրյանի անմիջական աջակցությամբ:
Օծման արարողությունից հետո Փառեն Սրբազանը շնորհավորեց բոլորին հիշարժան օրվա առիթով` մաղթելով, որ այսուհետ միշտ Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցու Ս. Սեղանից Տիրոջ մարմինն ու արյունը բաշխվի հայ հավատացելոց բազմությանը:
«Հիշարժան պահ է ամենքիս համար, քանզի եւս մեկ աղոթքի տուն է բացվում Հայոց աշխարհում: Մեր աղոթքն է առ Բարձրյալն Աստված, որ այս հոյակերտ եկեղեցին լինի Աստծո եւ մարդու հանդիպման վայր, ուր ամենքս կարող ենք մեր ցավերը, հոգսերը կիսել Տիրոջ հետ, մեր խնդրանքները ներկայացնել Ամենակալին եւ ինչու չէ նրա շնորհները ստանալ Ս. Հաղորդության միջոցով»,-նշեց Սրբազան Հայրն իր խոսքում:
Փառեն եպս. Ավետիքյանը նաեւ տեղեկացրեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակով, ի գնահատություն եկեղեցու բարերար Հովհաննես Մկրյանի եկեղեցաշեն եւ ազգանվեր գործունեության, նա պարգեւատրվում է Հայ Առաքելական Եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով: Հայրապետական կոնդակն ընթերցեց Արագածոտնի թեմում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Թորգոմ աբղ. Տոնիկյանը:
«Հատկապես նոր հազարամյակում սկսված եկեղեցաշինական հսկայածավալ աշխատանքներին մասնակից լինելու այն զգալի ներդրումն ու ոգին, որոնցով Դուք ազնիվ բարերարությամբ կյանքի կոչեցիք Արագածոտնի թեմի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները, վկայությունն են ջերմ հայրենասիրության եւ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ որդիական անմնացորդ նվիրումի ու հավատարմության:...Ուրախությամբ ենք հաստատում, որ ապրելով Հայաստանից հեռու` Դուք Ձեր սրտում կրելով Մայր Հայրենիքը, նրա հոգսերի ու խնդիրների արդյունավոր լուծման ազնիվ փափագը, ձեռք եք մեկնում աջակցության եւ օգնության: Կարեւորելով հոգեւոր անանց արժեքների եւ նվիրական սրբությունների շուրջ համախմբվելու ամուր կամքն ու գիտակցությունը` Դուք մնայուն ավանդ եք բերում նաեւ համազգային մեր կյանքում նորանոր հաջողությունների ամրագրմանը` օգտակար լինելով հայ ժողովրդին ու Սուրբ Եկեղեցուն»,-ասվում է Հայրապետական Սրբատառ Կոնդակում:
Արարողությանը մասնակցում էին Տ. Սասուն ծ. վրդ. Զմրուխտյանը, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, մշակույթի եւ արվեստի գործիչներ: