Տոնախմբվեց Տյառնընդառաջի տոնը

Տոնախմբվեց Տյառնընդառաջի տոնը 14.02.2022

Փետրվարի 14-ին 40-օրյա մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ։
 
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
 
Սուրբ Պատարագի իր քարոզում Հայր Սուրբն անդրադառնալով տոնի խորհրդին՝ մասնավորաբար կարևորեց հույսի խորհուրդը, որով Սիմեոն Ծերունին երեք հարյուր և ավելի տարիներ սպասում էր Փրկչին տեսնելուն՝ հորդորելով հավատացյալներին նույն հույսով իրենց հայացքներն անշեղորեն ուղղել առ Աստված:
 
Աղոթք վերառաքելով առ Աստված՝ Հայր Սուրբը մաղթեց հավատավոր ժողովրդին, որ Սիմեոն Ծերունու հույսը յուրաքանչյուրի սրտում պտղաբերի, մշտապես լինեն խաղաղության մեջ և մի օր երանությունն ունենան ասելու՝ «․․․․իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ» (Ղուկ․ Բ 30-31):
 
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ: