Տեր եւ Տիկին Հարություն Արսլանյաններին շնորհվեց «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի կոնդակով լիբանանահայ բարերարներ Տեր եւ Տիկին Հարություն Արսլանյաններն ի գնահատումն հայ եկեղեցուն մատուցած անսակարկ ծառայության եւ ազգօգուտ գործունեության արժանացան Հայ Առաքելական եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանի:
Ձեռամբ Հայոց Հայրապետի շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունիսի 22-ին, Վեհարանի դահլիճում: «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի ներքո ներս բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը:
«Ուրախ ենք մեծապես, որ Ձեր կյանքն արդյունավորում եք հարազատ ժողովրդին ու Մայր Եկեղեցուն մատուցած Աստվածահաճո բազում ծառայություններով: Տասնամյակներ շարունակ, որպես պատվարժան անդամ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Դուք հոգեւոր ու նյութական Ձեր կարողությունները սիրառատ ոգով ի սպաս եք դնում ազգային եւ եկեղեցական մեր կյանքի շինությանն ու զորացմանը, սրբազան մեր արժեքների անխաթար պահպանմանն ու զարգացմանը», - ասված է Հայրապետական կոնդակում:
Բարեգործի անունը Հայաստանում կապված է Շիրակի թեմի Ազատան գյուղի Սբ. Հարություն եկեղեցու վերանորոգման հետ, որ իրականացվել է երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետի կաթողիկոսության տարիներին` Տեր եւ Տիկին Հարություն Արսլանյանների հովանավորությամբ:
Հանդիսության ընթացքում Վեհափառ Հայրապետը մեկ անգամ եւս բարձր գնահատեց մեծանուն բարերարի ազգանվեր գործունեությունը: Հայ եկեղեցու բարձրագույն շքանշանին արժանանալու առիթով բարերարներին շնորհավորանքի խոսքեր ուղղեցին նաեւ Արսլանյան ընտանիքի բարեկամ Տ. Եփրեմ արք. Թափակյանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը:
Ապա` շնորհակալության խոսք ասացին Հարություն Արսլանյանը եւ բարերարի որդին` Գրիգոր Արսլանյանը:
«Հայ ժողովրդի գոյության համար կարեւոր են Եկեղեցին եւ մայրենի լեզուն: Եկեղեցին եւ լեզուն է հայրենասիրության առաջին գրավականը»,- ասաց պրն. Հարություն Արսլանյանը` հավաստելով, որ այսուհետ եւս կշարունակի աջակցությունը Մայր եկեղեցուն` ազգապահպան իր ձեռնարկների մեջ:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբան հայրեր, բազմաթիվ հյուրեր:
Ելույթներն ընդմիջվում էին Մայր Տաճարի եւ Սեւանի դպրանոցի երգչախմբերի կատարումներով: