Տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումը
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ ապրիլի 1–3-ը տեղի ունեցավ «ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումը»: ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կազմակերպած ֆորումին հրավիրված էին մասնակցելու Եգիպտոսի Հայոց և Իրաքի Հայոց թեմերի, ինչպես նաև Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի Հայոց պատրիարքությունների երիտասարդները:
Ֆորումը հյուրընկալեց Եգիպտոսի Հայոց թեմը՝ թեմակալ առաջնորդ Տ․ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի օրհնությամբ։
Ֆորումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդն ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձն ուղղված մասնակից երիտասարդներին։ Ցուցադրվեց նաև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ողջույնի տեսաուղերձը։ Այնուհետև ֆորումի ծրագրային մասի բացումն ազդարարեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանը:
Ապրիլի 3-ին, Թեմակալ առաջնորդ Տ․ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի նախաձեռնությամբ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պատրիարքական նստավայրում կազմակերպվեց հանդիպում Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թավադրոս Բ–ի հետ:
Ապրիլի 4-ին Ալեքսանդրիայի Հայոց առաջնորդարանում կայացավ հանդիպում տեղի հայ երիտասարդների հետ, որին ներկա էր նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։
Ֆորումի ավարտին երիտասարդները պայմանավորվեցին հանդիպել Հայրենիքում՝ հուլիսի 6–10-ը տեղի ունենալիք ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության շրջանակներում: