Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2016-2017 ուսումնական տարվա փակման արարողությունը
Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2016-2017 ուսումնական տարվա փակման արարողությունը:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական, ուսուցչական անձնակազմը և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները:
Միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
Տեսուչ Հայր Սուրբը ներկայացրեց ուսումնական տարում ճեմարանի կյանքում արձանագրված ձեռքբերումները, որոնց թվում՝ ճեմարանի կայքէջի և տեսասկավառակի շնորհանդեսը, «Էջմիածին» երգչախմբի հոգևոր համերգների կազմակերպումը Մոսկվայում և Գրոդնոյում, արտադասարանային տարբեր դասախոսությունների ու միջոցառումների անցկացումը արտասահմանյան և Հայաստանի մի շարք բուհերի դասախոսների կողմից, ճեմարանականների մասնակցությունը տարբեր սոցիալական ծրագրերի ու մշակութային ձեռնարկների։ Ճեմարանի տեսուչը կարևոր ձեռքբերում նկատեց տարեսկզբին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ կառավարության հաստատմամբ ճեմարանում բացված ասպիրանտուրայի փաստաթղթային ու ծրագրային նախապատրաստական աշխատանքների ավարտը, նաև Հռոմի Արևելյան համալսարանի հետ սկզբնավորվող համագործակցությունը։
Տեղեկացվեց, որ անցնող 2016-2017 ուսումնական տարում ճեմարանն ունեցել է 94 ուսանող, որոնցից 10-ը՝ շրջանավարտ, հաստատությունում դասավանդել է 63 դասախոս՝ 37 աշխարհական և 26 հոգևորական:
Իր հաշվետու խոսքում Հայր Գարեգինը նաև անդրադարձավ հոգևոր հաստատության առաքելությանը՝ նշելով. «Ճեմարանական կյանքում եթե մի բան պիտի սովորեն մեր սաները, ապա դա ի Քրիստոս առաքելագործության մեջ միասնականութիւնն է, հոգևոր անանց ճշմարտության փնտրտուքի ճանապարհին: Ընդ սմին, հոգևոր կրթության շնորհիվ ստանում ենք լուսավորն ու բարին, սուրբն ու հավիտենականը մեղքից ու անցողիկից զատորոշելու կարողություն: Վեցամյա կրթությունը Ճեմարանում միտված է մարդկային աստվածաստեղծ լավագույն որակներն ի հայտ բերելու մեր սաների մեջ: Նրանց ուսուցանելու, որ ամեն բանի մեջ նախևառաջ գերադասելի են արդարությունը, խիզախությունը և խոնարհությունը»:
Տեսչական ու դասախոսական կազմի անունից Հայր Սուրբը շրջանավարտ սաներին մաղթեց, որ Քրիստոս միշտ աներևութապես ուղեկից լինի նրանց իրենց կյանքում և գործերում ՝ զինելով վերջիններիս իմաստությամբ:
Ապա երաժշտական կատարումներով հանդես եկավ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երգչախումբը՝ ղեկավարությամբ Բարեշնորհ Արթուր սարկավագ Վարդանյանի: Ուսանողության անունից խոսք ասաց Զ լսարանի սան Բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մինասյանը:
Հանդիսության ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուսման մեջ դրսևորած բարձր առաջադիմության, կարգապահության և այլ արժանիքների համար հատուկ պարգևների արժանացրեց տարբեր լսարանների սաների:
Ցերեկույթն ամփոփվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:
Նորին Սրբությունն իր գոհունակությունն արտահայտեց ուսումնական տարվա ընթացքում Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների արձանագրած հաջողությունների և ձեռքբերումների առիթով` իր գնահատանքը բերելով Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի և Թրբանճյան ընծայարանի տեսչական և դասախոսական կազմերին ներդրված նվիրյալ ջանքերի և ջանադիր գործունեության համար:
Իր պատգամում Հայոց Հովվապետը նշեց, որ ժողովրդի հոգևոր սպասավորության համար պատրաստվող եկեղեցականնները պետք է կրողը լինեն լավ մարդու, լավ հայի և լավ քաղաքացու հատկանիշների։
Ըստ այդմ, Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ ճեմարանը կոչում ունի նախ մարդակերտումի. մարդ, որ կրողն է Աստծու պատկերի, ով նմանվում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին և առաջնորդվում Նրա պատվիրաններով ու պատգամներով։
Հոգևոր հաստատության երկրորդ կոչումը Նորին Սրբությունը նկատեց մանկավարժների և տեսչության կողմից հայրենասեր հայորդիներ դաստիարակելու առաքելությունը, որպեսզի ճեմարանի սաները, հաղորդ դառնալով ազգային պատմությանը, հայրերի սրբազան ժառանգությանը ու հերոսական կերպարներին, նրանց օրինակով ու ծառայանվիրումի ոգով հաղթանակներ կերտեն ինչպես հոգևոր, այնպես և աշխարհիկ կյանքում, կարող լինեն նպաստելու հայապահպանության սրբազան գործին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց նաև, որ ճեմարանի շրջանավարտներն ունենան քաղաքացիական բարձր գիտակցություն, պատասխանատվության և օրինապահության ոգի՝ իբրև արժանավոր եկեղեցականներ ժողովրդին պահելու Աստծո շավիղների մեջ և ազգային կյանքը առաջնորդելու սիրո, բարության, արդարության և խաղաղության մեջ:
Խոսքն ուղղելով շրջանավարտ սարկավագներին՝ Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Մենք մեծապես ուրախ ենք, որ այս տարի ևս ունենք շրջանավարտներ, ովքեր մուտք են գործելու միաբանական կյանք և իրենց ամբարած գիտելիքներն ի սպաս են բերելու իրենց ծառայագործության մեջ մեր ժողովրդին և Սուրբ Եկեղեցուն։ Վստահ ենք, որ մեր շրջանավարտները կարդարացնեն ինչպես մանկավարժների, այնպես էլ տեսչության և մեր միաբանության սպասումներն ու հույսերը և ավելիով կնպաստեն մեր Եկեղեցու վարկի ու հեղինակության բարձրացմանը: Բարի ընթացք ենք մաղթում իրենց միաբանական նոր կյանքից ներս և արդյունավոր ծառայություն՝ ի սեր և ի փառս մեր ժողովրդի ու Եկեղեցու»։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց նաև մնացյալ ճեմարանականներին՝ հորդորելով բարձր գիտակցություն դրսևորել ուսումնառության մեջ և ամենայն ջանք ի գործ դնել՝ իրենց անձերը պատրաստելու այն մեծ առաքելության, որին կոչված է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին:
Վերջում Գարեգին Բ Հայրապետը մաղթեց, որ Տերը միշտ պայծառ պահի Հայոց Եկեղեցին և արդյունավորի նրա առաքելությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հայցեց Երկնավորի օրհնությունը աշխարհասփյուռ հայոց ազգին և հայրենի երկրին, որպեսզի միշտ լինեն Աստծո սուրբ Աջի հովանու ներքո և ապրեն խաղաղության և բարօրության մեջ:
Ճեմարանի ուսումնական տարվա փակման հանդիսությունն ավարտվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով: