Տեղի ունեցավ «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային գիտաժողով
Հոկտեմբերի 8-11-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Արցախի գիտական կենտրոնի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության մայրաքաղաքում տեղի ունեցավ «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը:
Գիտաժողովին իրենց մասնակցությունն էին բերել Հյուսիսային Օսեթիայի և Դաղստանի պետական համալսարանի պրոֆեսորներ։ Գիտաժողովի աշխատանքներին առցանց ձևաչափով միացել էին նաև մասնագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից և Ռուսաստանի Դաշնությունից։
Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ գիտաժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեց և զեկույցով հանդես եկավ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի և Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
Ներկաներին իրենց ողջույնի խոսքը փոխանցեցին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ տիար Արթուր Թովմասյանը:
Գիտաժողովին, ի թիվս այլ թեմաների, քննարկվեցին նաև Ադրբեջանի բռնայուրացման քաղաքականությանը, Արցախի հոգևոր ու նյութական պատմամշակութային ժառանգության պահպանմանը, հայագիտությանը և Աղվանից եկեղեցու պատմությանն առնչվող հարցեր: