Տեղի կունենա «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» թեմայով գիտաժողով
2017 թ. լրանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եռամեծար հայրապետներից Ս. Հովհան Օձնեցու գահակալման 1300-ամյակը:
Այս նշանավոր հոբելյանի առթիվ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, հրատարակվում են գրքեր՝ նպատակ ունենալով վերարժևորել Ս. Հովհան Օձնեցու գործունեությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջարկությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանն ու Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը համատեղ նախաձեռնել են «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» թեմայով գիտաժողովը, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին:
Գիտաժողովին կարող են մասնակցել հայագիտությամբ և աստվածաբանությամբ հետաքրքրված անձինք:
Զեկույցների թեմաների առաջարկությունները հարկ է հակիրճ նկարագրականով (շուրջ 250 բառ) ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարան մինչև 2017 թվականի նոյեմբերի 10-ը (նկարագրականները և մասնակցության հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեով):
Գիտաժողովի զեկույցներն ի մի են բերվելու և հրատարակվելու են առանձին հատորով: