Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Տեառնընդառաջի տոնը: Տերունի տոնի կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Հրատարակչական և Միջեկեղեցական հարաբերությունների բաժինների տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին` մասնավորապես խոսելով մարդկային կյանքում հոգևոր փնտրտուքի մասին: Ներկայացնելով մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու ավետարանական պատմությունը` Հայր Շահեն նշեց, որ Ղուկասի Ավետարանի երկրորդ գլխի այդ դրվագի մեջ մի քանի էական և կարևոր կերպարներ կան` Սիմեոն Ծերունին, Աննա մարգարեուհին, նաև Հիսուսի ծնողները, որոնք բոլորն էլ փնտրում են ինչ-որ մեկին՝ իրենց սիրելի էակին:
«…Սիրելի եղբայրներ և քույրեր, մենք շատ հաճախ հասուն տարիքում արդեն փնտրում ենք Աստծուն: Մենք շատ հաճախ հույս ունենք, որ Աստծուն գտնելով մեր բոլոր հուզող հարցերի պատասխանները ունենալու ենք: Չէ՞ որ մեր շատ ու շատ հարցերին մարդկային ոչ մի էակ, մարդկային ոչ մի պատասխան վերջնական լուծում չի տալիս: Չէ՞ որ մեր հոգու և սրտի մեջ մենք ունենք շատ ու շատ վերքեր, հոգևոր վերքեր, որոնք դեռ արյունով ծորում են, որոնց դեռևս մարդկային ոչ մի վիրակապ դարման չի տալիս: Չէ՞ որ մեր հոգու և սրտի մեջ շատ հաճախ մենք նկատում ենք դատարկ սենյակների առատություն, որոնք միայն Աստված կարող է լցնել: Եվ ահա՛ մենք փնտրում ենք: Փնտրում ենք մեր տրամաբանությանը և մտքին հասու բոլոր տեղերում, բայց շատ հաճախ մենք Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, գտնում ենք այնտեղ, որտեղ երբեք չէինք էլ կարող սպասել», - ասաց Հայր Շահեն:
Անդրադառնալով դեռևս տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատված նորապսակների օրհնության ավանդույթին` Հայր Սուրբն իր խոսքն ուղղեց Պատարագի սրբազան արարողությանը ներկա նորապսակ սարկավագներին և նրանց կողակիցներին` պատգամելով. «Ձեզ համար նույնպես, սիրելի երիտասարդ զույգեր, փնտրտուքը դառնում է կարևորագույն մի պայման ձեր կյանքում: Չէ՞ որ դուք էլ միանում եք, ամուսնանում, ընտանիք եք կազմում հենց այդ փնտրտուքի շնորհիվ: Եվ որքան էլ ձեզ համար կարող է զարմանալի թվալ, այդ փնտրտուքի ճանապարհին է, որ դուք ամենաշատ ենք հասունանում, որովհետև գտնում եք ձեր սիրած էակին, մեկին, ում հետ կիսելու եք ձեր ամբողջ կյանքը:
Ձեր կյանքի մնացած այն մասերին, երբ անցնելու եք միասին, փնտրե՛ք Աստծու սերը, որովհետև միայն Աստծու սերն է, Աստծո ներկայությունն է ձեր կյանքում կարողանալու սրբագործել ձեր սերը»:
Վերջում Հայր Շահեն հավատավոր ժողովրդին հրավիրեց աղոթելու, որպեսզի իրենց կյանքի փնտրտուքները, հուզող հարցերի և խնդիրների պատասխանները կարողանան փնտրել և գտնել Աստծու մեջ, կարողանան ժպտացող մանուկ Հիսուսի մեջ գտնել այն ուժն ու զորությունը, որով կհաղթահարվեն բոլոր մարտահրավերները:
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ:
Արարողությունից հետո Մայր Աթոռի նորապսակ միաբան սարկավագներին և իրենց կանանց ընդունեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունը, տոնի առիթով իր շնորհավորանքներն ուղղելով նորապսակ երիտասարդներին, աղոթքով մաղթեց, որպեսզի Տիրոջ սերը և հովանին մշտապես զորավիգ լինեն վերջիններիս նորակազմ ընտանիքներին և նրանք ապրեն առողջ ու երջանիկ կյանքով:
Հայոց Հովվապետը վստահություն հայտնեց, որ սարկավագների ընտանիքները՝ խարսխված քրիստոնեական վեհ ու նվիրական արժեքների վրա, պետք է սիրո մեջ ավելի զորանան ու ծաղկեն ազգային նկարագրով:
Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ապագա քահանաներին ու նրանց կողակիցներին: